Մատչելիության հղումներ

Ահազանգեր նռնակի եւ պայթուցիկ սարքի մասին. նռնակը վնասազերծվել է


Այսօր ժամը 14։35 ահազանգ է ստացվել, որ Երեւանի Արշակունյաց պողոտայի թիվ 34 հասցեում` «Դելտա Պրո» կազմակերպության մոտակայքում, հայտնաբերվել է «Ֆ-1» տիպի նռնակ։ Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Նախարարության պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրության համաձայն` դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման կենտրոնի արագ արձագանքման խումբը։

Դեպքի մասին տեղյակ են պահվել Ազգային անվտանգության ծառայությունը, Ոստիկանությունը եւ Պաշտպանության նախարարությունը։

Զինված ուժերի սակրավորները նռնակը վնասազերծել եւ տեղափոխել են։

Իսկ ժամը 14։06 Արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ Մուրացան փողոցի թիվ 115 հասցեում` Պաշտպանության նախարարության Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում, առկա է պայթուցիկ սարք։

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարար ջոկատի հերթապահ խումբը։

Ավելի ուշ Արտակարգ իրավիճակների նախարարությունը հաղորդեց, որ դեպքի վայր ժամանած Ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության կինոլոգիական ծառայությունների աշխատակիցները եւ Պաշտպանության նախարարության սակրավորները իրականացրել են տարածքի զննում, պայթուցիկ սարք չի հայտնաբերվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG