Մատչելիության հղումներ

Գյումրիում ավագանու յոթ թեկնածու վերահաշվարկ է պահանջել


Գյումրիում նախնական արդյունքներով արդեն հայտնի են քաղաքի ավագանու 21 անդամների անունները, սակայն դրանք կարող են փոփոխվել` հաշվի առնելով, որ թեկնածուներից յոթը ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմում-բողոք են ներկայացրել թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով:

Երեքշաբթի օրվանից սկսվել է վերահաշվարկը, բավականին աղաղակող խախտումներ են արձանագրվել: Պարզվել է, որ թիվ 34/28 ընտրատեղամասում թեկնածուներից Վարդան Եդիգարյանի օգտին քվեարկած 103 քվեաթերթիկները այլ թեկնածուների միջեւ եւ բաշխվել: Հենց այս թեկնածուի դիմում բողոքի հիման վրա էլ կատարվել է այս տեղամասի վերահաշվարկը, չնայած որ ընտրատարածքային հանձնաժողովը եւս փաստաթղթերը ուսումնասիրելիս անճշտություններ է արձանագրել, եւ 34/28 ընտրական տեղամասի պարկը բացվելու էր:

Թիվ 34 ԸԸՀ նախագահ Էդուարդ Բաղրամյանի կարծիքով` տեղ գտած խախտումը ոչ թե պատահական, այլ միտումնավոր է եղել:

«Միտումնավոր ձեւով ձայների տեղափոխություն է կատարվել: Սա վարչական պատասխանատվության խնդիր է, պատժելու խնդիր է առաջ գալիս, որովհետեւ հանձնաժողովը փաստորեն կարողացել է իր խախտման միջոցով ձայներ տեղափոխել», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Բաղրամյանը:

Նմանօրինակ խախտում հայտնաբերվել էր եւս մեկ տեղամասի վերահաշվարկի ժամանակ: Նախնական արդյունքներով արդեն հայտնի 21 ավագանու անդամների ստացած ձայների տարբերությունը հատկապես վերջին տասնյակում մեկը մյուսի նկատմամբ բավականին քիչ է: Այս հանգամանքը հաշվի առնելով` թեկնածուները ընտրությունների արդյունքները վերանայելու դիմում-բողոքներ են ներկայացնում ԸԸՀ:

Դիմում-բողոք ներկայացնող թեկնածուներից մեկը Գայանե Բիչախչյանն է, ով պահանջել է 20 տեղամասի վերահաշվարկ կատարել: Թեկնածուն պնդում է, որ 34/53 տեղամասի պարկը բաց է եղել: Հանձնաժողովի նախագահ Էդուարդ Բաղրամյանը չհերքեց պարկի բաց լինելու հանգամանքը, սակայն նշեց, որ դա ավելի շատ տեխնիկական խնդիր է եղել:

«Դա մենք արձանագրել ենք, բայց պարկը ամբողջությամբ բաց չի եղել, ընդամենը պարկի աջ հատվածն էր բաց, որը տեղափոխվելու արդյունքում էր եղել», - ասաց Բաղրամյանը:

Վերահաշվարկի գործընթացը այսօր բավականին լարված մթնոլորտում է սկսվել: Դիմում-բողոք ներկայացրած թեկնածուները վաղ առավոտ ընտրատարածքային ընտրատարածքային հանձնաժողով են եկել իրենց համակիրների հետ եւ պահանջել, որ ներկա գտնվեն վերահաշվարկին: Ընտրատարածքային հանձնաժողովը «Ազատություն» ռադիոկայանի այցելության պահին շրջապատված էր մեծ թվով մեքենաներով, դրսում մարդիկ էին կուտակված: Հանձնաժողովի դուռը փակ էր, եւ այն հսկում էին ոստիկանները:

«Ավագանու վերջին` 17-21-ի տեղերի ձայները տատանվում են ընդամենը 3-4-ով, մինչեւ 10 ձայնով: Սա արդեն իրենց մոտ փաստորեն կասկած է առաջացնում, որ հնարավորինս շատ տեղամասերում վերահաշվարկ կատարվեն: Խնդիրը սրանում է: Եթե ձայների տարբերությունը թեկնածուների միջեւ ավելի մեծ լիներ, դրա կարիքը հաստատ չէր առաջանա», - մանրամասնեց Էդուարդ Բաղրամյանը:

Վերահաշվարկը կշարունակվի մինչեւ սեպտեմբերի 14-ը, ժամը 14:00-ն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG