Մատչելիության հղումներ

Մեկնարկեց Վահե Ավետյանի գործով դատավարությունը


Մոմավառություն «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ` ի հիշատակ Վահե Ավետյանի, Երեւան, 30-ը հունիսի, 2012թ.

Մոմավառություն «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ` ի հիշատակ Վահե Ավետյանի, Երեւան, 30-ը հունիսի, 2012թ.

Ավան եւ Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր մեկնարկեց հունիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով դատավարությունը:

Միջադեպի արդյունքում մահացու վնասվածքներ ստացած եւ 12 օր անց մահացած Վահե Ավետյանի իրավահաջորդը` նրա հայր Գառնիկ Ավետյանը, դատական նիստին չէր ներկայացել։ Նա դժգոհում է որդու մահվան առիթ հանդիսացած միջադեպի գործով քննությունից։ Նախաքննության ընթացքից շատ մեծ դժգոհություններ էին հայտնում նաեւ Վահե Ավետյանի իրավահաջորդի փաստաբանները։

Գործով դատաքննությունը վստահվել է 30-ամյա դատավոր Դավիթ Հարությունյանին:

Դատական առաջին նիստին մեղադրող Արթուր Դավթյանին բացարկ հայտնեց ամբաստանյալ Նորայր Հայրապետյանի պաշտպան Երեմ Սարգսյանը: Նա, մասնավորապես, նշեց, թե իր պաշտպանյալը ձերբակալվել է օրենքի խախտումներով: Պաշտպանը բացարկի միջնորդության մեջ նշեց, որ դատախազը մերժել է Վահե Ավետյանի դիակի դատաբժշկական կրկնակի փորձաքննություն անցկացնելու միջնորդությունը: Իսկ այդ միջնորդությունը բավարարելու դեպքում, ըստ պաշտպանի, հնարավոր կլիներ պարզել, թե ամբաստանյալներից որի հարվածն է հանգեցրել Վահե Ավետյանի մահվանը։

«[Կրկնակի փորձաքննության] հանգամանքը խիստ կարեւոր նշանակություն ունի մեղադրյալների արարքներին ճիշտ իրավական գնահատական տալու համար», - հավելեց Երեմ Սարգսյանը։

Հիշեցնենք, որ Վահե Ավետյանի իրավահաջորդի ներկայացուցիչների՝ ավելի վաղ ներկայացրած եւ մերժված միջնորդություններից մեկը եւս առնչություն ուներ ամբաստանյալների արարքներին ճիշտ իրավական գնահատական տալու հետ: Վահե Ավետյանի իրավահաջորդի ներկայացուցիչներ Լուսինե Հակոբյանը եւ Տիգրան Եգորյանը նախաքննական մարմնին միջնորդել էին անցկացնել հանձնաժողովային փորձաքննություն` նեյրովիրաբուժական բաժանմունքների ղեկավարների մասնակցությամբ պարզելու, թե դատաբժշկական փորձաքննության մեջ նկարագրված վնասվածքները եղել են ծա՞նր, որոնք հանգեցրել են մահվան, թե՞ դրանք եղել են կյանքի հետ անհամատեղելի: Այս հարցերի պարզաբանման դեպքում արդեն կասկածի տակ կառնվեին ամբաստանյալներին ներկայացված մեղադրանքները, որոնք տուժող կողմի, ինչպես նաեւ այս գործի մեջ չներգրավված անկախ իրավաբանների պնդմամբ՝ շատ մեղմ են։

Վերադառնանք այսօր մեկնարկած դատավարությանը: Հանրային ուշադրության կենտրոնում գտնվող դատավարությանը հետեւողները դժգոհում էին դատարանի առաջարկած պայմաններից: Կողմերի խոսքերը լսելի չէին նիստին հետեւել ցանկացող քաղաքացիների համար, եւ դատավորը երկու քաղաքացու նկատողություն արեց, քանի որ նրանք խնդրում էին, որ ի վերջո լսելի դառնա, թե ինչ է կատարվում դատարանի դահլիճում: Դատական կարգադրիչների եւ լրագրողների միջեւ տեղի էին ունենում վեճեր` լրագրողների աշխատանքի համար համապատասխան պայմանների բացակայության պատճառով:

Կարգադրիչները վեճի մեջ մտան նաեւ Վահե Ավետյանի իրավահաջորդի ներկայացուցիչ փաստաբանների հետ, որոնք պահանջում էին իրենց դատարանի դահլիճ ներս թողնել այն սկզբունքով, ինչ սկզբուքնով որ ներս են թողնում իբրեւ «քրեականի աշխատակիցներ» ներկայացող անձանց։ Ի վերջո դատավորը որոշեց, որ փաստաբանները կարող են դահլիճ մտնել առանց ստուգման` միայն վկայականը ցույց տալով:

Ապա դատավորը ամբաստանյալ Արման Խաչատրյանին հուշեց փաստաբան ունենալու հնարավորության մասին: Վերջինս, որ նախ ասում էր, թե փաստաբանի կարիք չունի, ապա ավելացրեց, թե համաձայն է փաստաբան ունենալ:

Դատական հաջորդ նիստը նշանակված է սեպտեմբերի 24-ին:
XS
SM
MD
LG