Մատչելիության հղումներ

Լեռնային Ղարաբաղում ստեղծագործող նկարիչների աշխատանքները Երեւանում ցուցադրվում են 3 տարին մեկ անգամ` Նկարչի տանը կազմակերպվող ցուցահանդեսում:

Այսօր բացված ցուցահանդեսը թվով երրորդն է:

«Եկել ենք ներկայանալու համայն հայության մայրաքաղաքում», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց գեղանկարիչ Սամվել Թավադյանը:

Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը գոհունակությամբ արձանագրեց, որ ամեն անգամ ավելանում է ցուցահանդեսի երիտասարդ մասնակիցների թիվը:

«Շատ լավ կլիներ, որ համատեղ երիտասարդական ստեղծագործական ճամբարներ արվեին Սեւանում, Շորժայում, Շուշիում», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հավալեց նախարարը:

Արցախի գեղանկարիչների միության նախագահ Լենորդ Զաքարյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ 1993 թվականին ստեղծված միությունն արդեն 30 անդամ ունի: Միություն շուտով կունենա նաեւ նոր ցուցասրահ:

«Վերանորոգման մեջ է: Շատ լավ ցուցասրահ է հենց Ստեփանակերտի կենտրոնում», - նշեց նա:

Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը վստահեցրեց, որ ավանդական դարձած այս ցուցահանդեսներն անպայման շարունակվելու են:

«Ինձ շատ ուրախացնում է, որ Արցախը, որը ամբողջ աշխարհի համար մի լարված կետ է, բայց պարզվում է, որ այնտեղ ապրում են մարդիկ, որոնք այնքան ամուր են, այնքան ոգով մեծ են, որ արարում են բոլոր պայմաններում», - նշեց Աղամյանը:
XS
SM
MD
LG