Մատչելիության հղումներ

logo-print

«Արամ Խաչատրյան» համերգասրահում այս երեկո կբացվի դասական երաժշտության Վերադարձի խորագրով 6-րդ փառատոնը։

Փառատոնի հիմնադիրներն ու կազմակերպիչները՝ Մարիամ Շահինյանն ու Գարիկ Նազարյանը, այսօր կեսօրին լրագրողներին ներկայացրին փառատոնի ծրագիրն ու մասնակիցներին։

Մինչ հոկտեմբերի 31-ը փառատոնի ընթացքում կայանալիք 8 համերգների ժամանակ երաժշտասերները կարող են ունկնդրել դասական լավագույն հեղինակների ստեղծագործություններ։

Վերադարձի այս փառատոնը ընդլայնվել է եւ Հայաստան է հրավիրում ինչպես հայազգի, այնպես էլ օտարազգի լավագույն երաժիշտ-կատարողների՝ համերգներով հանդես գալու։

«Փառատոնի գաղափարը ընդհանրապես ընդլայնվել է, եւ եթե 2007 թվականին մեզ հյուրընկալվում էին միայն հայ հայրենակիցները արտերկրից, մենք այս փառատոնի շրջանակներում Վերադարձի շնորհիվ՝ վերադառնալով իրենց [օտարերկրացի] գործընկերների հետ, մենք փորձում ենք նաեւ ներկայացնել մեր հայ մշակույթը, հայ պատմությունը եւ հայ երաժշտությունը», - նշեց Մարիամ Շահինյանը։

Վերադարձի փառատոնն այսօր կբացվի մի համերգով, որտեղ հանդես է գալու «Իսրայել Կամերատա Երուսաղեմ» նվագախումբը, Իսպանիայում վերջին 20 տարիներին բնակվող անվանի թավջութակահար Լեւոն Մուրադյանի մենակատարմամբ հնչելու է Հայդնի շատ բարդ եւ հազվադեպ կատարվող 9-րդ սիմֆոնիան, Հայդնի թավջութակի կոնցերտը, նաեւ Դվորժակի եւ իսրայելցի կոմպոզիտոր Շերիֆի ստեղծագործությունները՝ նվագախմբի գլխավոր դիրիժոր Ավներ Բիրոնի ղեկավարությամբ։

Անդրադառնալով այն հարցին, թե որքանո՞վ են այսօր երաժշտական բազմաթիվ փառատոնները, այդ թվում եւ Վերադարձի փառատոնը, նպաստում մեր հասարակության երաժշտասեր հատվածի ընդլայնմանը, Մարիամ Շահինյանը ասաց․ - «Շատ կարեւորում եմ դասական երաժշտության ներկայացումը եւ պրոպագանդան, որովհետեւ թերի է այն կարծիքը, որ ասում են՝ ժողովուրդը նայում է, լսում է այն, ինչ ուզում են։ Ոչ, ժողովուրդը նայում է, տեսնում է, լսում է այն, ինչ ներկայացվում է, եւ եթե չլինի այն շնորհակալ հանդիսատեսը, այն խանդավառ դեմքերը, ովքեր համերգից հետո ուղղակի չեն ուզում դահլիճից դուրս գալ, արդեն ասում է այն մասին, որ հետաքրքրությունը մեծ է»։
XS
SM
MD
LG