Մատչելիության հղումներ

logo-print

Գործող նախագահին «մարտահրավեր նետող թեկնածու լինելու է»


«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյան

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյան

«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը համոզված է, որ առաջիկա ընտրություններում Սերժ Սարգսյանին մարտահրավեր նետող թեկնածու լինելու է:

Արամ Սարգսյանը դեռեւս չի որոշել` առաջադրելո՞ւ է իր թեկնածությունը գալիք նախագահական ընտրություններում, թե՞ ոչ: Անցած մայիսին, հիշեցնենք, նա հեռացել էր Հայ ազգային կոնգրեսից: Այժմ Սարգսյանն ուսումնասիրում է ներքաղաքական եւ արտաքին քաղաքական գործոնները, որոնք կարող են կապ ունենալ իր առաջադրման հետ, ինչպես նաեւ` հասարակության տրամադրությունները:

«Զուտ սպորտային հետաքրքրությունից, օլիմպիական սկզբունքից ելնելով դնողներից չեմ: Ես եթե մտնեմ` պիտի հաղթեմ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց Սարգսյանը:

Արամ Սարգսյանը մի քանի օրից մեկնելու է Վաշինգտոն, որտեղ, իր խոսքով` հանդիպումներ պիտի ունենա Սպիտակ տան, Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

«Իհարկե, առջեւում մեր երկրում նախագական ընտրություններ են: Այդ գործընթացներում, եթե նախկինում արտաքին քաղաքական ազդեցության գործոնը Հայաստանի ներքաղաքական կյանքում չնչին էր, ապա այս նախագահական ընտրություններում այդ ազդեցությունը չափազանց մեծ է», - ասաց նա:

Հարցին, թե ինչո՞ւ հատկապես ընտրություններին ընդառաջ է այցելում Միացյալ Նահանգներ, Արամ Սարգսյանը պատասխանեց. - «Որովհետեւ Միացյալ Նահանգները, իմ խորին համոզմամբ, միակ երկիրն է, որտեղ ընդդիմությանը ընդունում են բարձր մակարդակներում, որտեղ ընդդիմություն ասվածը ժողովրդի ու հասարակության թշնամին չէ, որտեղ ընդդիմությունը կարող է նույնչափ խելոք ու պիտանի տեսակետներ ասել այնպես, որպես իշխանությունը: Եվ այդ վերաբերմունքը ինձ հաճելի է»:

Շարունակելով` Սարգսյանն ասաց. - «Միացյալ Նահանգները գերտերություն է: Միացյալ Նահանգները իր ազդեցությունը այս տարածաշրջանում եւ Մերձավոր Արեւելքում գնալով մեծացնում է: Չկա որեւէ տարածք, որտեղ Միացյալ Նահանգները մտնի ու հաղթանակ չունենա: Միացյալ Նահանգները միշտ որոշակի զարգացումների ու լարվածության դեպքում կանգնում է ժողովրդի կողքին: Ի տարբերություն Ռուսաստանի, որը միշտ ուշացած որոշումներ է կայացնում ու միշտ մինչեւ վերջին քայլը կանգնում է դիկտատորի կամ բռնակալի կողքին»:

Արամ Սարգսյանը կարծում է, որ այսօր հարկավոր է Ռուսաստանի հետ վարել «բալանսավորված քաղաքականություն»` վերջ դնելով «վասալային հարաբերություններին»: Նա Ռուսաստանին է մեղադրում 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների համար. - «Այդ հարաբերությունների արդյունքում էր, այդ երկիր այցելությունից հետո էր, որ Ռոբերտ Քոչարյանը որոշում կայացրեց մտնել Ազատության հրապարակ, ու դա չտեսնելը, չընդունելը ուղղակի ջայլամի քաղաքականություն վարել է»:

Այս տարի ավելի վաղ` ՀԱԿ-ից հեռանալուց անմիջապես հետո, հիշեցնենք, «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում Արամ Սարգսյանը ասել էր, թե Կոնգրեսում մնացել են միայն ռուսամետ ուժեր:

Հարցին, թե կսատարի արդյոք իր ղեկավարած քաղաքական ուժը ՀԱԿ-ի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանին` եթե վերջինս առաջադրվի գալիք նախագահական ընտրություններում, Արամ Սարգսյանը արձագանքեց, թե Տեր-Պետրոսյանը նախ պետք է հայտարարի` առաջադրվելո՞ւ է, թե՞ ոչ:

«Հանրապետություն» կուսակցության ղեկավարն արհեստածին է համարում առաջիկա նախագահական ընտրություններում ընդդիմության միասնական թեկնածուի գաղափարը: Սարգսյանը նաեւ հավանական չի համարում նախընտրական ընդդիմադիր դաշինքները ստեղծումը:

Նրա համոզմամբ` փորձ է արվում գալիք ընտրությունները վերածել «իշխանությունն ընդդեմ իշխանության» հակամարտության: Խոսքը ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի մասին է, որոնք իրենց գործելաոճով, ըստ Արամ Սարգսյանի, իրարից չեն տարբերվում:

«Ո՞վ կարող է հասարակական լայն զանգվածներին սեփական շահերի պաշտպանության համար, սեփական ընտրական ընտրական իրավունքը պաշտպանելու եւ այդ իրավունքից օգտվելու համար փողոց դուրս բերել: Ո՞ւմ շուրջը կհամախմբվի ժողովուրդը… Ժողովուրդը ճիշտ է, մենք էլ կլինենք ժողովրդի հետ: Եթե այդ համախմբողն ու կազմակերպողը կլինենք մենք («Հանրապետություն» կուսակցությունը), այդ խնդիրը պատվով կկատարենք», - զրույցի վերջում հայտարարեց Արամ Սարգսյանը:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG