Մատչելիության հղումներ

Արդյո՞ք լիարժեքորեն է իրականացվում ներառական կրթությունը


Մասնագետների խոսքով, ներառական կրթությունն արդյունավետ կլինի ուսուցիչ - ծնող - երեխա համագործակցության դեպքում, ինչպես նաեւ կարեւոր է հատուկ կարիքներով երեխայի ներառումը սկսել վաղ տարիքից:

2005 թվականին ընդունվել է «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին» օրենքը, որով Հայաստանում պետականորեն ճանաչվեց եւ ամրագրվեց ներառական կրթությունը: Առաջին անգամ կրթության կազմակերպման ներառական ձեւը կիրառվել է «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության կողմից 2001 թվականին, երբ թիվ 27 դպրոց գնացին երկու հատուկ կարիքներով երեխաներ:

Այժմ Հայաստանում ներառական կրթություն իրականցվում է 165 դպրոցներում, իսկ ամբողջ Տավուշի մարզում իրականացվում է ներառական կրթություն:

Սակայն որքանո՞վ է լիարժեք իրականացվում հատուկ կարիքներով երեխաների կրթությունը հանրակրթական դպրոցներում: «Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի գլխավոր մասնագետ Ռուբեն Պողոսյանի խոսքով, խնդրին այլ տեսանկյունից է պետք նայել. - «Եկեք ռեալիստ լինենք, եթե մենք փոխադրում ենք հատուկ կարիքներով երեխային 8-րդ դասարան, պետք չէ կարծել, որ նա գիտի 8-րդ դասարանի ծրագիրը, դա մի կողմ: Այստեղ ամենակարեւորը ոչ թե կրթություն տալն է, այլ թե ինչպես է նա ինտեգրվում սոցիալական դաշտում»:

Ինչ վերաբերում է հատուկ կարիքներով երեխաների համար դպրոցների շենքային պայմանների հարմարվածությանը` ապա դա շարունակում է մնալ առաջնային խնդիրներից մեկը:

«Սովետական հին շենքեր են, օրինակ, երեխային, ով սայլակի վրա է, երբ մեծանում է, ծնողը այլեւս չի կարող գրկել եւ այդպես դպրոց բերել: Սա շատ լուրջ խնդիր է բայց չի երեւում, թե երբ վերջ կդրվի այդ ամոթալի երեւույթին», - ասաց «Հույսի կամուրջ»-ի նախագահ Սուսաննա Թադեւոսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG