Մատչելիության հղումներ

Սեպտեմբերի 21-ի մամուլ


Հայաստանի անկախության 20-ամյակի առիթով «Ժամանակ»-ը գրում է. - « Հայաստանն ունի պետականության բոլոր ինստիտուտները, որոնք, սակայն, ըստ էության չեն գործում այնպես, ինչպես կգործեն հասուն եւ ինքնիշխան պետության ինստիտուտները։ Ավելին` դրանք կրում են առավելապես ձեւական բնույթ, իսկ երկրի իրական անկախությունը վաղուց հանձնված, նվիրված կամ վաճառված է Ռուսաստանի Դաշնությանը։ Այստեղ, իհարկե, էականն այն չէ, թե ում է վաճառված, հանձնված կամ նվիրված, որովհետեւ էականը հանձնումը, նվիրումն ու վաճառքն է ինքնին։ Արդյոք պատկերացնո՞ւմ էինք մենք այս ամենը 21 տարի առաջ, երբ ճնշող մեծամասնությամբ «այո» էինք ասում մեր երկրի անկախությանը։ Իհարկե` ո՛չ։ Այն ժամանակ լրիվ այլ պատկերացումներ, բոլորովին այլ տեսլականներ ու արժեքներ էին գերակշռողը: Հենց դրա շնորհիվ հնարավոր եղավ հաղթել ծանրագույն եւ անհավասար պատերազմը, ապահովել երկու հայկական պետությունների անկախությունը: Սակայն այդ հիանալի հաղթանակի վրա կառուցված անկախ պետականությունը դարձավ ավելի շատ պարտության, քան հաղթանակի խորհրդանիշ, սկսեցին իշխել ոչ այն արժեքները, որոնք հաղթանակ են բերում: Գերական դարձան հաղթանակը տանող, մսխող արժեքները, որոնք ի վերջո պետությունը կանգնեցրին մի փաստի առջեւ, երբ անգամ իշխանությունը չի կարող չնկատել ու չխոստովանել, որ Հայաստանում կան ֆունդամենտալ խնդիրներ, որոնք պահանջում են հրատապ լուծում, քանի որ հակառակ դեպքում կարող են լինել ճակատագրական»:

«Առավոտ»-ի խմբագրականն արձանագրում է. - «Մեր զգացմունքները ծնողների կամ երեխաների նկատմամբ մենք չենք պայմանավորում «ռեժիմով», իշխանությամբ, նախագահներով, քաղաքական լիդերներով, փոքր ու մեծ չինովնիկներով: Բայց հենց գործը հասնում է հայրենիքին եւ պետությանը, մենք սկսում ենք ընդվզել բացարձակ արժեքների դեմ՝ բա սա հայրենի՞ք է, բա սա պետությո՞ւն է, որտեղ այս պաշտոնյան սա է անում, այն օլիգարխն իրեն այսպես է պահում, իսկ հարեւանն էլ «Մերսեդես-600» է առել, որի հնարավորությունը ես չունեմ: Բայց մեր այդ բոլոր «անդնդախոր» դարդերը բացարձակապես չեն նսեմացնում այն փաստը, որ մենք՝ հայերս, պետություն ունենք՝ մի բան, որի մասին դարեր շարունակ երազում են մեզնից շատ ավելի բազմաքանակ ազգեր»:

«Օրակարգ» թերթը գրում է. - «Անկախության 21 տարիներին Հայաստանն ունեցել է բազմաթիվ նվաճումներ ու ցավալի կորուստներ։ Ամենամեծ նվաճումը ինքնին անկախ պետականության հռչակումն էր։ Մեծագույն մյուս նվաճումը արցախյան հաղթանակն էր։ Երկու տասնամյակների ամենամեծ կորուստը Հայաստանից ավելի քան մեկ միլիոն հայերի հեռանալու իրողությունն է։ Տարբեր ծավալներով Հայաստանից արտագաղթը չի դադարել` սկսած Խորհրդային Միության գոյության վերջին տարիներից։ Երբ հայերը հեռանում են հայրենիքից, դա նշանակում է` ինչ-որ բան սխալ է, ինչ-որ բան այնպես չի արվում։ Այսօր էլ Հայաստանի պետականության ամենալուրջ մարտահրավերը հենց արտագաղթն է»։

Վերջին օրերին ղարաբաղյան պատերազմի վերսկսման բարձր հավանականության մասին մամուլում հնչող ահազանգերի կապակցությամբ «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը գրում է. - «Պատերազմում հաղթելու համար, ինչպես Նապոլեոնն է ասել, անհրաժեշտ է երեք բան` փող, փող եւ դարձյալ փող: Իսկ մեր իշխանություններն այդ հարցում մի քիչ աչքածակ են: Վերցնենք թեկուզ գոմեշի մսի պատմությունը: Հասկանալի է, չէ՞, որ այդ գործին հարյուրավոր մարդիկ են մասնակցել, հարյուրավոր զորամասերի ղեկավարներ տեղյակ են եղել, որ իրենց գոմեշի ժամկետանց միս է մատակարարվում, միլիոնավոր դոլարներ են յուրացվել… Հաշվեք, թե Քաջարանի կոմբինատի եկամուտներով տարեկան քանի մարտական ուղղաթիռ կարելի էր ձեռք բերել, Քոչարյանի աֆրիկյան որսորդության արդյունքում քանի միավոր զրահատեխնիկա է պակասել մեր Զինված ուժերից: Չինացիների վաճառված երկաթահանքերի փողն ինչո՞ւ է հայտնվել կոնկրետ մարդկանց գրպանում, եւ քանի՞ «Գրադ» կարելի էր ձեռք բերել, եթե այդ գումարները մտնեին բյուջե»: Թերթն ամփոփում է. - «Պատերազմը, կարծես թե, իսկապես անխուսափելի է, իսկ դա նշանակում է, որ սթափվելու ժամանակն : Բայց պիտի սթափվեն ոչ թե նախարարները` Սերժ Սարգսյանի հրահանգով, այլ հասարակությունը` պատերազմի վերսկսման հեռանկարն աչքի առաջ ունենալով»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG