Մատչելիության հղումներ

Կենսաթոշակային կուտակային համակարգը՝ «չարդարացված շքեղություն»


Պարտադիր կուտակային թոշակային համակարգին անցնելու շուրջ քննարկումները թեժանում են Հայաստանում:

Անցած շաբաթ Ազգային ժողովում ընդդիմության եւ իշխանության ներկայացուցիչները բավական ընդգրկուն բանավեճ ծավալեցին այս խնդրի շուրջ: Մասնավորապես, Հայ ազգային կոնգրեսից Հրանտ Բագրատյանը, Հայ հեղափոխական դաշնակցությունից Աղվան Վարդանյանը եւ Արծվիկ Մինասյանը փորձեցին կառավարության ներկայացուցիչներին հորդորել հրաժարվել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին անցնելու մտադրությունից:

Հայաստանում 2011 թվականից գործում է կամավոր կուտակային համակարգը, սակայն դեռ ոչ մի հայտ չի ներկայացվել:Օրինագծի հաստատվելու դեպքում`այս համակարգը Հայաստանում կգործի 2014 թվականի հունվարի 1-ից, կտարածվի միայն 1974 թվականի հունվարի 1-ից հետո ծնվածների վրա, ովքեր ամեն ամիս իրենց ստացած աշխատավարձի 10 տոկոսը պետք է կուտակեն, որպեսզի օգտագործեն 63 դառնալուց հետո՝ որպես թոշակ: Հինգ տոկոսը կվճարի աշխատողը, մյուս հինգ տոկոսը՝ նրա կենսաթոշակային անհատական հաշվին կփոխանցվի պետբյուջեից: Պարտադիր կուտակային վճարը հաշվարկելու եւ փոխանցելու պարտականությունը կատարելու է աշխատողի գործատուն:

«Գործատուն կպահի այդքանը, կփոխանցի ինչ-որ մասնավոր ֆոնդի, որին կնշանակի [վարչապետ] Տիգրան Սարգսյանը: Մասնավոր ֆոնդը փողերը կվերցնի, կտանի արտասահմանում արժեթղթերում կդնի: Էդ հասարակ մարդուն հնարավոր չէ բացատրել, թե ինչի՞ համար», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը:

Համաձայն Բագրատյանի՝ թեեւ կառավարության համար սա շահավետ ծրագիր է, սակայն հաշվի առնելով ներկայիս քաղաքական-տնտեսական իրավիճակը, դժվար է ենթադրել, թե ինչ կլինի այս գումարների հետ 25 տարի հետո:

«2014-ին ՀՆԱ-ն միանգամից կաճի 2.5 տոկոսով, փողերը կտանեն-կտան կառավարիչներին, որոնց, իհարկե, իրենք կնշանակեն, կառավարիչները այդ փողերը կտանեն արտասահման, արժեթղթեր կառնեն, ի վերջո Հայաստանի Հանրապետությունից որպես կուտակային ռեսուրս տարեկան առնվազն 35-50 միլիարդ դրամ դուրս կգա: Երկրից դուրս հանված դրամը կդառնա մի նոր պրոբլեմ», - ասում է Բագրատյանը:

ԱԺ-ում տեղի ունեցող քննարկումների ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքեյել Մելքումյանը վերապահումով մոտեցավ այս նախաձեռնությանը՝ նշելով, որ նման համակարգին անցնելու համար երկիրն առնվազն մի քանի տարի պետք է կայուն տնտեսական աճ ապահովի:

ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն էլ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մատնանշեց գործազուրկների խնդրի մասին:

«Այսինքն մեր բնակչության մի մեծ հատվածին այս համակարգից դուրս ենք թողնում եւ նրանց խնդիրները չենք լուծում, եւ դարձյալ կենտրոնանում ենք ֆինանսական շուկաների կարգավորման երկար փողերի վրա», - ասաց Վարդանյանը:

Բագրատյանն էլ ընդգծում է, որ երկրում, որտեղ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն 3000 դոլար է, այսպիսի համակարգի ներդրումը պարզապես չարդարացված շքեղություն է:

«Ռուսաստանում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն 12 հազար է, էլի չի ստացվում… երբ մենք հարցրեցինք, թե ինչո՞ւ եք անուն նույնը, ինչ որ Ռուսաստանում, մեզ տարօրինակ պատասխան տվեցին, թե մերը արածը Էստոնիայի նման է: Էստոնիայում մեկ շնչին ընկող ՀՆԱ-ն 18 հազար է, բացի դրանից Էստոնիայի ետեւում եվրոն է կանգնած, Էստոնիային այս փողը Եվրոպան է տալիս», - շեշտում է Բագրատյանը:

Անձը կուտակած գումարը սեփական նախաձեռնությամբ կառավարել չի կարող, այսինքն չի կարող ցանկացած պահի գործածել այնպես, ինչպես կամենում է: Այն նախատեսված է գործածել միայն կենսաթոշակային տարիքը լրանալու ժամանակ: Բացառություններ հնարավոր են, եթե պարզվի, որ անձը անբուժելի հիվանդությամբ է տառապում կամ Հայաստանից ընդմիշտ հեռանում է: Եթե մարդը մահանա նախքան 63 տարեկան դառնալը, կուտակային միջոցները կմնան կենսաթոշակային ֆոնդում եւ երեք տարի կկառավարվեն ֆոնդի կառավարչի կողմից: Երեք տարվա ընթացքում ժառանգների ի հայտ չգալու դեպքում կուտակային միջոցները կփոխանցվեն պետական բյուջե:

Օրենսդրական փաթեթը ԱԺ-ում քվեարկության կդրվի հաջորդ քառօրյայի ընթացքում:

please wait

No media source currently available

0:00 0:05:00 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG