Մատչելիության հղումներ

Սեպտեմբերի 20-ի մամուլ


«Հայոց Աշխարհ»-ի թղթակիցը Քրիստոնեա-դեմոկրատական միության նախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Խոսրով Հարությունյանին (ՀՀԿ խմբակցություն) հարցնում է. - «Ընդդիմությունը նախագահի «հատու» հարցադրումները գնահատելով որպես «նախընտրական շոու»։ Ի՞նչ եք կարծում՝ ինչո՞ւ հենց այսօր թիրախ դարձավ կառավարությունը»։ Պատասխան. - «Նախագահի կողմից հրավիրված բաց խորհրդակցության հիմնական թիրախը, ըստ էության, գնումների գործընթացն էր, ոչ թե կառավարության գործունեության վերլուծությունը։ Հաշվի առնելով երկրի առջեւ ծառացած խնդիրները՝ վերահսկողական ծառայությանը հանձնարարական էր տրվել՝ կառավարության գործառույթների ամբողջ բազմազանությունից առանձնացնել պետական գնումների գործառույթը։ Արդյունքում վեր հանվեց հանրությանը քաջ ծանոթ համակարգային բնույթի արատները՝ պաշտոնական դիրքի չարաշահումներ, դրամաշորթություն, կաշառակերություն եւ հովանավորչություն, որոնք 20 տարի ուղեկցում են մեզ եւ կոռոզիայի ենթարկում մեր իրականությունը, մեր առօրյան»։

Նույն խնդրի շուրջ «Առավոտ»-ի թղթակիցը զրուցել է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանի հետ: «Եթե կա խնդիր, ապա դա ողջ կառավարության լուծելիք խնդիրն է: Կառավարությունից որեւէ մեկը, առանձին վերցրած, չի կարող լուծել այդ խնդիրները: Իսկ գործադիր իշխանության ղեկավարը հենց ինքն է՝ նախագահը: Ինքն իրենից պետք է դժգոհի: Վեց ամիսը մեկ չեն գալիս-ասում՝ ի՞նչ ես արել, այ տղա, այսինչի կամ այնինչի համար: Անընդհատ հետեւում են, ղեկավարում են, կառավարում: Եվ կառավարման արդյունքը ստանալու համար ամենակարեւոր գործոնը քաղաքական լեգիտիմությունն է», - ասել է Զեյնալյանը:

«168 ժամ»-ը գրում է. - «Վերջին օրերին արդիական դարձած «ատկատների» թեման քննարկվում է հիմնականում այդ բառի ուղիղ իմաստով, որով բնութագրվում է պետական միջոցների փոշիացումն ու գրպանումը: Իրականում, սակայն, Հայաստանում միայն պետական գնումների գործընթացը չէ, որ հիմնված է «ատկատների» վրա: Ավելին` որքան էլ տարօրինակ հնչի, պետական գնումների ընթացքում կատարվող «ատկատները» մանրուք են այլ` գլոբալ «ատկատների» համեմատությամբ: Խոսքը «քաղաքական ատկատի ինստիտուտի» մասին է, որն ընկած է Հայաստանի քաղաքական համակարգի հիմքում: Դրա լավագույն վկայությունն անցած խորհրդարանական ընտրություններն են: Ցանկացած համապետական ընտրություն ինքնին Հայաստանում իրենից ներկայացնում է «ատկատի» մասսայական դրսեւորում: Քանի որ ընտրական համակարգի միակ շարժիչ ուժը դարձած ընտրակաշառքները նույնպես, լայն իմաստով, «ատկատի» արտահայտություն են: Իշխանությունը եւ իշխանության թույլտվությամբ իրենց այլընտրանքային հռչակած ուժերն ընտրողների ձայնը գնում են 5-10-20 հազար դրամով: Համեմատությունն, իհարկե, այնքան էլ հաճելի չէ, բայց դա քիչ է տարբերվում, ասենք, պետական գնումների միջոցով գնվող վառելանյութի կամ պարարտանյութի գնման գործընթացից»:

«Ժողովուրդ» թերթի թղթակիցը զրուցել է խորհրդարանում ՀԱԿ խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանի հետ: Լրագրողը հարցնում է. - «ՀԱԿ-ը խոստացել էր սեպտեմբերին հանրահավաք հրավիրել, սակայն հետաձգվում է: Ի՞նչն է պատճառը, ինչո՞ւ է Կոնգրեսը պասսիվացել»: Պատասխան. - «Լեւոն Տեր-Պետրոսյանը դեռեւս չի հայտարարել` արդյոք նախագահական ընտրություններին իր թեկնածությունը առաջադրելու է, թե ոչ, հետեւաբար սպասում ենք, տեսնենք` ինչ զարգացումներ կլինեն, նաեւ կստուգենք մեր հնարավորությունները մասնակցության առումով, որից հետո հանրահավաք կլինի: Ես կարծում եմ, որ հանրահավաքը պետք է անել հոկտեմբերի 10-ի հատվածում, պատճառն էլ արդեն նշեցի, որ զարգացումները դեռեւս կիզակետին չեն հասել: Այո', մենք գտնում ենք, որ շուտ է, մենք ասել ենք սեպտեմբերին, բայց կանենք հոկտեմբերին, այդտեղ ոչ մի պրոբլեմ չենք տեսնում»:

«Ժամանակ»-ի մեկնաբանը գրում է. - «Արագ արձագանքման ուժերը դարձան այն անկյունաքարը, որի վրա փորձ արվեց վերակենդանացնել գրեթե իներտության մատնված ՀԱՊԿ-ը, որին, խոշոր հաշվով, սպասում է ԱՊՀ ճակատագիրը՝ մարգինալացում: Կրեմլը ներկայումս դիմադրում է դրան, փորձում է ի տարբերություն ԱՊՀ-ի` ավելի ճկուն դարձնել ՀԱՊԿ-ը: Դրա համար ստեղծվեցին արագ արձագանքման ուժերը: Այնուհանդերձ, Ռուսաստանը լավ է հասկանում, որ անգամ այդ ուժերի գոյությունն անկարող է փրկել մի կառույց, որի ստեղծման հիմքը ինքնին անառողջ է, որը ստեղծվել է մեծապես պարտադրանքի, ոչ թե փոխանհրաժեշտության հիման վրա, եւ որը հանդիսանում է ընդամենը Ռուսաստանի ազդեցության մահակը հետխորհրդային մի շարք հանրապետությունների եւ հետխորհրդային տարածքների վրա: ՀԱՊԿ-ն ավելի շատ պահվում է շանտաժի, քան փոխադարձ ընկալման եւ գործընկերության հիման վրա: Այդ տեսանկյունից, Հայաստանի համար ՀԱՊԿ հետ հարաբերությունը վերանայելը դառնում է ռազմավարական խնդիր: Թվում է, որ այդ հարաբերությունն ակնհայտորեն անամպ է, նույնիսկ լավ, եւ որ մենք կարող ենք միանգամայն հանգիստ վստահել մեր անվտանգությունն այդ կառույցին: Սակայն մի բան է զորավարժությունը, մեկ այլ բան` իրական քաղաքականությունը»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG