Մատչելիության հղումներ

Ի պատասխան երկրպագուների բաց նամակին, որով նրանք խնդրել էին ՀՖՖ նախագահին վերանայել Հայաստան - Իտալիա ֆուտբոլային հանդիպման տոմսերի գները, ֆեդերացիան այսօր պաշտոնապես հայտարարել է, որ հոկտեմբերի 12-ին «Հրազդան» մարզադաշտում կայանալիք հանդիպման տոմսերի գները անփոփոխ կմնան:

Տոմսերի վաճառքը սկսվել է այսօրվանից: Չնայած որոշ երկրպագուներ նշում էին, որ տոմսերի գները բարձր են, այդուհանդերձ տոմս գնում էին՝ երկու, չորս, շատերն էլ` տասը, քսան կամ հիսուն հատ՝ նշելով, որ խաղին գալու են ընկերներով կամ կոլեկտիվով:

Խաղի տոմսերի համար սահմանվել է 3000-10000 դրամ գին:

«Հանրապետական» մարզադաշտի տոմսարկղի աշխատակիցը նշեց, որ առաջին 3-4 ժամերի համար տոմսերը բավականին արագ սպառվում են:

ՀՖՖ նախագահի խորհրդական Արայիկ Մանուկյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ բազմաթիվ հայտեր ունեն տարբեր հիմնարկներից:

Հիշեցնենք, որ սովորաբար հավաքականի խաղերի համար տոմսերի գինը տատանվում էր 3000-8000 դրամի սահմաններում: Մինչեւ 10.000 դրամ տոմսերի գինը բարձրացել էր Հայաստան - Թուրքիա խաղի ժամանակ, երբ մարզադաշտը ամբողջությամբ չէր լցվել:

Հարցին, թե արդյոք ֆեդերացիան մտավախություն չունի, որ 54.000 նստատեղ ունեցող «Հրազդան» մարզադաշտի տրիբունաներն այս անգամ էլ չեն լցվի, Արայիկ Մանուկյանը պատասխանեց. - «Կարծում եմ, որ տոմսերի գները չեն խոչընդոտի, որպեսզի մարզադաշտը լցվի»:

Նա հավելեց, որ տոմսերի գները մի քանի անգամ ավելի ցածր են նման հանդիպումների միջազգային տոմսերի սահմանված գներից:
XS
SM
MD
LG