Մատչելիության հղումներ

Վարչապետը ներկայացրեց 2011-ի բյուջեի կատարողականը


Հայաստան -- Վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկայացնում է բյուջեի կատարողականը Ազգային ժողովում, Երեւան, 24-ը սեպտեմբերի, 2012թ․

Հայաստան -- Վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկայացնում է բյուջեի կատարողականը Ազգային ժողովում, Երեւան, 24-ը սեպտեմբերի, 2012թ․

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը այսօր Ազգային ժողովին ներկայացրեց 2011 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվությունը։

«Անցած տարվա բյուջեն կատարվեց, դրա շնորհիվ հաղթահարվեցին հետճգնաժամային 2010-ի հիմնական մարտահրավերները, դիվերսիֆիկացվեց տնտեսությունը», - Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը, - «2011 թվականը բեկումնային էր, քանի որ էապես նվազեց գնաճի ցուցանիշը, եւ մենք ունեցանք տնտեսական աճ, որը 2 անգամ ավելի բարձր էր, քան 2010 թվականին»։

Հիշեցնենք, 2010 թվականին տնտեսական աճը կազմել էր 4.7 տոկոս։

Իբրեւ 2011-ի ձեռքբերում վարչապետը նաեւ կենսաթոշակային համակարգում հայտնաբերված չարաշահումները նշեց․ - «Որպես կարեւորագույն հակակոռուպցիոն ձեռքբերում կարելի է նշել, որ 2011թվականին իրականացված կենսաթոշակային համակարգի ստուգումների արդյունքում հնարավոր եղավ բացահայտել մի շարք չարաշահումներ, որի արդյունքում բարձրացվեց համակարգի նկատմամբ պատասխանատվությունը եւ հասցեականությունը, ինչպես նաև խնայվեց զգալի ֆինանսական միջոցներ»։

Հիշեցնենք, Վերահսկիչ պալատը Սոցիալական ապահովության պետական ծառայությունում իրականացված ստուգումների արդյունքում անցած տարի պարզեց, որ կենսաթոշակների ցուցակներում եղել են մահացած անձանց անուններ, կեղծվել են կենսաթոշակների տրամադրման փաստաթղթեր եւ ոլորտում չարաշահումների ու կեղծարարությունների հետեւանքով 2009-10 թվականների ընթացքում պետական բյուջեից յուրացվել է ավելի քան 113 միլիոն դրամի գումար։ Այս բացահայտման արդյունքում աշխատանքից ազատվեց Սոցապ․ ծառայության պետը՝ Վազգեն Խաչիկյանը, 10 այլ անձինք դատապարտվեցին։

Վարչապետի ելույթին հաջորդեցին ոլորտների պատասխանատուների հաշվետվությունները։

Ֆինանսների փոխնախարար, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանի հավաստմամբ, անցած տարի գերակատարել են հարկերի հավաքագրումը։ Այն կազմել է 100.3 տոկոս։ Գանձապետը նաեւ պնդեց, թե կրճատվել է ստվերը։

«Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ ո՞ր ընկերությունները կամ սեփականատերերն են ստվերից դուրս բերվել, Ջանջուղազյանը պատասխանեց․ - «Այդպիսի բան ես անհատական չեմ կարող ասել»։

Ելույթները լսելով՝ նախկին վարչապետ, Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ բացարձակ արժեքով բյուջեն թերակատարվել է։ Անդրադառնալով գնաճին՝ Բագրատյանը հայտարարեց, որ միջին ցուցանիշը 7.7 է կազմել այն դեպքում, երբ պլանավորված է եղել 4.7 տասնորդական։

«Բարձր գնաճը հեշտացնում է բյուջեի կատարումը», - հայտարարեց Բագրատյանը։

Սպասվում է, որ 2011-ի բյուջեի կատարողականի շուրջ թեժ քննարկումներ կծավալվեն Ազգային ժողովի հաջորդ քառօրյայում, որտեղ կատարողականը պետք է հաստատվի պատգամավորների քվեարկությամբ։

Խորհրդարանի՝ մեծությամբ երկրորդ խմբակցությունը՝ «Բարգավաճ Հայաստան»-ը, հայտարարել է, թե կողմ է կառավարության եւ նրա ղեկավարի փոփոխությանը, իսկ բյուջեի կատարողականի հաշվետվությունների ժամանակ հնարավորության կա դնել կառավարության վստահության հարցը։
XS
SM
MD
LG