Մատչելիության հղումներ

Հասարակական նախաձեռնությունը պահանջում է պատժել Վարդան Այվազյանին


Վարդան Այվազյանը մամուլի ասուլիսում, 17-ը սեպտեմբերի, 2012

Վարդան Այվազյանը մամուլի ասուլիսում, 17-ը սեպտեմբերի, 2012

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում վերջին օրերին հատուկ խումբ է ստեղծվել` «Վարդան Այվազյանը պետք է պատասխան տա» պահանջով: Խմբին միացած ավելի քան երկու հարյուր անդամներ նշում են, որ Նյու Յորքի դատարանի վճիռը, որով պետք է Վարդան Այվազյանից բռնագանձվի 37.5 միլիոն դոլար հօգուտ «Գլոբալ գոլդ մայնինգ» ընկերության, ապացուցում է Այվազյանի կոռումպացված գործունեությունը, ինչը տարիներ շարունակ հովանավորել են Հայաստանի իշխանությունները:

Հաշվի առնելով նաեւ Նյու Յորքի դատարանի վերջին աղմկահարույց վճիռը` խմբի անդամները գլխավոր դատախազությունից պահանջում են նյութեր նախապատրաստել եւ քրեական հետապնդում սկսել Այվազյանի դեմ: Խմբի անդամները դիմում են նաեւ Ազգային ժողովին` պահանջելով ստեղծել ժամանակավոր հանձնաժողով Այվազյանի կողմից բնապահպանության նախարարի պաշտոնը զբաղեցնելու տարիներին հանքարդյունաբերության ոլորտում տեղի ունեցած չարաշահումները ուսումնասիրելու համար:

Հիշեցնենք՝ «Հետք» պարբերականը անցյալ շաբաթ գրել էր, որ ըստ նյույորքյան դատարանի վճռում եղած նյութերի՝ 2006 թվականին «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ընկերության դուստր ընկերություններից մեկը, որը հայաստանյան Հանքավանի հանքավայրի լիցենզառուն էր, ենթարկվել է կոռումպացված եւ ոչ պատշաճ պահանջների Հայաստանի բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանի կողմից։ Արդյունքում ընկերությունը կորցրել էր հանքավայրի նկատմամբ հսկողությունը: Այվազյանը օրերս հայտարարել է, որ որպես բնապահպանության նախարար որոշում է կայացրել «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ընկերությանը արտոնագրից զրկելու մասին, քանի որ ընկերությունը չի կատարել օրենքով սահմանված եւ իր իսկ ստանձնած պարտավորությունները:

«Թրանսփերենսի ինթերնեյշընլ» հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Սոնա Այվազյանը, ով նույնպես միացել է այս խմբին, նշում է, որ իրենց կազմակերպությունը դեռեւս տարիներ առաջ դիմել էր դատախազություն` հորդորելով քրեական գործ հարուցել Վարդան Այվազյանի դեմ` հաշվի առնելով մամուլում առկա հրապարակումները առ այն, թե ինչպես է նա իր բարեկամներին և հարազատներին հանքավայրերի լիցենզիաներ բաշխում: Սակայն դատախազությունը որեւէ հանցակազմ այդտեղ չէր տեսել: Այնուհետեւ, Այվազյանի խոսքով, ի հայտ եկավ «Գլոբալ գոլդ մայնինգի» գործը, որտեղ նշվում էր, թե Այվազյանը մի քանի միլիոն դոլարի կաշառք է պահանջել ընկերությունից, սակայն այդ փաստին եւս դատախազությունը ուշադրություն չի դարձրել:

«Վարդան Այվազյանը իր գործունեության ընթացքում ոչ միայն ընդերքի ռեսուրսների չարաշահումներ է թույլ տվել, այլ նաեւ այլ բնական ռեսուրսների` սկսած ձկնային պաշարներից, հատուկ պահպանվող տարածքներից ճայեր էր որսում, անտառներից ինչ-որ ծառեր էր արմատախիլ անում, բերում, իր օբյեկտներում դնում... Բավականին վարկաբեկված մի պաշտոնյա է, որի հետ կապված բազմաթիվ նյութեր են եղել լրատվամիջոցներում, եւ դատախազությունը բազմաթիվ հիմքեր է ունեցել քրեական գործը հարուցելու նրա դեմ, սակայն երբեք չի դրսեւորել այդ քաղաքական կամքը: Հիմա այս միջազգային ատյանները լուրջ հիմքեր ունեն Վարդան Այվազյանի կոռումպացվածությունը վկայելու, այս կապակցությամբ նրանք հիմք ունեն քրեական գործ հարուցել եւ գործը առաջ տանել եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համապատասխան նրան մեղադրել եւ դատապարտել», - ասաց Այվազյանը:

Բնապահպան ակտիվիստ Եղիա Ներսիսյանն էլ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ շատ կարեւոր է, որպեսզի նաեւ Ազգային ժողովում ստեղծվի հատուկ հանձնաժողով Այվազյանի գործունեությունը ուսումնասիրելու համար: Բնապահպանի համոզմամբ` միայն Թեղուտի գործը բավարար է, որպեսզի նախկին նախարարը պատասխանատվության ենթարկվի:

«Միայն Թեղուտի լիցենզիան ստորագրելը արդեն հերիք է: Էս լիցենզիան ողջ սովետական ժամանակաշրջանում ոչ ոք չէր ստորագրում, ռիսկի չէին գնում, ասում էին` Հայաստանի գանձն է Թեղուտի անտառը: Կարծո՞ւմ եք Այվազյանը առանց կաշառքի ստորագրեց: Նրա որդու անունով բազմաթիվ հանքեր կան Հայաստանում, եթե հետամուտ լինեն, Վարդան Այվազյանի նման մարդը հաստատ պետք է ճաղերի ետեւում հայտնվի, ոչ թե միայն ֆինանսական տուգանքի ենթարկվի», - ասում է Ներսիսյանը:

ՀՀԿ-ն չի քննարկի Վարդան Այվազյանի գործունեությունը

Իշխող Հանրապետական կուսակցությունը չի պատրաստվում որեւէ քննարկում կազմակերպել իր պատգամավորի գործունեության հետ կապված, առավել եւս որեւէ հանձնաժողով ստեղծել: ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը պնդում է, թե Նյու Յորքի դատարանի կայացրած որոշումը անհեթեթություն է: Այդ ամենը, ըստ իշխող ՀՀԿ-ի նախագահի, դրսից է հրահրված, թե ում կողմից, Սահակյանը չմանրամասնեց:

«Ի՞նչ անենք, մենք էլ մեր դատարանով որոշենք մի այլ պետության քաղաքացու դատի տալ: Ինչո՞ւ պիտի քննարկենք Վարդան Այվազյանը անմեղ է, թե` ոչ, եթե անհեթեթ, տրամաբանությունից զուրկ մոտեցումներ են ցուցաբերում: Նման որոշումը նախ անհեթեթություն է, եւ ընդհանուր գործը բոլորովին կապ չունի ոչ Վարդան Այվազյանի հետ, ոչ էլ Հայաստանի Հանրապետության հետ: Ինչ-որ մարդիկ երեւի փորձում են տեղավորվել Հայաստանի բիզնես աշխարհում եւ տեսնում են, որ հնարավորությունները թույլ են, մարտնչում են ինչ-որ մի բանի հասնելու համար: Ի՞նչ կապ ունի Վարդան Այվազյանը պատգամավորը», - ասաց Սահակյանը:

Գլխավոր դատախազի խոսնակ Սոնա Տռուզյանը, անդրադառնալով դատախազությանն ուղղված պահանջներին, փոխանցեց, որ գլխավոր դատախազությունը նախաքննական մարմին չէ, իսկ մամուլի հրապարակումները եւ սոցիալական ցանցերը տեսանելի են նաեւ քննչական մարմինների համար, ուստի այդ հարցով պետք է դիմել հենց նրանց:
XS
SM
MD
LG