Մատչելիության հղումներ

Սեպտեմբերի 14-ի մամուլ


Գնահատելով ադրբեջանցի մարդասպան Սաֆարովի հարցով Եվրախորհրդարանի ընդունած բանաձեւը` «Ժողովուրդ» թերթի խմբագրականն ամփոփում է. - «ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը երեկ շտապել է իր խորին շնորհակալությունը հայտնել «Ստրասբուրգում աշխատող մեր դիվանագետներին»` ընդունված բանաձեւը գնահատելով որպես «լավագույն օրինակ եւ ապացույց այն բանի, որ մեր դիվանագետներն ի զորու են լիարժեք կատարել այն խնդիրները, որոնք բխում են ՀՀ շահերից»: Եթե այս բանաձեւն է մեր դիվանագետների աշխատանքի որակի «լավագույն օրինակը», ապա մեր վիճակը, մեղմ ասած, վատ է, եւ միգուցե արժեր, որ պարոն Զաքարյանը փոքր-ինչ զսպեր իր գոհունակությունն առ այս ոչինչ չասող փաստաթուղթը, որն ընդամենը նվազագույնն էր, ինչ պարտավոր էր անել Եվրախորհրդարանը` ընդ որում ոչ թե Հայաստանի, այլ սեփական դեմքը փրկելու համար: Կասկածելով, որ Եվրախորհրդարանի ղեկավարությունը հետեւում է հայկական պատվիրակության անդամների գնահատականներին` այդուհանդերձ հարկ ենք համարում նշել, որ նման անթաքույց հրճվանքով մենք ավելորդ անգամ եվրոպացիներին տեղիք ենք տալիս մտածելու, որ նրանք կարող էին եւ այդքանն էլ չանել, եթե մենք ահա սրանից էլ ենք այդչափ գոհ»:

Թեման շարունակում է «Ժամանակ» օրաթերթը. - «Ընդհանուր առմամբ, Եվրախորհրդարանի բանաձեւը կարելի համարել Հայաստանի համար ո'չ տաք, ո'չ սառը: Դա մի գոլ բանաձեւ է, որտեղ մեր դիվանագիտությունը, անշուշտ, կարող է մատնանշել հաջողություններ, սակայն միեւնույն ժամանակ հազիվ թե կարողանա ցույց տալ, թե այդ հաջողությունները, ըստ էության, ինչ են փոխելու տարածաշրջանային առկա իրավիճակում, եթե Եվրախորհրդարանը հերթական անգամ շեշտել է երկու կողմերից բանակցությունը շարունակելու անհրաժեշտությունը: Ըստ էության, այդ հավասարության նշանը, որ դրվում է Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ, կարծես թե չեզոքացնում է բանաձեւի բոլոր մյուս դրույթները, որոնք կարող են հաճո լինել Հայաստանին եւ լինել շահեկան: Բանն այն է, որ Ադրբեջանի որոշումը` ազատ արձակել մարդասպանին, հենց հետեւանքն է այն բանի, որ Եվրոպան մշտապես փորձել է գրեթե բոլոր կառույցներում եւ ինստիտուտներում հավասարության նշան դնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Եվ թերեւս սա ամենաէական պահն է, ամենաէական բացթողումը, որի պատասխանատվությունը թե’ Հայաստանի դիվանագիտության վրա է ընկնում, թե’ ընկնում է եվրոպական քաղաքականության վրա»:

«Հայոց Աշխարհ»-ի թղթակիցը զրուցել է իշխող Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Մկրտիչ Մինասյանի հետ: «ԲՀԿ խմբակցության անդամներից մեկը օրերս հայտարարել է, որ ՀՀԿ-ի հետ իրենց «կռիվը» գաղափարական հողի վրա է։ Գաղափարական ի՞նչ տարաձայնությունների մասին է խոսքը» հարցին Մինասյանը պատասխանում է. - « Քաղաքական գործիչներն ունեն քաշային կատեգորիաներ։ Գաղափարական տարաձայնությունների մասին կարող են խոսել կուսակցությունների լիդերները կամ գոնե նրանց տեղակալները։ Ես, օրինակ, ինձ երբեք թույլ չեմ տա ասել, որ Հանրապետականը գաղափարական տարաձայնություն ունի այս կամ այն կուսակցության հետ, եթե այդպիսի քննարկում խորհրդում կամ գործադիրում չի եղել։ Կարծում եմ, բոլորս, առավել եւս խորհրդարանական կուսակցությունները, առաջին հերթին քաղաքական լուրջ կշիռ ունեցող քաղաքական ուժերի ներկայացուցիչները, մինչեւ քաղաքական տեսակետ հայտնելը կամ գաղափարական տարաձայնության մասին մտքեր տարածելը պիտի հազար անգամ ծանրութեթեւ անեն»։

«Իրատես de facto» թերթն անդրադառնում է բերքառատ տարվա հարուցած խնդիրներին. - «Եթե տարին բերքառատ չլիներ եւ եղանակային պայմանները` աննպաստ, տեղային անձրեւներ, լիներ երաշտ կամ էլ մեկ այլ «աղետ», ապա, իհարկե, գյուղնախարարությունը կբարդեր մեղքը եղանակային պայմանների վրա եւ կապացուցեր, որ մարդն անզոր է բնության առջեւ։ Սակայն, երբ իսկապես, Աստված հաճեց, որ 2012-ը բերքառատ լինի Հայաստանի համար, ապա այս դեպքում նույն պաշտոնյաները, մոռանալով եղանակային նպաստավորության մասին, նշելու են, որ իրենց հաջողվել է ապահովել եւ գերակատարել սահմանված ցուցանիշը։ Բոլոր դեպքերում, ով ինչ էլ ասի, փաստը մնում է փաստ, որ տարին իսկապես բերքառատ է եւ Աստված բարեհաճ։ Սակայն երբ հարցն ուսումնասիրում ես տեղում եւ զրուցում գյուղացիների հետ, ապա պարզվում է, որ բերքատվությունն իր հետեւից լուրջ խնդիրներ է առաջացրել գյուղացու համար. նա մնացել է մեն-մենակ իր բերքի հետ։ Եվ սա այն պատճառով, որ տեղ չկա բերքն իրացնելու համար։ Համաձայնեք, որ սա այն խնդիրն է, որ միայն գյուղացին ինքը չի կարողանա լուծել»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG