Մատչելիության հղումներ

Երեւանից Ապարան տանող ճանապարհին` «Տառերի պուրակի» մոտ գտնվող բլրի վրա տեղադրվում է 33 մետր բարձրությամբ մետաղական խաչ:

Խաչը բաղկացած է 1712 մեծ ու փոքր խաչերից, որոնք խորհրդանշում են Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելուց հետո անցած տարիները, եւ դրանց թիվը ամեն տարի կավելանա եւս մեկով: Խորհրդանշական է նաեւ խաչի համար որպես պատվանդան ծառայող քարակերտ մատուռի բարձրությունը` 301 սմ. այդ թվականին է քրիստոնեությունը Հայաստանում հռչակվել որպես պետական կրոն: Վերջապես խորհրդանշական է նաեւ խաչի բարձրությունը` 33 մետր. Հիսուս Քրիստոսը խաչվեց հենց այդ տարիքում:

Բլրի ստորոտում կառուցվում է ծիսական արարողությունների, նաեւ հոգեւոր երաժշտության համերգների համար նախատեսվող բաց խորան:

Աշխատանքները, ըստ շինարարների, կավարտվեն մինչեւ Անկախության տոնը` սեպտեմբեր 21-ը:

Նախագծի հեղինակներից ճարտարապետ Անդրանիկ Սարգսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փոխանցեց, որ «Նիգ Ապարան» հայրենակցական միության նախաձեռնությամբ իրականացվող աշխատանքները սկսվել են մեկ տարի առաջ:

Կոթողի տեղադրման համար ընտրված բլրից տեսանելի են Արարատը, Արագածը եւ Արա լեռը:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG