Մատչելիության հղումներ

Մոսկվայի իշխանությունները հրաժարվեցին մեծ մզկիթ կառուցելու ծրագրից


Ռուսաստան - Մզկիթի կառուցման ծրագրի դեմ բողոքի հանրահավաքը Մոսկվայի Միտինո շրջանում, 19-ը սեպտեմբերի, 2012թ.

Ռուսաստան - Մզկիթի կառուցման ծրագրի դեմ բողոքի հանրահավաքը Մոսկվայի Միտինո շրջանում, 19-ը սեպտեմբերի, 2012թ.

Ռուսաստանի մայրաքաղաքի իշխանությունները մոսկվացիների բողոքի հանրահավաքից հետո հրաժարվել են Միտինո շրջանում հսկայական մզկիթ կառուցելու ծրագրից։ Բողոքի ակցիայի հաջորդ օրը իշխանությունները հայտարարել են, որ մզկիթ չեն կառուցելու։

Մահմեդական տաճարի շենքի բարձրությունը պետք է համապատասխաներ 13-հարկանի շենքի բարձրությանը եւ ըստ նախագծի կազմելու էր 35 մետր։

Ընդ որում, Միտինո շրջանի բնակիչների կարծիքները այս հարցում տարբեր են։ Այստեղ, ինչպես եւ ամենուր Մոսկվայում, տարբեր ազգության բնակիչներ են ապրում, այդ թվում նաեւ մահմեդականներ, որոնք կողմ էին ծրագրին։ Սակայն բողոքողների թիվը ավելի մեծ էր, եւ իշխանությունները բախումներից խուսափելու համար որոշեցին հրաժարվել ծրագրից։

Մոսկվացիները ասում էին, որ մզկիթներ քաղաքում կան, իսկ նման մեծ կառույցի շինարարական աշխատանքները մի քանի տարով անանցանելի կդարձնեն շրջանի ճանապարհները։ Սա, այդուհանդերձ, պատճառներից միայն մեկն է, այն էլ` ոչ ամենակարեւորը, թեեւ Ռուսաստանի դաշնային հեռուստաընկերությունները փորձում էին խնդիրը հենց այս տեսանկյունից ներկայացնել։

Միտինո շրջանի բնակիչների հավաքին չորեքշաբթի օրը մասնակցել էր մի քանի հարյուրից մինչեւ մի քանի հազար մարդ` տարբեր աղբյուրներ տարբեր թվեր են նշում, տեսագրություններից նույնպես հստակ չի երեւում հավաքվածների քանակը, սակայն պարզ երեւում է, որ բողոքի այս հանրահավաքը մարդաշատ էր։ Ընդ որում, հավաքը կազմակերպել էին հենց շրջանի բնակիչները` սոցիալական ցանցերի միջոցով։

Մոսկվայում, տարբեր աղբյուրների տվյալների համաձայն, մի քանի միլիոն մահմեդական է ապրում, քաղաքում գործում է չորս մզկիթ։

Երկու տարի առաջ Տեքստիլշչիկի շրջանի բնակիչները նույնպես բողոքել էին շրջանում մզկիթ կառուցելու դեմ, եւ քաղաքի իշխանությունները ստիպված էին հրաժարվել այդ ծրագրից։

Փորձագետների կարծիքով, այսօր Ռուսաստանում, այդ թվում նաեւ` Մոսկվայում, շատ տարածված են ազգայնական գաղափարները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG