Մատչելիության հղումներ

Սաֆարյանը չի հաստատում մանդատ ստանալու մասին լուրերը


Նախկին պատգամավոր Ստեփան Սաֆարյան

Նախկին պատգամավոր Ստեփան Սաֆարյան

«Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության նախկին ղեկավար, նախկին պատգամավոր Ստեփան Սաֆարյանը չի հաստատում շրջանառվող տեղեկությունները, թե կուսակցությունում օրերս մանդատից հրաժարված «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի պատգամավորական տեղը Սաֆարյանին հատկացնելու մասին նախնական որոշում կա:

Հիշեցնենք, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը Հովհաննիսյանի` մանդատը չվերցնելու որոշումը պայմանավորել էր առաջիկա նախագահական ընտրություններով: Անցած կիրակի կուսակցության վարչությունը հավանություն էր տվել Րաֆֆի Հովհաննիսյանի համապատասխան զեկուցմանը եւ նախագահական ընտրություններին ընդառաջ հարգել էր պատգամավորի մանդատը չվերցնելու վերջինիս որոշումը:

Այսօր պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին` Սաֆարյանը իր պատգամավոր դառնալու հնարավորության մասին լուրերի առնչությամբ նշեց. - «Չեն համապատասխանում այնքանով, որքան այդ եւ նման հարցերի քննարկում «Ժառանգություն» կուսակցությունում դեռեւս, կամ ընդհանրապես, կամ մինչեւ այս պահը չի եղել»:

Հարցին, թե երբ կարո՞ղ են տեղի ունենալ նման քննարկումներ եւ երբ կուսակցությունը վերջնական որոշում կկայացնի այդ հարցի առնչությամբ, Սաֆարյանը պատասխանեց. - «Եթե կլինի, մենք էլ կիմանանք, որովհետեւ այս պահի դրությամբ որեւէ մեկը չի քննարկել այդ խնդիրը: Հետեւաբար այս պահի դրությամբ ուղղակի պիտի ի գիտություն ընդունել այն, որ այդ մանդատին հավակնում է ցուցակի հաջորդ համարը եւ ոչ ավելին»:

«Ժառանգության» համամասնական ցուցակում հաջորդը քաղաքագետ, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Թեւան Պողոսյանն է: Վերջինիս հաջորդում է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ Մասիս Այվազյանը: Այվազյանից հետո միայն` ցուցակի 8-րդ հորիզոնականում նշված է Ստեփան Սաֆարյանի անունը:

Սաֆարյանը ասաց` այս պահի դրությամբ բացառում է, որ ցուցակում, այնուամենայնիվ, տեղաշարժ կլինի եւ նրան կգործուղեն խորհրդարան:

Նախկին պատգամավորը ավելի վաղ հայտարարել էր Ավանի թիվ 1 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններին մասնակցելու իր մտադրության մասին: Տակավին հայտնի չէ, թե կկայանա՞ն արդյոք այդ ընտրությունները, քանի որ այդ ընտրատարածքից պատգամավոր ընտրված Ռուբեն Հայրապետյանը դեռեւս վերջնական որոշում չի կայացրել պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին:
XS
SM
MD
LG