Մատչելիության հղումներ

Արա Հարությունյանը՝ ԼՂ վարչապետ


Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի բացարձակ մեծամասնությունը համաձայնություն տվեց նախագահ Բակո Սահակյանի կողմից Արա Հարությունյանին վարչապետ նշանակելու մասին որոշմանը:

Նիստին ներկա բոլոր 30 պատգամավորները կողմ քվեարկեցին։

Ընդդիմադիր պատգամավոր Վիտալի Բալասանյանը, ինչպես նաեւ նրա համախոհ Վահան Բադասյանը Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի խոսքերով՝ հարգելի պատճառներով ներկա չէին նիստին:

Վարչապետի պաշտոնում վերանշանակված Արա Հարությունյանը խոստացավ գործել նոր եռանդով եւ ավելի մեծ պատասխանատվություն ստանձնել։

«Մենք պատրաստ ենք բարեփոխել մեր տնտեսությունն ու կյանքի մյուս ասպարեզներն այնպես, որ բարելավման պտուղները քաղեն մեր բոլոր քաղաքացիները», - նշեց վարչապետը։ - «Առաջիկայում կձեւավորվի նոր կառավարություն։ Համոզված եմ՝ այն կլինի առավել գործունակ եւ արհեստավարժ, կունենա մեր Հանրապետությանն ու ժամանակի պահանջներին համապատասխան կառուցվածք եւ կընդունի նոր գործունեության ծրագիրը»։

Արա Հարությունյանը նշեց, որ կառավարության նոր ծրագիրը կներառի նախագահի նախընտրական ծրագրի առանցքային դրույթները, ինչպես նաեւ նախընտրական քարոզարշավի ընթացքում հանրությունից ստացած «հիմնավոր առաջարկությունները», կառավարության նոր նախանշումները եւ քաղաքական ուժերի առաջադրած նախագծերը։

Բացի այն, որ երեսուն ներկա պատգամավորները միաձայն կողմ քվեարկեցին վարչապետի թեկնածությանը, նրանք նաեւ հարց չուղղեցին՝ ասելով, որ մինչ նիստը առիթներ են եղել վարչապետի հետ հանդիպելու եւ նրան հարցեր ուղղելու, ինչպես նաեւ մտահոգությունների մասին խոսելու:

Արա Հարությունյանը առաջին անգամ վարչապետ է նշանակվել 2007 թվականին: Նա ներկայացնում է «Ազատ Հայրենիք» կուսակցությունը, որը նախորդ եւ ներկայիս գումարման Ազգային ժողովում կազմում է մեծամասնություն:

Մինչեւ քաղաքականությամբ զբաղվելը Արա Հարությունյանը զբաղվում էր գյուղատնտեսությամբ եւ համարվում էր Ղարաբաղի ամենահաջողակ գործարարներից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG