Մատչելիության հղումներ

Հունվար-օգոստոս ամիսներին երկրից մեկնածների թիվն աճել է 20,7 տոկոսով


Միգրացիոն պետական ծառայության հրապարակած տվյալների համաձայն, 2012թ. հունվար-օգոստոս ամիսներին ուղեւորահոսքերի բացասական մնացորդը՝ հանրապետությունից մեկնածների թվի գերազանցումը հանրապետություն ժամանածների թվին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 15,5 հազարով կամ 20,7%-ով եւ կազմել 90,8 հազար մարդ:

Միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում արտագաղթի ծավալներին վերաբերող մեր հարցին ի պատասխան հստակեցրեց, որ վերոհիշյալ թվերը վերաբերում են ուղեւորափոխադրումներին եւ ավելացրեց, թե այս տվյալների մասին հարցերին պատրաստ կլինի պատասխանել մեկ շաբաթից։

Միգրացիոն հարցերով անկախ փորձագետ Վարդան Գեւորգյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նկատեց` միայն անցած 8 ամիսների տվյալները հիմք ընդունելով՝ արտագաղթի պատկերի մասին խոսելը դեռ վաղ է: Բայց փորձագետը համեմատեց անցած ամիսների տվյալները եւ գնահատեց միտումները․ - «Տեմպը տագնապալից է այն առումով, որ ոչ միայն նախորդ ամիսների, այլ նաեւ նախորդ տարիների համեմատ դիտվել է բացասական հաշվեկշռի աճի միտում»։

Հայաստան ժամանումների եւ Հայաստանից մեկնումների թիվը 2012 թ-ի հունվար-օգոստոս ամիսներին` ըստ տրանսպորտային միջոցների տեսակների
Հայաստան ժամանումների եւ Հայաստանից մեկնումների թիվը 2012 թ-ի հունվար-օգոստոս ամիսներին` ըստ տրանսպորտային միջոցների տեսակների
Փորձագետն ուշադրություն հրավիրեց այս տարվա օգոստոսին արձանագրված թվերին։ Նրա խոսքով, անցած տարի օգոստոս ամսին Հայաստանում արձանագրվել է ուղեւորահոսքի դրական հաշվեկշիռ՝ Հայաստան է մտել 3-4 հազարով ավելի շատ մարդ, քան դուրս է եկել։ Մինչդեռ, այս տարի, Միգրացիոն ծառայության հրապարակած տվյալների համաձայն, հանրապետությունից մեկնածների թիվը գերազանցում է հանրապետություն ժամանածների թիվը 7 հազարով։

«Դա նշանակում է, որ եթե տարվա վերջին ամիսներին եւ ամառվա ամիսներին, որպես կանոն, մենք ունենում էինք դրական հաշվեկշիռ, որը բացատրվում էր աշխատանքային միգրանտների վերադարձով, ու ամառվա ամիսներին տուրիստական տեղաշարժերն ավելի շատ էին՝ մեզ մոտ եկողները, այս տարի նաեւ ցույց է տալիս, որ տուրիստների հաշվին էլ մենք չենք կարողանում բարելավել մեր միգրացիոն հաշվեկշիռը», - մեկնաբանում է փորձագետը։

Վարդան Գեւորգյանը նաեւ կարեւոր համարեց նկատի ունենալ արտագաղթի ալիքի մեծացման ժամանակահատվածը. - «Հետաքրքիր մի օրինաչափություն է դիտվել վերջին տարիների ընթացքում․ երկրից հեռացող հոսքերի ակտիվություն է դրսեւորվում քաղաքական ընտրություններից հետո։ Դա նշանակում է, որ մարդիկ եթե ինչ-որ ժամանակ սպասում են, որ ինչ-որ բան կարող է ընտրությունների հետ փոխվել, բայց ընտրությունների հետ որեւէ բան դեպի դրականը չի փոխվում, դրան հաջորդում են ինտենսիվ էմիգրացիոն հոսքեր»։

Երեւանից ոչ հեռու, Չարենցավան քաղաքի բնակիչները վկայեցին, որ շատերն են նախընտրում արտագաղթի ճանապարհը։

Մինչդեռ, Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե ոչ ոք այսօր չի կարող հերքել, որ արտագաղթ կա, սակայն նկատեց․ - «Բայց որ ներկայացվում է՝ այդպիսի մեծ մասշտաբների, ես չեմ կարող ասել, որ մեծ մասշտաբների կա։ Իհարկե, Սովետական Միության տարիներին մոտավորապես բնակչության թիվը հասնում էր 40 հազարի, բայց այս 15-20 տարվա ընթացքում այդ թիվը 25 հազար 100 մարդ է»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG