Մատչելիության հղումներ

Գնումների աջակցման կենտրոնի ղեկավարությունը կհեռացվի աշխատանքից


Հայաստան -- Վարչապետ Տիգրան Սարգսյանը (ձախից) նախագահում է Կառավարության նիստը, Երեւան, 20-ը սեպտեմբերի, 2012
Հայաստան -- Վարչապետ Տիգրան Սարգսյանը (ձախից) նախագահում է Կառավարության նիստը, Երեւան, 20-ը սեպտեմբերի, 2012

Կառավարության այսօրվա նիստում քննարկվել են գնումների բնագավառում բացահայտված թերությունները, որոնք օրերս մատնանշեց նախագահ Սերժ Սարգսյանը։

Կառավարության այսօրվա նիստում ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը վարչապետ Տիգրան Սարգսյանի առաջարկով պարզաբանումներ ներկայացրեց գնումների բնագավառում բացահայտված թերությունների վերաբերյալ։

Ըստ նախարար Գաբրիելյանի, բազմաթիվ բացթողումները պայմանավորված են ոչ թե նորմատիվային դաշտով կամ կանոնակարգերով, որտեղ եւս մեծ խնդիրներ կան, այլեւ խնդիրը վարչարարության հետ է կապված։

«Ներդրվել է այնպիսի համակարգ, որն ունի իր բացասական հետեւանքները», - պարզաբանեց նախարարը, - «Մենք կարող ենք գրել ցանկացած կանոնակարգ, որոնք այնուհետեւ կարող են չկատարվել»։

Որպես խնդրի լուծում Վաչե Գաբրիելյանն առաջարկեց փոխել Գնումների աջակցման կենտրոնի ղեկավարությանը, որոնք կապ ունեն այդ գործունեության եւ թերացումների հետ։

Հայաստան -- Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը (կենտրոնում) ներկայացնում է իրավիճակը պետական գնումների ոլորտում, Երեւան, 20-ը սեպտեմբերի, 2012թ․
Հայաստան -- Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը (կենտրոնում) ներկայացնում է իրավիճակը պետական գնումների ոլորտում, Երեւան, 20-ը սեպտեմբերի, 2012թ․
«Ղեկավարների՝ ղեկավարի, տեղակալների, ստորաբաժանումների ղեկավարների [մասին է խոսքը], որոնք դրա հետ կապ ունեն», - մասնավորեցրեց ֆինանսների նախարարը։

Ի պատասխան՝ վարչապետ Տիգրան Սարգսյանը հրահանգեց պատրաստել հրամանները թվարկված պաշտոնատար անձանց աշխատանքից ազատելու վերաբերյալ։

«Այսուհետեւ նախարարները կրելու են անձնական պատասխանատվություն, որովհետևեւամբողջ կանոնակարգն ապակենտրոնացրել է հայտերի ներկայացումը, որոշումների ընդունումը։ Դա ձեր անձնական պատասխանատվությունն է լինելու», - նաեւ ասաց վարչապետը։

Կառավարությունում սեպտեմբերի 15-ին անցկացված խորհրդակցության ընթացքում պետական գնումների իրականացման համակարգին էր անդրադարձել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ խիստ դժգոհություն հայտնելով բոլոր պատասխանատուների աշխատանքից: Նա նշել էր, որ բազմաթիվ ոլորտներում խնդիրներ կան կապված ե՛ւ գնումների, ե՛ւ պետական բյուջեն արդյունավետ տնօրինելու հետ եւ խստորեն հանձնարարել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը եւ Գլխավոր դատախազությանը՝ լրջորեն զբաղվել այս խնդիրներով:

Նախագահ Սերժ Սարգսյանը մասնավորապես անդրադարձել էր Հանրային գրադարանի հիմնանորոգման խնդրին։ Այդ կապակցությամբ այսօր գործադիրի նիստում պարզաբանումներ ներկայացրեց քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը: Նախարարության ուսումնասիրությունների համաձայն, շուրջ 690 միլիոն դրամ արժեցած շինարարական աշխատանքները կատարվել են սխալ հերթականությամբ, նախընտրությունը տրվել է ներքին հարդարման աշխատանքներին:

«2008-11 թվականներին կատարված աշխատանքների զգալի մասը պետք է կրկին իրականացվեն, ինչպես նաեւ պետք է պարտադիր իրականացվեն շենքի ուժեղացման աշխատանքներ», - նշեց Թադեւոսյանը։

Նախարարի զեկույցում հնչեցված փաստերը գնահատելով որպես «խայտառակություն»՝ Տիգրան Սարգսյանը հանձնարարեց վարչապետի վերահսկողության ծառայության ղեկավարին Քաղաքաշինության տեսչության հետ համատեղ ուսումնասիրության կատարել եւ բոլոր նյութերը հանձնել իրավապահ մարմիններին ոչ միայն այս դեպքով, այլ ընդհանրապես շինարարության ոլորտում պետական բյուջեից իրականացված բոլոր ծրագրերի վերաբերյալ:

Կառավարության նիստից հետո «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանն ասաց, թե կատարվածը համարում է «ներկայացման երկրորդ գործողությունը»:

«Առաջինը Սերժ Սարգսյանի ելույթն էր, երկրորդը Տիգրան Սարգսյանինը կլինի, երրորդը երեւի նախարարության մակարդակով․․․ շատ բնորոշ է ցանկացած ավտորիտար համակարգի», - ասում է տնտեսագետը։

Կառավարությունում նախագահ Սարգսյանի հրավիրած խորհրդակցությունից հետո վարչապետ Սարգսյանը պետք է հանդես գար Կառավարության հրաժարականով, կարծում է Վահագն Խաչատրյանը, այլապես կարելի է մտածել, որ իշխանությունները միտված չեն իրապես լուրջ քայլերի, ասում է նա:
XS
SM
MD
LG