Մատչելիության հղումներ

Օմբուդսմեն. «Զինվորների մահվան մի քանի գործերով թույլ են տրվել խախտումներ»


Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը ասուլիսի ժամանակ, արխիվային լուսանկար

Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը ասուլիսի ժամանակ, արխիվային լուսանկար

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը նման առնվազն 8 գործ է ուսումնասիրել։

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի բարձրաձայնում է, որ խաղաղ պայմաններում բանակում զինվորների մահվան մի քանի գործերով թույլ են տրվել խախտումներ, որոնք կարող են լինել ոչ օբյեկտիվ քննության արդյունք:

Այդ մասին օմբուդսմենը ասաց «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում` մանրամասնելով, որ իր գրասենյակը, արձագանքելով հասարակական բողոքներին, մոտ մեկ տարի առաջ ձեռնամուխ եղավ զինվորների մահվան դեպքերին վերաբերող քրեական գործերից 8-ի ուսումնասիրությանը:

«Դեռեւս մեկ տարի առաջ այդ 8 գործերով, որոնք մենք ենք ուսումնասիրել` մեր մասնագետները` զոհված զինծառայողների ծնողների հետ, մենք վկայակոչել ենք մի շարք խախտումներ, որոնց մասին փաստում են կամ աղաղակում են այդ ծնողները։ Եվ այդ խախտումները հենց կարող են լինել այն ոչ օբյեկտիվ, ոչ լրիվ քննության գոնե մեր կասկածները, որոնք կարող են լիարժեք վերջնական պատասխան ստանալ ժամանակավոր հանձնաժողովի կողմից», - ասաց Կարեն Անդրեասյանը։

Հինգշաբթի օրը մարդու իրավունքների պաշտպանը հանդես է եկել հայտարարությամբ, որում իր աջակցությունն է հայտնում խաղաղ պայմաններում մահացած զինվորների ծնողների նախաձեռնությանը` Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծել` զինվորների մահվան դեպքերին վերաբերող գործերը քննելու համար:

«Պետք է կարողանալ շահարկումը ու վիշտը տարբերակել թույլ տրված իսկական խախտումից։ Դրա մասին մենք խոսում ենք արդեն մեկ տարի է, եւ եթե ստեղծվի այդ մշտական հանձնաժողովը, սա լուրջ քայլ կարող է դառնալ մեր հասարակությունում այս լարված վիճակը լիցքաթափելու` հենց զինծառայողների մահվան դեպքերի հետ կապված, նաեւ ապագայում կանխելու ոչ լրիվ, ոչ օբյեկտիվ քննությունները, որոնք հաստատ եղել են նախկինում, կարող են լինել այսօր եւ լինել վաղը, եթե մենք համարժեք քայլեր չձեռնարկենք», - ընդգծեց օմբուդսմենը։

Նա հավելեց, որ նման հանձնաժողովի ստեղծումը կարող է լուրջ աջակցություն լինել բանակում մահացածների ծնողներին, որպեսզի նրանք կարողանան պայքարել իրենց իրավունքների վերականգնման համար:

Խաղաղ պայմաններում բանակում մահացած զինվորների ծնողները սեպտեմբերի 10-ին դիմում հասցեագրեցին Ազգային ժողովի նախագահին, որով պահանջում են ստեղծել ժամանակավոր հանձնաժողով՝ պատգամավորական բոլոր խմբակցություններից, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչներից և շահագրգիռ այլ անձանցից, որն էլ կուսումնասիրի մահացած զինվորների հետ կապված քրեական գործերը:
XS
SM
MD
LG