Մատչելիության հղումներ

Վաղը «Բաղրամյան» զորավարժարանում մեկնարկող ՀԱՊԿ ուժերի զորավարժությունների գլխավոր նպատակն է մեծացնել կազմակերպության անդամ երկրների կարողությունները, որոնք ուղղված են սեփական անվտանգության ապահովմանը: Այսօր «Սարդարապատ» հուշահամալիրում, պատասխանելով լրագրողների հարցերին, այս մասին ասաց Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Օհանյանը հավելեց, թե զորավարժությունները նաեւ ցույց կտան, թե ինչքան արագ են գործում ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման ուժերը:

Ինչպես հայտնի է, վաղը` սեպտեմբերի 15-ին հայկական բանակի «Բաղրամյան» զորավարժարանում` ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի մասնակցությամբ մեկնարկելու են «Փոխգործակցություն-2012» համատեղ զորավարժությունները:

«Ամենակարեւոր ռազմաքաղաքական խնդիրը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ընդհանուր անվտանգության միջավայրի ստեղծման մեր կարողությունների ավելացումն է», - պատասխանելով առաջիկա զորավարժություններից Հայաստանի ակնկալիքների մասին «Ազատություն» ռադիոկայանի հարցին, մասնավորապես ասաց ՀՀ պաշտպանության նախարարը։

Վերջին շաբաթներին պաշտոնանկ արվեցին Զինված ուժերի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ։ Օգոստոսի 9-ին նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով պաշտոնից ազատվեց Հայաստանի զինվորական կոմիսար, գեներալ-մայոր Սերգեյ Չալյանը, իսկ մոտ մեկ ամիս անց` սեպտեմբերի 6-ին նախագահը հրամանագիր ստորագրեց ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Արշալուս Փայտյանին պաշտոնից ազատելու մասին: Նշենք, որ Փայտյանը պատասխանատու էր սպառազինութան, գնումների, ֆինանսական այլ հարցերի գծով: Փայտյանի պաշտոնանկությունից օրեր առաջ էլ աշխատանքից ազատվել էր Գլխավոր շտաբի պետի մեկ այլ տեղակալ` Վալերի Գրիգորյանը: Եվ ահա, այսօր պաշտպանության նախարարից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ են նշանակում այդ բարձրաստիճան պաշտոնանկությունները:

«Գեներալ Վալերի Գրիգորյանը պաշտոնանկ չի արվել․ տարիքի կապակցությամբ անցել է պահեստազոր։ Մնացած պաշտոնանկությունները կապված են պարտականությունների կատարման հետ եւ այն իրողության հետ, որ շատ մարդիկ այսօրվա բարեփոխումներին չեն դիմանում կամ չեն կարողանում լայն կամ ամբողջ ուժերով ընդգրկվել», - պատասխանեց Սեյրան Օհանյանը։

Պաշտպանության նախարարն անդրադարձավ նաև պաշտպանության նախարարության կենտրոնական արխիվի պետի ձերբակալությանը, որը տեղի է ունեցել երկու օր առաջ` սեպտեմբերի 12-ին․ - «Արխիվի պետը ռազմական ոստիկանության համապատասխան օպերատիվ միջոցառումների արդյունքում ձերբակալվել է խախտումների համար․ պարտականությունների մեջ թերանալու եւ նաեւ զորակոչի հետ կապված խնդիրներում, նախնական տվյալներով, ոչ արդար պահվածքի համար»։

Հայաստանի պաշտպանության նախարարը արձագանքեց Եվրախորհրդարանի կողմից երեկ ընդունված հատուկ բանաձեւին, որով դատապարտվում է մարդասպան Ռամիլ Սաֆարովին ազատ արձակելու՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի որոշումը:

«Սա նշանակում է, որ միջազգային հանրությունն էլ է քաջ գիտակցում այն սխալը, որը տեղի է ունեցել ե՛ւ Հունգարիայի պետության մոտ, ե՛ւ նաեւ Ադրբեջանում», - կարծիք հայտնեց Սեյրան Օհանյանը։
XS
SM
MD
LG