Մատչելիության հղումներ

Էթիկայի հանձնաժողովը վարույթ է ընդունել Գասպարիի դիմումը


ԱԺ Էթիկայի ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Նիկոլ Փաշինյանը:
ԱԺ Էթիկայի ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Նիկոլ Փաշինյանը:
Ազգային ժողովի էթիկայի ժամանակավոր հանձնաժողովն այսօր կայացած նիստում որոշել է վարույթ ընդունել քաղաքացի Վարդգես Գասպարիի դիմումը:

Գասպարիի դիմումը վերաբերում է անցած հունիսին` «Հարսնաքար»-ի միջադեպից մի քանի օր հետո, Ազգային ժողովի մուտքի մոտ տեղի ունեցածին, երբ Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող ռեստորանային համալիրում կատարվածը դատապարտող միանձնա ակցիա անցկացնող Գասպարիի ձեռքից պատգամավոր Սամվել Ալեքսանյանը (ՀՀԿ) խլել էր պաստառը:

«Սա նշանակում է, որ մենք սկսում ենք դիմումի քննությունը` պարզելու համար, թե արդյո՞ք խախտվել են էթիկայի կանոններ», - ասաց հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Նիկոլ Փաշինյանը (ՀԱԿ):

Եթե հանձնաժողովը որոշի, որ Սամվել Ալեքսանյանը խախտել է էթիկայի կանոնները, ապա խորհրդարանի նիստում ընդամենը այդ մասին կարվի հայտարարություն, իսկ Ալեքսանյանը որեւէ պատասխանատվության չի ենթարկվի:

«Էթիկայի հանձնաժողովի որոշումը էթիկայի կանոնները խախտելու վերաբերյալ ավելի շատ հասարակական-բարոյական նշանակություն ունի: Համարվում է, որ սա պատգամավորի պատասխանատվության ձեւ է», - ասաց Փաշինյանը` շարունակելով. - «Կան դեպքեր, երբ պատգամավորը Էթիկայի հանձնաժողովի որոշման հիման վրա կարող է զրկվել պատգամավորական մանդատից. խոսքը վերաբերում է, մասնավորապես, Սահմանադրության 65-րդ հոդվածի պահանջները խախտելուն: Այսինքն` երբ Սահմանադրությունը պատգամավորին մանդատից զրկելու շատ կոնկրետ դեպքեր է նախատեսում, եւ Ազգային ժողովի կանոնակարգը, առավել եւս Էթիկայի հանձնաժողովը չի կարող Սահմանադրությունից դուրս ինչ-որ հարցեր քննարկել»:

Հարցին, թե իր համար դժվար չի լինի որոշում կայացնել` հաշվի առնելով, որ Սամվել Ալեքսանյանի հետ «նախընտրական ճանապարհ» է անցել, Փաշինյանն արձագանքեց. - «Որպես ընդդիմության ներկայացուցիչ` ես Սամվել Ալեքսանյանին ավելի լավ կամ ավելի վատ չեմ վերաբերվում, քան իշխանության բազմաթիվ ներկայացուցիչների: Էթիկայի հանձնաժողովում որոշումները, իմ կարծիքով, պետք է զերձ լինեն սուբյեկտիվության պահից»:

Վերջում Փաշինյանն ասաց, որ անհրաժեշտության դեպքում հանձնաժողովի նիստին կարող են հրավիրվել ե'ւ Սամվել Ալեքսանյանը, ե'ւ Վարդգես Գասպարին:

Գասպարիի դիմումի կապակցությամբ որոշումը ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը պետք է ընդունի 30 օրվա ընթացքում:
XS
SM
MD
LG