Մատչելիության հղումներ

logo-print
Լեռնային Ղարաբաղում օրերս ձեւավորվեց ֆուտբոլի հավաքական թիմ, որը, թիմի ավագ մարզիչ Սարգիս Աղաջանյանի խոսքով, կլինի հայկական երկրորդ ազգային հավաքականը՝ Հայաստանի հավաքականից հետո։

Ղարաբաղի հավաքականի նոր կարգավիճակից ելնելով թիմը հնարավորություն ունի խաղալ չճանաչված պետությունների հավաքականների հետ. 2003 թվականից Բելգիայի Լիեժ քաղաքում գործում է չճանաչված պետությունների ֆուտբոլի ասոցիացիան, որը զբաղվում է ընկերական խաղերի կազմակերպմամբ: Այդ խաղերին այս տարին մասնակցում են Աբխազիայի, Հարավային Օսիայի, Մերձդնեստրի, Կոսովոյի, Տիբեթի հավաքականները, որոնց միացավ նաեւ Լեռնային Ղարաբաղի հավաքականը:

«Առաջին հանդիպումը Աբխազիայի հետ՝ սեպտեմբերի 25-ին Սուխումում, հոկտեմբերի 22-ին մենք կընդունենք Ստեփանակերտում։ Սկիզբը դրվում է։ Սա կլինի շարունակական, մինչեւ կճանաչվենք, արդեն կլինենք ՈՒԵՖԱ-ի լիիրավ անդամ», - ասում է Սարգիս Աղաջանյանը: - «Հետպատերազմյան տարիների ամենամեծ քայլն է սա։ Միջազգային ասպարեզ դուրս գալու համար սա է միակ մեր շանսը, որպեսզի մեր դրոշի տակ, մեր օրհներգի տակ առաջին անգամ կանգնենք։ Սա արդեն ուրիշ զգացում է»։

Լեռնային Ղարաբաղի ֆուտբոլի հավաքականը ֆինանսավորվում է հիմնականում պետբյուջեի կողմից: Այս տարի այդ գումարը կազմում է յոթանասուն միլոն դրամ, որը, ավագ մարզչի խոսքերով, թույլ է տալիս ընդամենը ետ չմնալ մարզումներից: Հավաքականի խաղացողները հիմնականում 19-20 տարեկան տեղացի մարզիկներ են: Թիմի մարզական վիճակի մասին ավագ մարզիչը դժվարանում է գնահատականներ տալ, քանի որ իր խոսքերով խաղալու փորձը բացակայում է։ Միեւնույն ժամանակ Սարգիս Աղաջանյանը նշում է, որ ղարաբաղցիները պարտվել չեն սիրում։

«Թեկուզ չճանաչված, բայց արդեն ունենք ստատուս, որ մասնակցելու ենք ինչ-որ մի խաղի։ Դա ողջ աշխարհը կտեսնի, ՈՒԵՖԱ-ն էլ տեղյակ կլինի», - վստահ է ավագ մարզիչը։

Լեռնային Ղարաբաղի ֆուտբոլի հավաքականը պատերազմից հետո մինչեւ օրս որեւէ առաջնության չի մասնակցել՝ ներառյալ Հայաստանի առաջնություններում, քանի որ ՈՒԵՖԱ-ն, Ադրբեջանի բողոքներից դրդված, արգելեց:

Ղարաբաղցի մարզիկները քաղաքականության գերիներն են դեռեւս սովետական տարիներին տեղի ունեցած հայտնի պատմությունից հետո 1987-ին, երբ Ղարաբաղյան շարժումը նոր էր սկիզբ առնում, Կիրովաբադի թիմը Ստեփանակերտում տեղական թիմի հետ խաղում պարտվեց 3:1 հաշվով: Դրան հետեւեցին հայ եւ ադրբեջանցի ֆուտբոլի երկրպագուների զանգվածային բախումները: Այդ պատմությունից հետո խորհրդային կառավարությունը ստիպում էր Ստեփանակերտի թիմին իր տնային խաղերը անցկացնել Ադրբեջանի այլ շրջաններում։
XS
SM
MD
LG