Մատչելիության հղումներ

«Պատրաստվել խաղաղության՝ ամենեւին չի նշանակում պատրաստ չլինել ինքնապաշտպանության»


Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր տեղի ունեցավ տոնական ընդունելություն` Հայաստանի անկախության հռչակման 21-րդ տարեդարձի առթիվ:

Ընդունելությունը ելույթ ունեցավ երկրի նախագահ Սերժ Սարգսյանը: Նրա ելույթը նվիրված էր հիմնականում Ղարաբաղի խնդրին:

«Անցած 21 տարիները ցույց տվեցին ոչ միայն հայոց պետականության կենսունակությունը, այլեւ բարդագույն իրավիճակներում խնդիրներ լուծելու նրա կարողությունը», - ասաց նախագահը` շարունակելով. - «Եթե Մինսկի խմբի համանախագահների ջանքերը մինչեւ հիմա չեն պսակվել մեծ հաջողություններով, դրա պատասխանատուն համանախագահները չեն եւ, առավել եւս, ոչ էլ միջազգային այդ ձեւաչափը, ինչպես հաճախ փորձում են ներկայացնել մեր հարեւանները: Մեղավորը նրանք են, ովքեր պարբերաբար ռմբահարում են խաղաղ բանակցությունների ընթացքն ու տրամաբանությունը: Վերջին սադրանքն այն նույն նողկալի իրադարձություններն էին, որոնք հանգեցրեցին մարդասպանի արդարացմանն ու հերոսացմանը: Ե՛վ մենք, ե՛ւ միջազգային հանրությունը ավելի քան հստակ արտահայտել ենք մեր դիրքորոշումն այս կապակցությամբ: Ընդունում եմ, որ շատ դժվար է այս պայմաններում մեր հասարակությանը տրամադրել հաշտեցման եւ նույնիսկ պատրաստել խաղաղության, բայց նաեւ գիտեմ, որ դա ճիշտ ճանապարհն է»:

«Պատրաստվել խաղաղության՝ ամենեւին չի նշանակում պատրաստ չլինել պատերազմի եւ ինքնապաշտպանության: Ասվածը նշանակում է չպղտորել մարդկանց միտքն ու հոգին հակամարդկային գաղափարներով ու այլամերժությամբ, չզոմբիացնել երիտասարդներին», - ասաց Հայաստանի նախագահը: - «Գաղտագողի սպանությունը վախկոտների գործելակերպն է, իսկ մեր` ծնողներիս առաքելությունն է մեծացնել ազատ, գրագետ ու խիզախ զավակներ: Որքան էլ խրթին լինի պահը, մենք իրավունք չունենք դավաճանելու ինքներս մեզ»:

Խոսելով Հայաստանի անկախության անցած տարիների մասին` երկրի ղեկավարն ասաց, թե դրանք «հավատարմության տարիներ էին». - «Հավատարմություն մեր ժողովրդի ընտրությանը, ազատությանն ու ժողովրդավարությանը, հավատարմություն մեր դաշնակիցներին եւ գործընկերներին»:

«Կորուստներով եւ սխալներով հանդերձ՝ մենք անցած տարիներին արձանագրել ենք եւ այսօր էլ ունենք լուրջ ձեռքբերումներ: Մեր երկրի համեստ ռեսուրսների եւ շրջափակման պայմաններում մենք կարողացանք տնտեսություն զարգացնել: Մենք կարողացանք զսպել Ադրբեջանի օրեցօր մեծացող ախորժակը: Կարողացանք ձեւավորել մեր երկրի ժողովրդավարական հաստատությունները, որոնք, իհարկե՛, դեռ ամրացման կարիք ունեն: Ե՛վ տնտեսության զարգացումը, ե՛ւ անվտանգության ապահովումը, ե՛ւ ժողովրդավարության խորացումը միանվագ գործողություններ չեն: Դրանք մեր բոլորի ամենօրյա աշխատանքն են, որ պահանջում են սրտացավություն եւ հետեւողականություն», - նշեց նախագահը: - «21-ամյա Հայաստանի Հանրապետությունն էլ անկրկնելի է: Մենք ընթանում ենք չտրորված ճանապարհով. գուցե ոչ այնքան արագ, որքան ցանկանում ենք, բայց գնում ենք հաստատ քայլերով եւ որ ամենակարեւորն է՝ ճիշտ ճանապարհով»:

Հավելենք, որ ընդունելությանը, որին ներկա էին Լեռնային Ղարաբաղի նախագահը, Հայաստանի կառավարությունը` վարչապետի գլխավորությամբ, չմասնակցեցին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, ով Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովի շրջանակներում Ստրասբուրգում է, եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

Ընդունելությանը ներկա չէին նաեւ Հայաստանի առաջին եւ երկրորդ նախագահները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG