Մատչելիության հղումներ

logo-print

Սեպտեմբերի 25-ի մամուլ


«ՀԱԿ-ից զվարճախոսություններ են հնչում, թե, բացի Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունից, մյուսների թեկնածությունը ծիծաղի կամ հումորի ինչ ալիք կբարձրացնի», - գրել է «168 ժամ»-ի թղթակիցը` շարունակելով. - «Այս ֆոնին, ինչ խոսք, զրնգում է Ահարոն Ադիբեկյանի միտքը` Գագիկ Ծառուկյան` ընդդիմության միասնական թեկնածու: Հետաքրքիր է` ընդիմադիրն իրավունք ունի՞ լինել երկրի ամենահարուստ մարդկանցից մեկը, հանգստանալ աշխարհի ամենաթանկ հյուրանոցներում: Թե՞ լինել ընդդիմադիր` նշանակում է կաբինետում կքած` իշխանափոխության ծրագրեր մտմտալ: Մենք ինքներս կողմնորոշվելու կարիք ունենք. հեղափոխությո՞ւն ենք ուզում, թե՞ քաղաքական էլիտայի թավշյա փոփոխություն»:

«Հայոց Աշխարհ»ը նկատել է. - «Տեր-Պետրոսյանի կերպարանափոխությունն ակնհայտ է: Ինչպիսի «ներողամիտ» կեցվածք իշխանությունների հանդեպ, մի բան, որ չենք տեսել անցած տարիներին: Չորսուկես տարի ՀԱԿ առաջնորդը, հատկապես Ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում բացառապես հանդես էր գալիս մեղադրական տոնով, իշխանություններին մեղադրում հարցը չլուծելու համար, հայտարարում, թե «հնարավոր չէ պահպանել ստատուս քվոն», եւ պետք է ակտիվորեն լծվել խաղաղության համաձայնագրի պատրաստման եւ ստորագրման գործին: Իսկ հիմա, պարզվում է, իր մատնանշած երեք խնդիրները միայն մեր իշխանություններից կախված չեն»:

«Տարբեր ժամանակներում Սերժ Սարգսյանի կողմից արտաբերված խոսքերն ու արած գործողությունները պարբերաբար հակասում են իրար», - գրել է «Ժողովուրդ»-ը` մասնավորեցնելով. - «Հունիսի 18-ին` նոր ձեւավորված կառավարության առաջին նիստում, նա հայտարարեց. - «Անցած տարիների մեր ամենակարեւոր ձեռքբերումն էր Հայաստանի տնտեսության կերպարանափոխումը, որը տեղի ունեցավ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամին հաջորդած դժվարին ժամանակահատվածում: Մինչդեռ ընդամենը 10 օր առաջ նույն Սերժ Սարգսյանը կառավարությունում դիտողություն արեց վարչապետին` ասելով, որ նրա կառավարության աշխատանքը «շատ բացասական» է գնահատում, ու որ այդ մասին չորս տարի շարունակ ինքը զգուշացնում էր նրան: Թե ինչու է Սերժ Սարգսյանը մինչեւ այդ նման խոսքեր շռայլել կառավարության հասցեին, մնում է անհասկանալի»:

«Չնայած Վրաստանի հետ բազում տնտեսական, քաղաքական եւ մշակութային խնդիրներին, Հայաստանի համար այդ երկիրն այդուհանդերձ որոշակի, յուրօրինակ վահանի դեր է կատարում», - գրել է lragir.am-ի մեկնաբանը` շարունակելով. - «Վրաստանը Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ եղած պետություն է, որն ըստ էության որոշակիորեն խախտել է հայ-ռուսական կոմունիկացիոն գիծը: Մասնավորապես, օրինակ ի պատասխան Մաքսային միությանը միանալու ռուսական հորդորների, Հայաստանը պատճառաբանում է, որ չկա այդ միության հետ ընդհանուր սահման: Իսկ Մաքսային միությունը պարզապես միություն չէ, այլ Եվրասիական միության սաղմը, որը մարտահրավեր է Հայաստանի եվրոպական ինտեգրացիայի շահեկան կուրսին: Այն, որ Վրաստանը դուրս է ԱՊՀ ինտեգրացիոն այդ մամլիչից, օգնում է նաեւ Հայաստանին քիչ թե շատ խուսափել դրանից, թեկուզ համեմատաբար: Այդ իմաստով, Հայաստանի համար շատ կարեւոր է, որ Վրաստանում պահպանվի Սահակաշվիլիի կուրսը: Դա բխում է Հայաստանի պետական շահից»:

Լեռնային Ղարաբաղի անկախության պաշտոնական ճանաչումը «Ժամանակ»-ի հետ զրույցում «անխոհեմ, ոչ ճիշտ քայլ» է որակել Հայաստանի նախագահի հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Դավիթ Շահնազարյանը: «Լեռնային Ղարաբաղի դեպքում մենք պետք է առաջնորդվենք Կոսովոյի մոդելով: Եթե Հայաստանը առաջինը ճանաչի Լեռնային Ղարաբաղը, ապա դա կլինի ընդամենը մեկ քայլի քաղաքականություն, որով ոչ միայն կսահմանափակենք բոլոր այն հնարավորությունները, որոնց մասին խոսեցի, այլեւ նորանոր լուրջ բարդություններ կստեղծենք մեզ համար», - հայտարարել է Շահնազարյանը:

«Հայկական ժամանակ»-ը տեղեկացրել է, որ կիրակի օրը տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում «աննախադեպ փաստ է արձանագրվել». - «Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների, համայնքի ղեկավարի թեկնածուներից մեկը զրո ձայն է ստացել: Սա նշանակում է, որ անգամ տվյալ թեկնածուն իր օգտին չի քվեարկել կամ նրա լրացրած քվեաթերթիկն անվավեր է համարվել: Դեպքն արձանագրվել է Արագածոտնի մարզի Միրաք համայնքում: Իսկ այս արտառոց դեպքի «զոհը» Միրաքի գործող գյուղապետ, ՀՀԿ անդամ Հովհաննես Մարտիրոսյանն է եղել: Նրա միակ մրցակիցը` անկուսակցական Ալիկ Նամոյանը, 39 քվեով դարձել է Միրաքի գյուղապետ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG