Մատչելիության հղումներ

logo-print
Մոսկվայի կենտրոնում՝ Կրեստյանսկայա զաստավա հրապարակում, այսօր բողոքի հանրահավաք էր կազմակերպել «Հայ-ռուսական համագործակցություն» կազմակերպությունը՝ մոսկովյան հայկական մի շարք այլ կազմակերպությունների հետ միասին։ Շուրջ երեք հարյուր ցուցարարները իրենց զայրույթն էին հայտնում մարդասպան Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու եւ նրան ներում շնորհելու կապակցությամբ։

Բողոքն ուղղված էր Հունգարիայի եւ Ադրբեջանի կառավարություններին։ Ցուցարարների ձեռքին կային պաստառներ, որտեղ նշված էր, որ հայերը չեն բողոքում հասարակ հունգարացիների դեմ։

Ներկա էին ոչ միայն հայկական կազմակերպությունների ներկայացուցիչները, այլ նաեւ ռուսական, քրդական եւ հրեական կազմակերպություները ներկայացնող գործիչներ, ներկա էին Ռուսաստանի Պետական դումայի պատգամավորներ, այդ թվում նաեւ հայերի մեծ բարեկամ Վլադիմիր Ժիրինովսկին։

Ժիրինովսկին իր ելույթում քննադատեց ՆԱՏՕ-ին եւ Արեւմուտքին, հայերին իր գլխավորած Լիբերալ դեմոկրատական կուսակցության շարքերը համալրելու կոչ արեց, նաեւ ասաց՝ հայերը պետք է համախմբվեն։

«Դուք փոքր ազգ եք, բայց խելացի եք։ Ձեր ուժը ձեր միասնության մեջ պետք է լինի», - ասաց պատգամավորը։

Մինչեւ հանրահավաքը ադրբեջանական կայքերում այն տապալելու կոչեր էին հնչեցվել։ Հավանաբար այդ պատճառով հանրահավաքի վայրում բավականին մեծ թիվ էին կազմում ոստիկանները։ Այդուհանդերձ, հանրահավաքն անցավ հանգիստ, միջադեպեր չարձանագրվեցին։

Միջոցառման կազմակերպիչներից՝ Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Լեւոն Մուկանյանը «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց, որ իրենք 250 մասնակցի հայտ էին ներկայացրել քաղաքային իշխանություններին, սակայն ավելի շատ մարդ էր եկել։

Սա երկրորդ բողոքի միջոցառումն է Ռուսաստանի մայրաքաղաքում։ Առաջինը կազմակերպել էր Ռուսաստանի հայերի միությունը՝ Հունգարիայի դեսպանատան առջեւ։

Հիշեցնենք՝ Ռուսաստանը Հունգարիայի իշխանությունների կողմից հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելուն բավականին մեղմ էր վերաբերվել։ Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Լեւոն Մուկանյանն ասում է, որ սա իրականում հայկական հարց չէ միայն, այլ նաեւ ռուսական հարց է, քանի որ Ռուսաստանում ապրում է շուրջ երկու միլիոն հայ եւ նույնքան ադրբեջանցի։

«Ռուսաստանը պետք է ավելի կոշտ արձագանքեր», - նշեց Մուկանյանը։

«Արցախի բարեկամներ» կազմակերպության ղեկավար Էդուարդ Ղուլյանը համամիտ է եւ ընդգծում է, որ պաշտոնական Մոսկվայի արձագանքը չէր համապատասխանում կատարված ոճրագործությանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG