Մատչելիության հղումներ

«ՀԱՊԿ ուժերը կարող են պատասխանել ցանկացած ագրեսիայի»


ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժա
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժա
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար, գեներալ-գնդապետ Նիկոլայ Բորդյուժայի գնահատմամբ, ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերը «ունիվերսալ գործիք են»։

Սեպտեմբերի 15-ին հայկական զինված ուժերի «Բաղրամյան» զորավարժարանում ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերի մասնակցությամբ մեկնարկեցին «Փոխգործակցություն-2012» համատեղ զորավարժությունները, որոնք կավարտվեն վաղը` սեպտեմբերի 19-ին: Զորավարժությունների կապակցությամբ Երեւան ժամանած Բորդյուժան, այսօր Երեւանում հանդիպելով լրագրողների հետ, մասնավորապես հայտարարեց․ - «Արագ արձագանքման հավաքական ուժերը այն հիմնական տարրերից են, որոնք, փաստորեն, կարող են արձագանքել ցանկացած տեսակի մարտահրավերների, որոնք կապված են ուժի կիրառման հետ»:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի խոսքով, այն հանգամանքը, որ ՀԱՊԿ ուժերի կազմում բանակային միավորումներ կան, թույլ կտա տեղայնացնել հակամարտությունները՝ թույլ չտալով դրանց տարածումը։ Իսկ հատուկ գործողությունների ուժերը, որոնք կազմված են ազգային անվտանգության, ներքին գործերի, արտակարգ իրավիճակների մարմինների ուժերից, անհրաժեշտության դեպքում կարող են դիմագրավել ահաբեկչական հարձակումներին, շրջափակել, ոչնչացնել ավազակային խմբավորումները կամ վերացնել արտակարգ իրավիճակների հետեւանքները, որոնք կարող են լինել ահաբեկչական գործողության արդյունքում։

«Ուստի ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերը ունիվերսալ գործիք են», - նշեց նա։

Բորդյուժան ընդգծեց, որ նմանատիպ զորավարժությունները նպաստում են ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանունակության բարձրացմանը․ - «Մենք խոսում ենք անվտանգության հավաքական համակարգի մասին, որը հիմնված է հավաքական ներուժի վրա: Այդ հավաքական ներուժը այսօր գտնվում է Հայաստանում եւ համատեղ լուծում է խնդիրներ: Այդպիսով, սովորում ենք գործել միասին, եթե իրավիճակը բավականին սուր լինի: Զորավարժությունները անցկացվում են այն նպատակով, որ զորքի պատրաստվածության մակարդակը հավասար լինի այն մարտահրավերներին, որոնց բախվում է երկիրը»։

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) ստեղծվել է 2002թ.-ին։ Բացի Հայաստանից, կազմակերպության անդամ են Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը եւ Տաջիկստանը:

Այն հարցին, թե ինչքան ժամանակ կպահանջվի կազմակերպությունից անդամ որեւէ երկրի օգնություն ցուցաբերելու համար, եթե վերջինս ենթարկվի ռազմական ագրեսիայի, Բորդյուժան պատասխանեց, թե ամեն ինչ կախված է կոնկրետ իրավիճակից․ - «Երբեմն իրավիճակը դեպի ճգնաժամ գնում` ամիսների կամ տարիների ընթացքում, բայց տեսեք, թե ինչ եղավ Ղրղըզստանում… մի քանի ժամում ամեն ինչ պայթեց: Ուստի, ինչպե՞ս կարող եմ ասել, թե ինչքան ժամանակ կպահանջվի: Հարցն այն է, որ հենց առաջանում են ճգնաժամային իրադրության ինչ-որ տարրեր, մենք սկսում ենք դիտարկել իրավիճակը եւ առանձնացնում ենք այն հիմնական միտումները, որոնք այդ իրավիճակը կարող են տանել արյունահեղության: ՀԱՊԿ շրջանակներում ստեղծվել է ճգնաժամային արձագանքման համակարգ: Այդ համակարգի շրջանակում նախատեսված է նաեւ կազմակերպության անդամ երկրների ղեկավարների փակ վիդեո-համաժողով, որը կարող է արագ որոշում կայացնել ուժի կիրառման մասին: Կան այլ տարրեր, որոնք թույլ են տալիս հուսալ, որ նման իրավիճակների չեզոքացման որոշումները կընդունվեն արագ, ինչը թույլ չի տա հակամարտությանը ընդարձակվել»:

Չնայած Նիկոլայ Բորդյուժան նշեց, որ կազմակերպության հետ համագործակցում են 22 երկրներ, սակայն այս պահի դրությամբ որեւէ երկիր ՀԱՊԿ-ին անդամակցելու դիմում չի ներկայացրել:
XS
SM
MD
LG