Մատչելիության հղումներ

«Հազարապետը»` ընդդեմ Ծառուկյանի փեսայի


Թիվ 10 դպրոցում դիմավորում են Աբովյանի քաղաքապետ Կարապետ Գուլոյանին:

Թիվ 10 դպրոցում դիմավորում են Աբովյանի քաղաքապետ Կարապետ Գուլոյանին:

Գալիք կիրակի Աբովյանում կայանալիք քաղաքապետի ընտրություններում մրցակցում են «Բարգավաճ Հաայստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսան` Աբովյանի գործող քաղաքապետ Կարապետ Գուլոյանը եւ «Աբովյան» հեռուստաընկերության հիմնադիր, ղարաբաղյան պատերազմի տարիներին «Դահրավ» ջոկատի հրամանատար Արտաշես Մեհրաբյանը («Հազարապետ»):

Գործող քաղաքապետը այսօր այցելել էր Աբովյանի թիվ 10 դպրոցը, որտեղ նրան, ի դեպ` ընդհատելով դասերը, մեծ հանդիսավորությամբ դիմավորեցին ուսուցիչները, աշակերտները ու ծնողները:

Դպրոցի տնօրեն Լիլիա Սարաջյանը «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչո՞ւ են երեխաները ընդգրկված նախընտրական քարոզչության շրջանակում անցկացվող միջոցառմանը, արձագանքեց - «Ցանկացած քաղաքակիրթ երկրում երեխաները պետք է քաղաքացիական կրթություն ստանան»:

Տնօրենը վստահ է, որ դա օրենքի խախտում չէ:

Աշակերտների ծնողներից միջին տարիքի մի կին «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ ուսուցիչն է իրենց «տեղյակ պահել», որ քաղաքապետի հետ հանդիպում է լինելու: Նա խուսափեց ասել, թե ինչ հետեւանքներ կարող էր ունենալ, եթե իրենք չգային. - «Դե հիմա եկել ենք»:

8-րդ դասարանի երեխա ունեցող մի կին այս հանդիպմանը մասնակցում էր իր մյուս երեխայի հետ, որը 6 ամսական էր: «Դասղեկը պարտադրեց, որ գանք», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց նա:

Կարապետ Գուլոյանը «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչ ազդեցություն է ունեցել Գագիկ Ծառուկյանի փեսան լինելը քաղաքապետի պաշտոնում վերընտրվելու իր մտադրության վրա, արձագանքեց. - «Գագիկ Ծառուկյանը մեր մեծամասնական պատգամավորն է եւ կուսակցության նախագահը, եւ կուսակցությունը ինձ է առաջադրել»:

Քաղաքապետի մյուս թեկնածուն «Աբովյան» հեռուստաընկերության հիմնադիր, ղարաբաղյան պատերազմի տարիներին «Դահրավ» ջոկատի հրամանատար, զինակիցների շրջանում «Հազարապետ» անունով հայտնի Արտաշես Մեհրաբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կտրականապես հերքեց, թե իր թեկնածությունը Գուլոյանի հետ պայմանավորվածությամբ է առաջադրել. - «Երեւո՞ւմ է ինձնից, որ ես կարող է պայմանավորված լինեմ»:

«Ես աբովյանցի եմ: Ես ուզում եմ հետ վերցնել այս քաղաքը: Ամոթ է, մեզ ասում են` օժիտ… Ես չեմ կարողանում այսպես ապրել: Ես վիրավորվում եմ դրանից, որ ասում են` դաբրո ունե՞ս… Հեղափոխություն եմ անում, եկեք միացեք` անենք», - վրդովված հավելեց Արտաշես Մեհրաբյանը:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG