Մատչելիության հղումներ

Սեպտեմբերի 22-ի մամուլ


Նկատելով, որ Անկախության տոնի առիթով հրավիրված ընդունելության ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը գրեթե ամբողջությամբ նվիրված էր ղարաբաղյան խնդրին, «Ժամանակ»-ը գրում է. - «Թե ինչու է Սերժ Սարգսյանը անկախության տարեդարձին որոշել իր ուղերձի հիմնական ասելիքը նվիրել ղարաբաղյան թեմային` մնում է միայն կանխագուշակել: Ըստ երեւույթին, սա ակնարկ է այն մասին, որ անկախ Հայաստանի համար առաջիկա զարգացումներում առաջնային պլան կարող է մղվել ղարաբաղյան հարցը, եւ այդ հարցը կարող է դառնալ Հայաստանի անկախության հանգուցային խնդիրը: Միգուցե Սերժ Սարգսյանը հենց այս նկատառումով էր ելույթի առանցք ընտրել ղարաբաղյան թեման եւ դրան հատկացրել փոքր ելույթի մեծ մասը: Ղարաբաղի խնդիրն, իհարկե, եղել է Հայաստանի անկախության ուղեկիցը, անկախությունը հաստատվել է Ղարաբաղի պատերազմին զուգահեռ: Այդ իմաստով, ամենեւին նորություն չէ, որ Ղարաբաղի հարցը Հայաստանի անկախության համար ունի հիմնարար նշանակություն: Սակայն, երբ անկախության 21-րդ տարեդարձին Հայաստանի նախագահի ելույթում ընդգծվում է ղարաբաղյան թեման, դա որոշակիորեն հիմք է տալիս ենթադրելու, որ թեման առաջիկայում իսկապես կարող է վճռորոշ լինել անկախ Հայաստանի համար: Մյուս կողմից` պետք չէ բացառել, որ այս ամենը ընդամենը նախընտրական տրամաբանության ներքո է»:

«168 ժամ»-ը գրում է. - «ՀՀ երեք նախագահները, որոնք առերեւույթ հակադիր ճամբարներում են ու ընկալվում են որպես «ոխերիմ թշնամիներ», վերջին մի քանի տարիներին առնվազն մի քանի անգամ ապացուցել են, որ կարողանում են իրար հետ «լեզու գտնել», եթե դա պահանջում է իշխանության պահպանման կամ իշխանության գալու շահը: Եթե նրանք երբեմն մտածեին նաեւ պետական շահի մասին, ապա կարող էին գոնե Անկախության օրը նշել միասին` այդպիսով պետական ավանդույթներ չունեցող Հայաստանում որոշակի ավանդույթի հիմք դնելով: Նրանք կարող էին սեպտեմբերի 21-ին հասարակությանը միասին շնորհավորել Անկախության օրվա առթիվ` միաժամանակ հայտարարելով, որ չեն դադարում քաղաքական հակառակորդներ կամ մրցակիցներ լինել: Դա կարող էր թեկուզ փոքր, բայց կարեւոր ներդրում լինել քաղաքական մշակույթի կայացման գործում, որի մասին խոսում են երեք նախագահներն ու նրանց ներկայացնող քաղաքական ուժերը»:

Հակադարձելով անկախությունից դժգոհողներին՝ «Հրապարակ» թերթի խմբագիրը գրում է. - « Այն, ինչից դժգոհ է անկախությունը փնովողների բանակը, բոլորովին կապ չունի «անկախություն» հասկացության հետ. դրանք մեզանից շատերի անշնորհքության, անբարոյականության, հանցավոր բնույթի դրսեւորումներն են, որոնց պատճառով մենք վատ ենք ապրում, եւ երկիրն էլ չի զարգանում: Հիվանդ գլխի համար ոտքերին մեղադրելը ոչ միայն ազնիվ չէ, այլեւ խելացի էլ չէ: Այնպես որ, ինչպես Սերժ Սարգսյանն է ասում, պետք է գլխից բռնել»:

«Հայկական ժամանակ»-ի թղթակիցը լուսանկարել է Մարզահամերգային համալիրի առջեւ կայանած բազմաթիվ շքեղ մեքենաները, որոնցով, թերթի ներկայացմամբ, ընդունելությանը հրավիրված իշխանական էլիտայի ներկայացուցիչները եկել էին ունկնդրելու Սերժ Սարգսյանի ելույթը: Արձանագրելով, որ այդ մեքենաներից եւ ոչ մեկի դիմապակու վրա փակցրած չեն ԱՊՊՀ եւ տեխզննման կտրոնները, թերթը գրում է, թե «էլիտայի ներկայացուցիչների կարծիքով այդ կտրոնները հարիֆների համար են». - «Իսկ իրենք հարիֆ չեն, որովհետեւ իրենք Սերժի քիփերն են: Որովհետեւ իրենց ամեն տարի հրավիրում են համալիր` Սերժի ելույթը լսելու: Դրա համար էլ իրենք չպետք է ինչ-որ կտրոններ կպցնեն իրենց մեքենաներին, իրենք չպետք է հարկեր վճարեն, եթե իրենք մարդ էլ սպանեն, չպետք է դատվեն, որովհետեւ իրենք Սերժի քիփերն են: Իրենք կարող են ուրիշի սեփականությունը խլել, կարող են իրենց բանդերլոգ թիկնապահներին ուղարկել միտինգներ ցրելու, որովհետեւ իրենք Սերժի քիփերն են: Այսքանից հետո հասկանալի չէ՞, թե ինչու է արդեն 21 տարի անկախ ապրող երկիրը մեր աչքի առաջ դատարկվում ու կործանվում»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG