Մատչելիության հղումներ

logo-print

Իվանիշվիլի.«Սահակաշվիլիի վարչակազմին հաշվված օրեր են մնացել»


Բիձինա Իվանիշվիլին ելույթ է ունենում իր գլխավորած «Վրացական երազանք» դաշինքի ակցիաներից մեկի ժամանակ, արխիվային լուսանկար

Բիձինա Իվանիշվիլին ելույթ է ունենում իր գլխավորած «Վրացական երազանք» դաշինքի ակցիաներից մեկի ժամանակ, արխիվային լուսանկար

Վրացական ընտրարշավը մոտենում է ավարտին` փոխադարձ մեղադրանքների եւ ծայրահեղորեն սրված կրքերի ֆոնին:

Խորհրդարանական ընտրություններից մեկ շաբաթ առաջ նախագահ Միխեիլ Սահակաշվիլին այցելում է Աջարիա` հայտարարելով, թե իր քաղաքական ընդդիմախոսները գործում են Մոսկվայի թելադրանքով, «Վրացական երազանք» դաշինքի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին գովեստի խոսքեր է ուղղում բողոքի ակցիաներին մասնակցող թբիլիսցի ուսանողներին` հայտարարելով, թե «Սահակաշվիլիի վարչակազմի օրերը հաշվված են»:

«Բողոքի ակցիաների արդյունքում արդեն երկու նախարարներ հեռացվել են զբաղեցրած պաշտոններիից: Ներքին գործերի նախարար Բաչո Ախալայայի հեռացումը հարված էր ոչ միայն բուն Ախալայաների կլանին, այլեւ Սահակաշվիլիի ողջ վարչակազմին: Այժմ մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի Բաչո Ախալայան արդարադատության առջեւ հայտնվի», - նշել է Իվանիշվիլին` Զուգդիդիում կայացած հանրահավաքի ժամանակ անդրադառնալով Գլդանիի բանտի շուրջ ծագած վերջին սկանդալին:

Վրացական ընդդիմության պնդմամբ` վրացական բանտերում ձեւավորված պատժիչ համակարգի հեղինակը հենց Ախալայան է, որը համարվում է Սահակաշվիլիի մերձավոր զինակիցներից մեկը:

Որքան մոտենում է ընտրությունների օրը, այնքան ավելի հաճախ են ընդդիմադիրները խոսում «Վրացական երազանք»-ի դեմ կիրառվող ճնշումների մասին: Վերջին օրերին, մասնավորապես, ոստիկանությունը խուլիգանության եւ ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման մեղադրանքով ձերբակալեց ընդդիմության առնվազն 6 ակտիվիստների, որոնք բանտում կանցկացնեն 10-40 օր:

«Վրացական երազանք»-ի առաջնորդներից մեկը` նախկին օմբուդսմեն Սոզար Սուբարին հայտարարել է, որ այդ ձերբակալությունների իրական նպատակը ընդդիմության ակտվիստներին քվեարկության օրը տեղամասերից հեռու պահելն է:

Մի քանի ժամ առաջ էլ հայտնի դարձավ, որ ընդդիմության երեք ակտիվիստներ եւ մեկ ոստիկան ձերբակալվել են իրավապահներին 50 հազար դոլար կաշառք տալու փորձի համար: Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչ Լեւան Ցիկլաուրին հայտարարել է. - «Հանցագործության մեջ ներգրավված են նաեւ «Վրացական երազանք»-ի կողմից թեկնածու առաջադրված Ալեկո Տաբատաձեն եւ Բիձինա Իվանիշվիլիի զարմիկ Էմզար Իվանիշվիլին»:

Վրաց իրավապահները պնդում են, որ ընդդիմության ներկայացուցիչներն այդ քայլով փորձում էին ոստիկանության բաժանմունքներում կատարվող բռնությունների կադրեր պատվիրել` ըստ ամենայնի, դրանք հետագայում Գլդանիի բանտի հայտնի տեսագրության օրինակով նախընտրական արշավում օգտագործելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG