Մատչելիության հղումներ

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) մանկապարտեզներում անցկացրած ստուգումների արդյունքներով այսօր տուգանել է 27 տնտեսվարողի:

Հանձնաժողովը պետական գնումների ուսումնասիրություններն անցկացրել է հանրապետության 570-ից ավելի մանկապարտեզներում` պարզելով, որ տնտեսվարողներից 27-ը մանկապարտեզներին կարագի փոխարեն սփրեդ են մատակարարել:

Պատասխանատվության ենթարկված ընկերություններից «Լուսաշխարհ» ՍՊԸ-ն, օրինակ, մեկ տարուց ավելի Նոր Նորք վարչական շրջանի մանկապարտեզներին սփրեդը մատակարարել է որպես կարագ:

Հանձնաժողովի նիստում ընկերության ներկայացուցիչը ասաց, թե «հանցագործություն չի տեսնում», քանի որ նախկինում իրենք «չեն իմացել, թե ինչ է սփրեդ հասկացությունը»: Նա հավելեց, թե մանկապարտեզներ սփրեդը մատակարարել է որպես էժանագին կարագ` միաժամանակ մատակարելով նաեւ նորզելանդական բարձրորակ կարագ:

Մեկ այլ պատասխանատվության ենթարկված տնտեսվարող` անհատ ձեռներեց Երեմ Ասատրյանը նույնպես ասաց, թե չի իմացել «կարագի եւ սփրեդի տարբերությունը». - «Կարագ գրել ենք, որպեսզի մենք ինքներս կողմնորոշվենք, թե ինչ ենք տալիս մանկապարտեզին»:

Հանձնաժողովը որոշեց նշված 27 տնտեսվարողներին անբարեխիղճ մրցակցության համար տուգանել օրենսդրությամբ նախատեսված առավելագույն պատժաչափով` տարեկան հասույթի 1 տոկոսի չափով:

Հանձնաժողովն ունի փաստաթղթեր, որոնք վկայում են, որ մի քանի մանկապարտեզների տնօրեններ տեղյակ են եղել, որ իրենց կարագի փոխարեն սփրեդ են մատակարարել:

Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց. - «Եթե մարդիկ կան, որոնք այս օրերին են անհանգստանում այս խնդրով, Երեւանի քաղաքապետարանը դեռեւս 2011 թվականի գարնանից մտահոգ է այս հարցի կապակցությամբ: Կոնկրետ քաղաքապետի հանձնարարությամբ 2011 թվականի նոյեմբերին մենք սկսեցինք վերահսկողության վարչության հետ ուսումնասիրություն կատարել մայրաքաղաքի բոլոր մանկապարտեզներում»:

Նրա փոխանցմամբ, առաջին փուլում ստուգված 21 մանկապարտեզներից 13-ում հայտնաբերվել էին խախտումներ. - «Երկուսի տնօրեններն ազատվեցին աշխատանքից` նաեւ սփրեդն էր պատճառը: 11 մանկապարտեզներ ենթարկվեցին «նկատողություն» եւ «խիստ նկատողություն» կարգապահական տույժերի»:

Հանձնաժողովի նախագահը նաեւ հայտարարեց, որ բոլոր գործերն ուղարկվելու են Դատախազություն եւ Պետեկամուտների կոմիտե:
XS
SM
MD
LG