Մատչելիության հղումներ

Սեպտեմբերի 18-ի մամուլ


«Հայոց Աշխարհ»-ի թղթակիցը Ազգային ժողովի փոխնախագահ, Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովին հարցնում է. - «Ընդդիմությունը շաբաթ օրը կառավարությունում խորհրդակցություն հրավիրելու հանրապետության նախագահի նախաձեռնությունը նախընտրական շոու է անվանում։ Ձեր գնահատականը։ Հանրապետության նախագահի նախաձեռնությունը նախընտրական փուլով պայմանավորելը ոչ միայն լուրջ չէ, այլեւ զավեշտալի է: Քիչ թե շատ ներքաղաքական կյանքի վերջին տարիների զարգացումներին հետեւող յուրաքանչյուրը, հատկապես նրանք, ովքեր ծանոթ են Սերժ Սարգսյանի գոնե քսան տարիների քաղաքական գործունեությանը, պետք է գիտակցեն, որ շոուներն ու PR ակցիաները իշխող քաղաքական ուժի ու քաղաքական մեծամասնության ղեկավարի գործունեության զինանոցում տեղ չունեն: «Քննադատության» ու շոուների մասնագետներն անգամ չեն կարող չհիշել, որ նախագահի պաշտոնն ստանձնելուց անմիջապես հետո Սերժ Սարգսյանը գրեթե բոլոր ոլորտների կարեւորագույն խնդիրները քննարկելու համար խորհրդակցություններ է հրավիրել»:

Անդրադառնալով նույն խորհրդակցությանը` «Առավոտ»-ը PR-ի զարգացման հայկական կենտրոնի նախագահ Հայկ Կիրակոսյանից հետաքրքրվել է, թե երկրի նախագահի անհարգալից վերաբերմունքը երկրի պաշտոնյաների նկատմամբ արդյոք հակաPR չէ՞ր, հատկապես՝ եթե խորհրդակցությունը միտված էր նախագահի PR-ին: «Եթե երկրի նախագահն իրեն թույլ է տալիս նման լեքսիկոնով ու նման բառապաշարով խոսել, ապա լեզվի տեսչության դերը Հայաստանում դառնում է անիմաստ: Դրանից հետո իմաստ չունի որեւէ գործարարի պարտադրել՝ հետեւելու այդ կանոններին, որեւէ քաղաքացու կամ գովազդատուի ասել, որ գիտեք՝ ձեր գովազդի մեջ կան լեզվի տեսչության կարգը ոտնահարող հակացուցված բառեր ու տերմիններ, որովհետեւ ասելուց պետք է սկսել ամենավերեւից` նախագահից, քանի որ նա պիտի հանդիսանար գրավականը տարբեր ոլորտների կարգուկանոնի պահպանման: Ինչ վերաբերում է պաշտոնյաներին կրճատ անուններով դիմելուն, ապա PR-ի մասնագետի խոսքերով՝ նախագահն ուղղակի արարողակարգը խախտել է. - «Ամբողջ քաղաքակիրթ աշխարhում կա պետական հաղորդակցման կարգուկանոն, որը ենթադրում է որոշակի պայմանականություններ, այսինքն` պաշտոնյային դիմել ոչ թե անունով, այլ դիմել պարո՛ն նախարար, պարո՛ն վարչապետ կամ գոնե անուն-ազգանվամբ: Հակառակ պարագայում ոչինչ չի խանգարում միանգամից ածականներով, մականուններով դիմելու, հատկապես, որ դրանց պակասությունից չենք նեղվում»:

«Հայկական ժամանակ»-ը գրում է. - «Քաղաքական շրջանակներում մի քանի օր է լուրեր են շրջում այն մասին, որ սեպտեմբերի 21-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդես է գալու հայտարարությամբ»: Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը թերթի թղթակցին այս կապակցությամբ ասել է. - «Նման լուրեր տարածողները բացառապես այն մարդիկ են, ովքեր առաջնորդվում են ստերեոտիպներով: Նրանց կարծիքով, եթե 2008 թվականին առաջին նախագահը խոսել է իր առաջադրման մասին սեպտեմբերի 21-ին` ՀՀՇ-ի կողմից կազմակերպվող ավանդական ընդունելությանը, ուրեմն նույն բանն էլ պետք է անի հիմա: Ես կառաջարկեմ իրենց այդքան պրիմիտիվ ստերեոտիպներով երբեք չառաջնորդվել»:

«Ժամանակ»-ի մեկնաբանը գրում է. - «Հայաստանում եւ Ռուսաստանում այս օրերին զուգահեռ անցկացվում են զորավարժություններ: Հայաստանում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի մասնակցությամբ անցկացվում է «Փոխգործակցություն-2012» համատեղ զորավարժությունը, իսկ Ռուսաստանում սեպտեմբերի 17-ին մեկնարկել են «Կովկաս-2012» զորավարժությունները: Կասկածից վեր է, որ այս երկու զորավարժությունները միմյանց հետ սերտորեն կապված են: Իր ենթադրյալ թշնամիների աչքին միշտ զգոն երեւալու համար Ռուսաստանն օգտագործում է նաեւ Հայաստանի տարածքը: Զորավարժությունների կապակցությամբ վրացական կողմը երեկ հայտարարությամբ հանդես եկավ՝ մտահոգություն հայտնելով այդ կապակցությամբ: Ըստ վրացական կողմի՝ Ռուսաստանի հարավում անցկացվող զորավարժությունները վտանգ են պարունակում ոչ միայն Վրաստանի, այլեւ ամբողջ տարածաշրջանի կայունության եւ անվտանգության համար»:

Խոսելով Եվրախորհրդարանի ընդունած բանաձեւից հետո Հայաստանի հնարավոր քայլերի մասին` Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը «168 ժամ»-ին ասել է. - «Սա լավ պահ է ոչ թե կտրուկ քայլեր անելու, այլ հանգիստ գործելու համար: Ստեղծված իրավիճակում հայկական կողմը չպետք է կտրուկ քայլեր, հայտարարություններ անի, որոնք կհակասեն Եվրախորհրդարանի բանաձեւին: Ինչ-որ վրեժխնդրության, Ադրբեջանին համարժեք հակահարված տալու կամ նման այլ շեշտակի քայլերը պետք է բացառվեն: Մենք պետք է այս իրավիճակում` պահպանելով հանգստություն, հարցի լուծումը շրջանառենք մեր ցանկացած կողմով: Սա կապացուցի, որ Հայաստանը քաղաքակիրթ ու ժողովրդավար երկիր է, իսկ Ադրբեջանը ձեւացնում է միայն իր այդպիսին լինելը»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG