Մատչելիության հղումներ

Հայաստանում մեկնարկեցին ՀԱՊԿ-ի համատեղ զորավարժությունները


Զորավարժությունների մեկնարկը «Բաղրամյան» զորավարժարանում:
Զորավարժությունների մեկնարկը «Բաղրամյան» զորավարժարանում:
«Բաղրամյան» զորավարժարանում այսօր մեկնարկեցին ՀԱՊԿ (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության) արագ արձագանքման ուժերի «Փոխգործակցություն-2012» քառօրյա համատեղ զորավարժությունները:

ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերի ամենամյա զորավարժությունները անցկացվում են 2009 թվականից ի վեր, երբ կազմակերպության անդամ երկրների ղեկավարների որոշմամբ ստեղծվեցին այդ զորամիավորումները` ռազմական ագրեսիային ու միջազգային ահաբեկչությանը դիմագրավելու համար:

Զորավարժություններն անցկացվում են ՀԱՊԿ անդամ վեց երկրներից (Բելառուս, Հայաստան, Ղազախստան , Ղրղըզստան, Ռուսաստան, Տաջիկստան) որեւէ մեկում: Հայաստանում դրանք անցկացվում են առաջին անգամ:

Զորավարժությունների մեկնարկին մասնակից երկրների ստորաբաժանումները շարվել էին հանդիսավոր տողանի. կազմակերպության ու անդամ երկրների հիմների հնչեցմամբ ու դրոշների բարձրացմամբ տրվեց պաշտոնական բացումը:

Ողջույնի խոսքով հանդես եկավ Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ով տարածաշրջանային անվտանգության ապահովման առումով կարեւորեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության դերը:

«Արագ արձագանքման հավաքական ուժերի ստեղծումը, որոնց թիվը ներկայում կազմում է մոտ 20 հազար մարդ, կարեւոր իրադարձություն էր, եւ նախորդ զորավարժությունները` «Փոխգործակցություն» անվամբ, հստակորեն ցուցադրեցին, որ ՀԱՊԿ արագ արձագանման զորամիավորումներն այսօր ունեն ոչ վատ ներուժ եւ իրենցից տարածաշրջանային ուժ են ներկայացնում, որը կարող է չեզոքացնել պոտենցիալ սպառնալիքները», - ասաց նախարարը:

Զորավարժություններին մասնակցում են մոտ 2000 զինվորականներ եւ շուրջ 500 միավոր տեխնիկա:

Հանդիսավոր բացումից եւ հրամկազմի խորհրդակցությունից հետո, որի ժամանակ քննարկվեց զորավարժության սցենարը, զորավարժարանի մամուլի կենտրոնում լրագրողների հետ հանդիպեցին ՀԱՊԿ կենտրոնական շտաբի ներկայացուցիչները:

ՀԱՊԿ միասնական շտաբի կառավարման պետ, գեներալ-մայոր Անատոլի Յակովլեւը «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե կան արդյոք մշակված սցենարներ կազմակերպության անդամ երկրներից մեկի նկատմամբ ռազմական ագրեսիայի դեպքում եւ որքան ժամանակ անց կարող է ՀԱՊԿ-ը ռազմական պատասխան հասցնել, արձագանքեց. - «Նման սցենար առկա է ՀԱՊԿ պայմանագրում` եթե ագրեսիա կիրառվի ՀԱՊԿ անդամ պետություններից որեւէ մեկի նկատմամբ, ապա կիրականացվի համատեղ պաշտպանություն: Յուրաքանչյուր նման դեպքի կապակցությամբ (կախված իրավիճակից) ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները որոշում են կայացնում արագ արձագանքման ուժերի կազմի ու քանակի վերաբերյալ: Կախված իրավիճակից` դրանք կարող լինել զուտ բանակային ստորաբաժանումներ, կարող են լինել նաեւ հատուկ նշանակության զորամիավորումներ: Ուստի, յուրաքանչյուր դեպքի համար զորամիավորման մեծությունը կարող է տարբեր լինել, տարբեր կլինի նաեւ այդ ուժերի ծավալման համար նախատեսված ժամանակահատվածը»:

Հավելենք, որ Պաշտպանության նախարարությունից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ սեպտեմբերի 18-ին զորավարժություններին ընթացքին հետեւելու նպատակով Երեւան է ժամանելու Ռուսաստանի պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG