Մատչելիության հղումներ

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ` Հակոբ Բեգլարյանը հինգշաբթի օրը ազատվել է «Գնումների աջակցման կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպության պետի պաշտոնից։

Վարչապետը ղեկավարվել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի մի շարք հոդվածներով, այդ թվում` 113-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, այն է աշխատանքային պայմանագրի լուծումը գործատուի նախաձեռնությամբ աշխատողի նկատմամբ վստահությունը կորցնելը:

ՊՈԱԿ-ի ղեկավար կազմի պաշտոնանկության առաջարկ էր արվել կառավարության հինգշաբթի օրվա նիստում: Գործադիրի նիստում ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը վարչապետ Տիգրան Սարգսյանի առաջարկով պարզաբանումներ ներկայացրեց գնումների բնագավառում բացահայտված թերությունների վերաբերյալ։

Ըստ նախարար Գաբրիելյանի, բազմաթիվ բացթողումները պայմանավորված են ոչ թե նորմատիվային դաշտով կամ կանոնակարգերով, որտեղ եւս մեծ խնդիրներ կան, այլեւ խնդիրը վարչարարության հետ է կապված։

«Ներդրվել է այնպիսի համակարգ, որն ունի իր բացասական հետեւանքները», - պարզաբանեց նախարարը, - «Մենք կարող ենք գրել ցանկացած կանոնակարգ, որոնք այնուհետեւ կարող են չկատարվել»։

Որպես խնդրի լուծում` Վաչե Գաբրիելյանն առաջարկեց փոխել Գնումների աջակցման կենտրոնի ղեկավարությանը, որոնք կապ ունեն այդ գործունեության եւ թերացումների հետ։ Ի պատասխան՝ վարչապետ Տիգրան Սարգսյանը հրահանգեց պատրաստել հրամանները թվարկված պաշտոնատար անձանց աշխատանքից ազատելու վերաբերյալ։

«Այսուհետեւ նախարարները կրելու են անձնական պատասխանատվություն, որովհետեւ ամբողջ կանոնակարգն ապակենտրոնացրել է հայտերի ներկայացումը, որոշումների ընդունումը։ Դա ձեր անձնական պատասխանատվությունն է լինելու», - կառավարությանը զգուշացրեց վարչապետը։

Կառավարությունում սեպտեմբերի 15-ին անցկացված խորհրդակցության ընթացքում պետական գնումների իրականացման համակարգին էր անդրադարձել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ խիստ դժգոհություն հայտնելով բոլոր պատասխանատուների աշխատանքից: Նա նշել էր, որ բազմաթիվ ոլորտներում խնդիրներ կան կապված ե՛ւ գնումների, ե՛ւ պետական բյուջեն արդյունավետ տնօրինելու հետ եւ խստորեն հանձնարարել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը եւ Գլխավոր դատախազությանը՝ լրջորեն զբաղվել այս խնդիրներով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG