Մատչելիության հղումներ

Սեպտեմբերի 13-ի մամուլ


«Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. - «Սերժ Սարգսյանի բախտը դարձյալ բերեց։ Երկու օր առաջ Ալիեւը հայտարարեց, թե «Հայաստանի ծանր տնտեսական վիճակի պատճառն Ադրբեջանն է»։ Հիմա արդեն Հայաստանի իշխանությունները կարող են թեթեւացած շունչ քաշել, իբր` տեսնո՞ւմ եք, նույնիսկ թշնամիներն են ասում, որ այս վիճակի համար մենք ոչ մի մեղք չունենք։ Իսկ տնտեսության այս խայտառակ վիճակի ու արտագաղթի համար մեղավոր են առաջին հերթին մեր իշխանությունները: Հայաստանից տարեկան արտագաղթում է մոտ 100 հազար մարդ, եւ, պատկերացրեք, նրանցից ոչ մեկը չի ասում` որոշել եմ մշտապես հեռանալ երկրից, որովհետեւ Հայաստանը դուրս է մղվում Սեւծովյան տնտեսական համագործակցությունից, կամ` արտագաղթում եմ, որովհետեւ Կարս – Ախալքալաք երկաթուղու կառուցումից հետո Հայաստանի դերը տարածաշրջանում էապես կնվազի: Մարդիկ արտագաղթում են, որովհետեւ կառավարությունը օրումեջ ինչ-որ նոր հարկ է ավելացնում: Որովհետեւ ամեն օր կյանքը թանկանում է: Որովհետեւ օլիգարխները որեւէ մեկին հնարավորություն չեն տալիս բիզնեսով զբաղվել: Որովհետեւ ցանկացած պահի որեւէ պաշտոնյայի լակոտ կարող է իր թայֆայով հարձակվել ու հաշվեհարդար տեսնել ցանկացած մարդու նկատմամբ»:

Պատասխանելով «168 ժամ»-ի թղթակցի հարցին, թե Գյումրիում ընտրված քաղաքապետ, ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանը ի վերջո ՀՀԿ-ի՞, թե՞ ԲՀԿ-ի քաղաքապետն է, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը (ՀՀԿ) ասել է. - «Սամվել Բալասանյանը ԲՀԿ խորհրդի անդամ է, ԲՀԿ ղեկավար կազմի անդամ է: ԲՀԿ-ն մեզ համար օտար կուսակցություն չէ, թշնամի եւ հակառակորդ կուսակցություն չէ: Սամվել Բալասանյանին առաջարկել է Սերժ Սարգսյանը, իսկ առաջադրել է ԲՀԿ ղեկավար մարմինը: Այսինքն` հայոց լեզուն հարուստ է` մենք առաջարկել ենք, իրենք առաջադրել են»: Թերթը հիշեցնում է, որ ընտրություններից առաջ նախագահ Սերժ Սարգսյանը Շիրակ կատարած աշխատանքային այցի ժամանակ հայտարարել է, թե ինքն է Սամվել Բալասանյանին առաջարկել` առաջադրվել Գյումրիի քաղաքապետի ընտրություններում:

«Հայոց Աշխարհ»-ի թղթակիցը «Բարգավաճ Հայաստան»-ի խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանին հարցնում է. - « Ձեր գործընկեր Էլինար Վարդանյանը կայքերից մեկին ասել է, որ ԲՀԿ-ն միանալու է ՀԱԿ-ի ակցիային՝ ի պաշտպանություն ՀԱԿ-ի երիտասարդ ակտիվիստների։ Դա կուսակցության որոշո՞ւմն է»։ Պատասխան. - «Տիկին Վարդանյանի խոսքը, կարծում եմ, ճշգրիտ չի ներկայացվել։ Նա նկատի չի ունեցել, որ մենք մասնակցելու ենք ՀԱԿ-ի ակցիաներին՝ ասել է, որ ԲՀԿ-ն միշտ այնտեղ է լինելու, որտեղ կա մարդու իրավունքների խախտում, կա ոտնահարված շահ, կա ոտնահարված արժանապատվություն, լինի դա ՀԱԿ-ի, որեւէ այլ կուսակցության ներկայացուցիչ, թե ընդամենը ՀՀ շարքային քաղաքացի։ Ինքը խոսել է նաեւ որպես մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ՝ կոնկրետ դեպքում նկատի ունենալով ՀԱԿ-ի ակտիվիստ Տիգրան Առաքելյանի նկատմամբ կայացված դատավճիռը»։

«Հայկական ժամանակ»-ը նկատում է. - «Գագիկ Ծառուկյանը, Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ, գործուղման է մեկնել, բայց թե ուր եւ ինչու, հայտնի չէ: Սրա մասին հանրությունը երեկ տեղեկացել է Ս.Սարգսյանի մոտ հրավիրված անվտանգության խորհրդի նիստի մասին տարածված հաղորդագրությունից: Բանն այն է, որ ԱԽ անդամներից, ըստ այդ հաղորդագրության, նիստին մասնակցել են բոլորը, բացի երկու Գագիկներից` ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Ծառուկյան եւ ՍԴ նախագահ Հարությունյան: Նիստի սկզբում Ս. Սարգսյանն ասել է. «Ցանկանում եմ նշել նաեւ, որ ԱԽ այն անդամները, ովքեր այսօր ներկա չեն նիստին, գտնվում են գործուղման մեջ: Սա ասում եմ նրա համար, որպեսզի վաղվանից կամ այսօր երեկոյից սկսած` ավելորդ շահարկումներ չլինեն»: Ակնհայտ է, որ նա ցանկացել է պարզաբանել հատկապես Ծառուկյանի բացակայությունը, քանի որ «շահարկումները» եղել էին ԱԽ նախորդ նիստին նրա չմասնակցելուց հետո: ԲՀԿ մամուլի քարտուղար Տիգրան Ուրիխանյանը երեկ հրաժարվել է պատասխանել մեր թղթակցի հարցին, թե իր առաջնորդը ուր եւ ինչ նպատակով է մեկնել: Երեւում է, Ծառուկյանի գտնվելու վայրի մասին ամենատեղեկացվածը Սերժ Սարգսյանն է»:

«Ժամանակ»-ը, անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքին Ռուբեն Հայրապետյանի հարցազրույցին, գրում է. - «Ռոբերտ Քոչարյանը իր նախագահությունից հետո որեւէ անգամ չի փորձել սրել հարաբերությունը Սերժ Սարգսյանի հետ եւ դրսեւորել դա բացահայտորեն: Քոչարյանը մշտապես դժգոհել եւ տարբեր ակնարկներով ու խողովակներով իր անհամաձայնությունն է հայտնել Սարգսյանի վարած քաղաքականությանը, սակայն երբեք չի փորձել բացել նրա դեմ ճակատ եւ արտահայտված ձեւով ընդդիմանալ նրան: Այդ իմաստով դժվար է, իհարկե, միարժեք ասել, որ Սերժ Սարգսյանը Ռուբեն Հայրապետյանի հետ հարցազրույցի միջոցով կարողացավ հունից հանել Քոչարյանին եւ նրան մղել այդ բացահայտմանը, երբ իր ձեռքերն էլ զգալիորեն կարող են ազատ լինել Քոչարյանի հանդեպ: Բոլոր դեպքերում, Սարգսյանի եւ Քոչարյանի միջեւ պայքարը կարծես թե նորանոր հայտեր է ներկայացնում նախագահական ընտրարշավի առանցքային գիծը լինելու համար»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG