Մատչելիության հղումներ

Վրաստան են ժամանել ԵՄ 5 երկրների ԱԳ նախարարները


Վրաստան են ժամանել Եվրամիության անդամ երկրներից 5-ի` Բուլղարիայի, Լիտվայի, Լատվիայի, Չեխիայի եւ Ռումինիայի արտգործնախարարները։

«Գրուզիա օնլայն» ինտերնետային պարբերականի փոխանցմամբ` եվրոպական երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներին ընդունել է Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն։

Հանդիպմանը հաջորդած ասուլիսի ժամանակ Վաշաձեն փոխանցել է, որ քննարկման առանցքում եղել են հոկտեմբերի 1-ին Վրաստանում անցկացվելիք խորհրդարանական ընտրությունները, Հարավային Կովկասում անվտանգությունը եւ կայունությունը, ինչպես նաեւ պաշտոնական Թբիլիսիի հարաբերությունները ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության հետ։

Եվրոպացի նախարարները ընդգծել են, մասնավորապես, առաջիկա ընտրությունները բարձր մակարդակով, ազատ եւ արդար պայմաններում անցկացնելու կարեւորությունը։

Եվրոպական հինգ երկրների արտգործնախարարները այսօր հանդիպել են նաեւ «Վրացական երազանք» ընդդիմադիր դաշինքի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի հետ։

«Նրանք արձանագրեցին, որ հարգում են ազատ եւ արդար ընտրությունը եւ ժամանել են Վրաստան ոչ թե որեւէ կուսակցության, այլ ժողովրդավարությունը սատարելու համար։ Բացի այդ, նրանք եւս մեկ անգամ ճշտեցին եվրատլանտյան ինտեգրման հարցում մեր ռազմավարությունը, ինչպես նաեւ արտաքին քաղաքականության մեր տեսլականը, այդ թվում` հարաբերությունները Ռուսաստանի հետ», - հանդիպումից հետո փոխանցել է Իվանիշվիլին

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG