Մատչելիության հղումներ

Մեկնարկում է Վահե Ավետյանի մահվան գործով դատավարությունը


Մոմավառություն «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ` ի հիշատակ Վահե Ավետյանի, Երեւան, 30-ը հունիսի, 2012թ.

Մոմավառություն «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ` ի հիշատակ Վահե Ավետյանի, Երեւան, 30-ը հունիսի, 2012թ.

Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հինգշաբթի օրը սկսվում է ռազմական բժիշկ Վահե Ավետյանի մահվան գործով դատավարությունը:

Հունիսի 17-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, գործարար, հանրապետական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում Վահե Ավետյանի նկատմամբ կիրառված բռնությունների հետեւանքով մահացած ռազմական բժիշկի գործով նախաքննությունը հապճեպ ավարտելու եւ մի շարք քննչական գործողություններ չիրականացնելու նպատակը, ըստ այս գործին հետամուտ քաղաքացիների եւ վերլուծաբանների, Հայրապետյանին պատասխանատվությունից ազատելն է եւ նրա հետ առնչություն ունեցող անձանց համար մեղմ պատիժներ ապահովելը:

Գործի քննության հետ կապված դժգոհությունների պատճառով բողոքի ակցիաները չեն դադարում: Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքի առջեւ այսօր նախատեսված են բողոքի ակցիաներ:

Վահե Ավետյանի իրավահաջորդի եւ մյուս տուժողների ներկայացուցիչ, փաստաբան Լուսինե Հակոբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ դատարանում այսօրվանից քննության առարկա հանդիսացող քրեական գործը թերի է։

«Գործը պատրաստ չէր դատարան մտնելու, եւ խախտումներն ակնհայտ էին», - ասաց Հակոբյանը։

Փաստաբանն իր գնահատականը հիմնավորեց նախաքննության ժամանակ Ռուբեն Հայրապետյանի հարցաքննության արձանագրության եւ նրա հրապարակային հայտարարությունների համադրությամբ։

«Որպես օրինակ ուղղակի նշեմ մի հատված. Ռուբեն Հայրապետյանը գործում ցուցմունք էր տվել, ցուցմունքը շատ հպանցիկ եւ մակերեսային էր` ընդամենը վերջում նա բավարարվել էր ասելով, որ դեպքի մանրամասներին տեղյակ չէ, մինչդեռ Les Nouvelles d’Armenie-ի թղթակցին բավական մանրամասներ է հաղորդում` մասնավորապես, ասելով, որ կռիվը սկսվել է մի մարդուց, ով ողջ կյանքում «հավի կյանքով է ապրել», եւ այդ մարդը վարորդն է», - նշեց Լուսինե Հակոբյանը` շարունակելով. - «Փաստորեն, Ռուբեն Հայրապետյանը Les Nouvelles d’Armenie-ի թղթակցին հայտնել էր տեղեկություն, որը չի հայտնել նախաքննության մարմնին»։

«Երբ ուսումնասիրում եք Ռուբեն Հայրապետյանի հարցաքննության արձանագրությունը, այնտեղ խիստ զարմանալի է, թե ինչքան քիչ հարցեր են նրան տրվել այդ կարեւոր գործի վերաբերյալ», - ընդգծեց փաստաբանը։

Հարցին` կա՞ն արդյոք հավելյալ փաստաթղթեր ու փաստեր, որոնք հնարավորություն կտային, ի վերջո, ստանալ պատասխանը, թե որ մեղադրյալը կոնկրետ ինչ գործողություն է իրականացրել, Լուսինե Հակոբյանը արձագանքեց. - «Գործի նյութերում կան, իհարկե, ցուցմունքներ, եւ նրանցից ոմանց որպես վկա հարցաքննելու ժամանակ տրված ցուցմունքները, այնուհետեւ` որպես կասկածյալ, եւ այդ ցուցմունքներից նույնպես ահագին բան է պարզվում։ Պարզապես արարքը, մենք բազմիցս շեշտել ենք, որ Վահե Ավետյանի մասով սխալ է որակվել, մեղադրանքը փոփոխության ենթակա է, խստացման ենթակա է»։

«Բոլոր հիմքերը կան, որ դուք դատարանում պիտի հասնեք դրան», - այս հարցադրմանը փաստաբանը պատասխանեց. - «Այո, այդ հիմքերը նույնիսկ այժմ ակնհայտ են»։

Նկատի ունենալով տուժող կողմի դժգոհությունները նախաքննությունից` արդյո՞ք դատարանը գործը կքննի բացառապես օրենքի սահմաններում, հաշվի չառնելով, թե ում է առնչվում այս գործը եւ ում է ձեռնտու կոծկելը` այս կապակցությամբ Լուսինե Հակոբյանը ասաց. - «Մենք դատարանից ակնկալում ենք, որ նա կգործի օրենքի շրջանակներում եւ այդ օրենքի շրջանակներում կանի հնարավորինս, որպեսզի գործը բացահայտվի եւ որպեսզի հանրության շրջանում արդեն իսկ ակնհայտ վստահության պակասը` նախաքննության մարմնի եւ դատախազության գործողությունների նկատմամբ, գոնե դատարանի ջանքերով այդ վստահությունը վերականգնվի եւ արդարությունը վերականգնվի»։

Այսօր մեկնարկելիք դատավարությունից արդարություն պահանջող հայտարարություններով է հեղեղված նաեւ Facebook սոցիալական ցանցը:

«Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» քաղաքացիական նախաձեռնությունը եւ «Վահե Ավետյան» հասարակական շարժումը դատավարության մեկնարկի կապակցությամբ բողոքի ակցիա կանցկացնեն դատարանի շենքի առջեւ:

«Վահե Ավետյան» հասարակական շարժման ներկայացուցիչ Գարեգին Չուքասզյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ հանրային վերահսկողությունը շարունակվելու է դատավարության ամբողջ ընթացքում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG