Մատչելիության հղումներ

Շարմազանով․ Առաջիկա ընտրություններում բացահայտ ֆավորիտը գործող նախագահն է


Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը
Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը
Մի քանի ամսից կայանալիք նախագահական ընտրություններում բոլոր մյուս թեկնածուները պայքարելու են երկրորդ տեղի համար, քանի որ առաջին տեղում նախագահ Սերժ Սարգսյանն է լինելու։ Այս մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարեց Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

«Ճիշտ է, մենք ակնկալում ենք մրցակցային, նորմալ, ժողովրդավարական պայքար, բայց այդուհանդերձ պետք է նշեմ, որ պայքարը կգնա երկրորդ տեղի համար, որովհետեւ առաջին տեղի բացահայտ ֆավորիտը հստակ է բոլորի համար՝ դա գործող նախագահն է», - ասաց Շարմազանովը։ - «Համոզված եմ, որովհետեւ այս տարիների ընթացքում թե՛ նախագահի անձը, թե՛ նրա իրականացրած բարեփոխումները, թե՛ երկրում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտի փոփոխությունը, թե՛ համարձակ քայլերը արտաքին եւ ներքին քաղաքականության, ինչու չէ՝ նաեւ պառլամենտական ընտրությունները, ՏԻՄ ընտրությունները, որոնք ցույց են տալիս, որ իշխող քաղաքական ուժի վարկանիշը շատ բարձր է։ Դրան գումարենք, որ նախագահի վարկանիշը ավելի բարձր է, քան իշխող քաղաքական ուժի վարկանիշը»։

«Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ ԲՀԿ-ի աջակցությունը առանցքայի՞ն է Հանրապետականի համար, Շարմազանովը պատասխանեց․ - «Մեզ համար առանցքային է թե՛ քաղաքական ուժերի, թե՛ հասարակության աջակցությունը։ Եվ առաջադրվելու է մի պատճառով՝ որովհետեւ մենք տեսնում ենք, որ մեր բարեփոխումները ե՛ւ արդյունք են տալիս, ե՛ւ նաեւ բազմաթիվ անելիքներ կան մեր երկրում, որը պետք է ղեկավարի գործող նախագահ Սերժ Սարգսյանը»։

Պատասխանելով մեր այն հարցին, թե հաշվի առնելով այն սուր քննադատությունը, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հնչեցնում է Հանրապետականի հասցեին, արդյո՞ք ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը կսատարի Սերժ Սարգսյանին, Էդուարդ Շարմազանովն ասաց, թե դա «Բարգավաճ Հայաստան» կուսակցության որոշելիքն է, եւ իրենք հարգանքով կվերաբերվեն ԲՀԿ-ի ցանկացած որոշմանը։ Շարմազանովն ընդգծեց, որ Գագիկ Ծառուկյանը 2011-ին կնքած կոալիցիոն հուշագրից հետո առայժմ որեւէ այլ բան չի հայտարարել, իսկ հուշագրում Ծառուկյանը ստորագրել է, որ 2013-ին պաշտպանելու է գործող նախագահի թեկնածությունը։

Հանրապետական կուսակցության փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյան
Հանրապետական կուսակցության փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյան
Իշխող Հանրապետական կուսակցության մեկ այլ ներկայացուցիչ՝ Հանրապետականի փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանն էլ ասում է, թե իր ցանկությունն է, որ ԲՀԿ-ն առաջիկա նախագահական ընտրություններին սեփական թեկնածուով չմասնակցի, այլ սատարի Սերժ Սարգսյանին։ Զոհրաբյանը հիշեցնում է Գյումրիում տեղի ունեցած քաղաքապետի ընտրությունները, որտեղ Հանրապետականը թեկնածու չառաջադրեց եւ պաշտպանեց ԲՀԿ թեկնածու Սամվել Բալասանյանին։ Զոհրաբյանի փոխանցմամբ, սա ցույց է տալիս, որ ԲՀԿ-ի հետ կան համագործակցության եզրեր․ - «Եթե մենք կարողանում ենք պաշտպանել ԲՀԿ-ի թեկնածուին, ապա ինչու իրենք չեն կարող մասնակի պաշտպանել նաեւ Հանրապետական թեկնածուին՝ ասենք նախագահական ընտրություններում։ Ճիշտ է, Գագիկ Ծառուկյանն է նախագահը, բայց կան մարդիկ, ովքեր նաեւ համակրում են մեզ»։

Նշենք, որ թեեւ Գյումրիի քաղաքապետի ընտրություններից առաջ Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե ԲՀԿ-ն Հանրապետականի թշնամի կուսակցությունը չէ, եւ ոչ էլ հակառակորդը, սակայն անգամ այդ հայտարարությունը որեւէ կերպ չմեղմեց երկու կուսակցությունների միջեւ լարված հարաբերությունները։

«Բարգավաճ Հայաստան»-ի եւ Հանրապետականի միջեւ կրքերը կրկին թեժացան այն բանից հետո, երբ ԲՀԿ խոսնակը լուրջ մեղադրանքներ հնչեցրեց հանրապետական վարչապետի հասցեին՝ նշելով, որ Տիգրան Սարգսյանը ամեն ինչ անում է Գագիկ Ծառուկյանին վարկաբեկելու համար։ ԲՀԿ խոսնակը ընդգծել էր, թե վարչապետի խայտառակ եւ անարդյունավետ տնտեսական քաղաքականության արդյունքում արտագաղթի, աղքատության տեմպերը այլեւս լրջագույն վտանգ են երկրի Ազգային անվտանգության համար։

Այս հայտարարությանը հաջորդեց հանրապետականների պատասխանը, որտեղ նրանք շեշտեցին, թե Հանրապետականը պաշտպանում է վարչապետի կողմից իրականացվող քաղաքականությունը ու քայլերը, եւ վարչապետի փոփոխության հարց չի քննարկում։

Այսօր մեզ հետ զրույցում Հանրապետականի փոխնախագահ, պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանը, անդրադառնալով ԲՀԿ-ի կողմից իրենց ներկայացվող պահանջներին, ընդգծեց, որ քաղաքական ուժերը ինչ քվե որ ստացել են հանրությունից, այդ քվեին համապատասխան պահանջներ պետք է դնեն իշխանությունների առջեւ։

«Ստանում ես այնքան, ինչքան որ վաստակել ես», - ասաց Զոհրաբյանը, - «Համարժեք պետք է խոսել, ոչ թե խոսնակի կամ մյուսի անունով ասել մենք վարչապետ ենք ուզում փոփոխել։ Մենք էլ ասում ենք, որ այդ ստացած քվեների համապատասխան, դուք չեք փոխում վարչապետ։ Վարչապետ փոփոխում է մեծամասնությունը՝ նախագահի գլխավորությամբ։ Խնդիրը սրանում է․ պետք է ճիշտ վերլուծել եւ ընկալել իրենց տեղը քաղաքական դաշտում»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG