Մատչելիության հղումներ

Սեպտեմբերի 15-ի մամուլ


«Ժողովուրդ»-ը գրում է. - «Երեկ հայտնի դարձավ, որ սեպտեմբերի 6-ին Միացյալ Նահանգների Նյու Յորքի հարավային շրջանի Դատական ակտերի կատարման ծառայությունը կատարման է տրամադրել Կատարողական թերթ` Վարդան Այվազյանի հանդեպ` հօգուտ «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ՍՊԸ-ի պետք է գանձվի շուրջ 37 միլիոն 538 հազար ԱՄՆ դոլար: Ըստ վճռում եղած նյութերի` «2006 թվականին ընկերության դուստր ընկերություններից մեկը, որը Հանքավանի հանքավայրի լիցենզառուն էր, ենթարկվել էր կոռումպացված եւ ոչ պարտաճանաչ պահանջների Հայաստանի բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանի կողմից: «Գլոբալ Գոլդ Մայնինգ»-ը տեղեկացրել էր այդ իրավիճակի մասին Հայաստանի եւ Միացյալ Նահանգների համապատասխան մարմիններին: Արդյունքում ընկերությունը Հայաստանի բնապահպանության նախարար Վարդան Այվազյանի պատճառով կորցրել էր Հանքավանի հանքավայրի նկատմամբ հսկողությունը»:

«Հայոց Աշխարհ»-ը գրում է. - «Երեկ ՀԱԿ-ի համար պատմական օր էր: Մեկ տարի առաջ Տեր-Պետրոսյանի հրապարակած «քաղաքագիտական վերլուծությունից» հետո երեկ վերջապես կոնգրեսին հաջողվեց ըմբոշխնել «Բարգավաճ Հայաստանի» իրեն մերձենալու այնքան երազած պահը: Ճիշտ է, գարնանը միասնական շտաբի շրջանակներում այս ուժերը Դաշնակցության հետ մեկտեղ մեկ ամիս համագործակցել էին, բայց որ կգար օրը եւ տեղի կունենար ՀԱԿ-ԲՀԿ «տետ ա տետ» շփում, այս մեկը կոնգրեսը չէր պատկերացնում: Ի պաշտպանություն ազատազրկված երիտակտիվիստների, գլխավոր դատախազության շենքի դիմաց մինչեւ երեկ իրականացվող ուրբաթօրյա բողոքի ակցիաների հանդեպ, ինչպես հայտնի է, ԲՀԿ-ն անտարբեր էր, որեւէ ձեւով չէր արձագանքում: Իսկ երեկ «Բարգավաճը» որոշեց իր ներկայացուցչին «գործուղել» դատախազության շենքի մոտ, ուր ՀԱԿ-ը հերթական ակցիան էր կազմակերպել»:

«Հրապարակ»-ի մեկնաբանը գրում է. - « Հայ ազգային կոնգրեսի համակիրներն ուշի ուշով սպասում են սեպտեմբերի 21-ին՝ ակնկալելով, որ հենց այդ օրը ՀԱԿ-ը ներքաղաքական կյանքում որոշակի հստակություն կմտցնի՝ նախագահական ընտրություններում իր մասնակցության մասին հստակ հայտարարություն անելով: Չէ՞ որ 2007-ի հենց այդ օրը՝ սեպտեմբերի 21-ին, Տեր-Պետրոսյանն ազդարարեց իր վերադարձի մասին: Միայն թե այն ժամանակ քաղաքական իրավիճակն էր այլ, նրա կողքին էին բազմաթիվ մարդիկ, ովքեր այլեւս, հայտնի պատճառներով, ՀԱԿ-ում չեն: Հինգ տարի անց Լեւոն Տեր-Պետրոսյանը, փաստորեն, նույն խնդրի առաջ է կանգնած, եւ, ի տարբերություն հնգամյա վաղեմության, ասում են՝ այսօր դեռեւս որոշում չունի: Որոշման բացակայության մասին է վկայում սեպտեմբերին նախատեսված հանրահավաքի ձգձգումը, ինչի մասին ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը հայտարարել է Կոնգրեսի վերջին հանրահավաքի ժամանակ: Չկա որոշում, չկա ասելիք, հետեւաբար հանրահավաք անելու անհրաժեշտություն՝ եւս»:

«168 ժամ»-ի հետ զրույցում քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը ասում է. - «ԲՀԿ-ն մանեւրելով երկու դաշտերի միջեւ, փորձում է պահպանել ձայների այն պաշարը, որը ստացել է ԱԺ ընտրությունների արդյունքում, ինչը, կարծում եմ, բարդ խնդիր է: Այս պատճառով «Բարգավաճի» համար կարեւոր է ընդդիմադիր էլեկտորատի կողմից ստացած ձայների պահպանությունը: ԲՀԿ-ն հանդես է գալիս այլընտրանքային տարազով, որ համագործակցի նաեւ ընդդիմության հետ: ԲՀԿ-ի համար ընդդիմության հետ տարվող խաղն ինքնանպատակ չէ. նրանք ցանկանում են ընդդիմությանը որպես գործիք բանեցնելով` ճնշում գործադրել ՀՀԿ-ի վրա` ՀՀ նախագահից օգուտներ պոկելու նպատակով, ինչպես արեցին դա ՏԻՄ ընտրություններում: ԲՀԿ-ն ՀԱԿ-ին օգտագործում է որպես լծակ` ՀՀԿ-ից ու Սերժ Սարգսյանից օգուտներ քաղելու համար»: Հմայակ Հովհաննիսյանը նաեւ հայտարարել է, թե ԲՀԿ-ի «գերնպատակը վարչապետի պաշտոնին տիրանալն է, ինչը կուսակցությունը չի էլ թաքցնում»:

«Որեւէ քաղաքակն ուժի երբեւէ ոչ ոք իրավասու չէ զրկել հավակնություններից: Եվ տրամաբանություն չեմ տեսնում նման հայտարարությունների մեջ», - ասել է ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը` պատասխանելով «Ժամանակ» թերթի հարցին, թե ՀՀԿ-ականները չեն դադարում հայտարարել, որ ԲՀԿ-ն չի կարող հավակնություններ ունենալ վարչապետի պաշտոնի հարցում: Իսկ հարցին, թե շարունակելու է արդյոք ԲՀԿ-ն պնդել վարչապետի փոփոխության պահանջը, Ուրիխանյանը պատասխանել է. - «ԲՀԿ-ն արտահայտվել է եւ շարունակելու է արտահայտվել նույն կերպ եւ պատրաստակամ է ստանձնելու կամ ամբողջությամբ կամ մասնակի կառավարում եւ մտնելու պատասխանատվության տակ` եթե դրա համար կա ժողովրդական աջակցության անհրաժեշտ չափաբաժին»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG