Մատչելիության հղումներ

Բողոքարկվել են Բուլղարիա-Հայաստան խաղի մի շարք դրվագներ


Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան բողոքարկել է խաղի մի շարք դրվագներ: Թե որոնք են այդ դրվագները, ֆեդերացիայի նախագահի խորհրդական Արայիկ Մանուկյանը չի նշում:

Բուլղարական մի շարք լրատվամիջոցներ այսօր լուրեր էին տարածել այն մասին, որ հայկական կողմը բողոք է ներկայացրել բուլղար երկրպագուներին պատժելու եւ մրցավարի կողմից նշանակված երկու կարմիր քարտերի մասով: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Մանուկյանը ասաց, որ այդ լուրերը իրականությանը չեն համապատասխանում:

«Բողոքարկվել են միայն այն դրվագները, որոնք ֆուտբոլի ազգային ֆեդերացիաները, ըստ ՖԻՖԱ-ի կանոնակարգերի, իրավունք ունեն բողոքարկելու: Դրանք բացառապես կապված են ֆուտբոլային խաղի կանոնների հետ»:

Մանուկյանի խոսքով` ֆուտբոլային հանդիպման կազմակերպման, կարգապահական եւ մի շարք այլ դրվագներով զեկույց ներկայացնելու եւ դրանք արձանագրելու իրավունքը պատկանում է միայն ՖԻՖԱ-ի կոմիսարին: Այդ զեկույցը ՖԻՖԱ-ում կքննարկվի առաջիկայում: Մոտ օրերս կքննարկվի նաեւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի բողոքը: Այն հարցին, թե արդյոք հնարավո՞ր է վերացվեն մեր հավաքականի երկու խաղացողների կարմիր քարտերը, ֆեդերացիայի նախագահի խորհրդականը ասաց, որ կարմիր քարտերը միեւնույն է ուժի մեջ կմնան: ՖԻՖԱ-ում քննարկվելու է միայն այն, թե քանի խաղ են որակազրկվելու մեր ֆուտբոլիստները:

Քննարկումների առիթ դարձավ նաեւ վերջին խաղին հավաքականի ֆիզպատրաստության հոլանդացի մարզիչ Ռայմոնդ Վերհեյնի բացակայությունը: Թվիթերի իր էջում նա գրել էր, որ անձնական խնդիրների պատճառով մեկնել է հայրենիք: Կվերադառնա՞ արդյոք Վերհեյնը հավաքական թե՞ ոչ, Մանուկյանը տեղյակ չէ: Այս պահին ֆիզպատրաստության մարզիչը ոչինչ չի հայտնել:

Այժմ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը պատրաստվում է աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Իտալիա խաղին: Հոկտեմբերի 12-ին «Հրազդան» մարզադաշտում տեղի ունենալիք խաղի նախապատրաստական աշխատանքները ընթացքի մեջ են, իսկ մարզական հավաքները կսկսվեն խաղից 3 օր առաջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG