Մատչելիության հղումներ

logo-print

ՎՊ-ն հայտնաբերել է մոտ 1.5 մլրդ դրամի խախտումներ


Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը

Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը

Ըստ Վերահսկիչ պալատի (ՎՊ) հաշվետվության, անցած տարի անցկացված ստուգումների արդյունքում հայտնաբերվել է մոտ 1.5 միլիարդ դրամի խախտում, որից շուրջ 550 միլիոնը արդեն վերականգնվել է պետական բյուջե, իսկ մնացած մասը, ըստ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի, կվերականգնվի մինչեւ տարեվերջ:

Իշխան Զաքարյանը երեկվանից Ազգային Ժողովում ներկայացնում է պալատի 2011 թվականի տարեկան հաշվետվությունը, որի վերաբերյալ խորհրդարանի ամբիոնից տարբեր գնահատականներ հնչեցին:

Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանի խոսքով, առնվազն վերջին հինգ տարիներին Վերահսկիչ պալատը պետական կառավարման գրեթե բոլոր ոլորտներում հայտնաբերում է խախտումներ, որոնք գումարային արտահայտմամբ հասնում են միլիարդավոր դրամների, սակայն իրավապահ մարմինները` այդ թվում դատախազությունը, անհասկանալիորեն անտարբեր են այդ փաստերի նկատմամբ:

«Ինչի արդյունքում կա'մ արձանագրված փաստերը քրեաիրավական շարունակություն չեն ստանում, կա'մ էլ կառավարման ապարատի ստորին օղակների մեկ-երկու պաշտոնյա են մեղադրվում ու դատապարտվում ընդամենը», - հայտարարեց Ջհանգիրյանը` շարունակելով. - «Մինչդեռ կույրի համար էլ պարզ է, որ այդ օղակների պաշտոնյաները չէին կարող տնօրինել ու տիրապետել միլիարդավոր դրամների հասնող ֆինանսական միջոցները: Միլիոնավոր դրամների չարաշահումների փաստերը բազմաթիվ են, իսկ բարձրաստիճան մեղավորներ այդպել էլ չկան»:

Ընդդիմադիր պատգամավորն այնուհետեւ նշեց. - «Կարելի է գնալ կոռուպցիոն այս երեւույթներն ուսումնասիրող Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման ճանապարհով, ինչպես առաջարկում են ընդդիմության մեր գործընկերները: Խնդիրի քննարկման այս փուլում ընդունելի ենք համարում նաեւ Ազգային ժողովի նախագահի կողմից խորհրդարանական լսումների հրավիրումը»:

«Ժամանակն է վերջ տալու պետական միջոցների անհագուրդ թալանին եւ անպատժելիությանը», - եզրափակեց Գագիկ Ջհանգիրյանը:

Վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվության մասին իր դիտարկումները ներկայացրեց նաեւ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը` հիշեցնելով իրենց կուսակցության պահանջը` մեծացնել վերահսկողություն իրականացնող մարմիններում քաղաքական ընդդիմության դերակատարությունը. - «Եթե Վերահսկիչ պալատում լինեին նաեւ մարդիկ, ովքեր առաջադրված կլինեին նաեւ քաղաքական ընդդիմության կողմից, հավատացեք` շատ ավելի արդյունավետ քննարկում կարող էր տեղի ունենալ: Նաեւ պառլամենտին եւ հասարակությանը շատ ավելի հիմնավոր մոտեցումներ կներկայացվեին»:

Մինասյանը կարծում է, որ Վերահսկիչ պալատը պետք է ստուգումներ իրականացնի նաեւ 50 տոկոսից պակաս պետական բաժնեմաս ունեցող ընկերություններում: Օրենքը, սակայն, նման բան չի նախատեսում:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հարցին, թե ինչ սկզբունքով են ուսումնասիրությունների արդյունքում բացահայտված խախտումներն ուղարկվում դատախազություն, Վերահսկիչ պալատի նախագահը պատասխանեց. - «Մեր օրենքում ասվում է` քրեաիրավական բնույթի կասկածների դեպքում: Իհարկե, դեռեւս պիտի որակել` որն է կասկածը, կամ արդյո՞ք քրեաիրավական բնույթի կասկածներ կան: Տնտեսական դաշտի հանցագործությունների հետ կապված մեր օրենսդրությունը բավականին հումանիստական բաներ ունի իր մեջ, բավականին «լղոզիկ» հոդվածներ կան: Եվ կարծում եմ, այստեղ օրենսդրական փոփոխությունների խնդիր էլ պետք է լինի»:

Ինչ վերաբերում է Դաշնակցության պահանջին, որ Վերահսկիչ պալատում ընդգրկված լինեն նաեւ քաղաքական ընդդիմության ներկայացուցիչներ, ապա Իշխան Զաքարյանը դա բացարձակապես անընդունելի է համարում` փաստարկելով. - «Որովհետեւ Վերահսկիչ պալատը անկախ մարմին է: Քաղաքական որեւէ գործընթացից պետք է Վերահսկիչ պալատը դուրս մնա»:

Զաքարյանը նաեւ փոխանցեց, որ նախագահ Սերժ Սարգսյանն առաջարկել է 2013 թվականի հունվարից անցնել պետական բյուջեի օպերատիվ հսկողությանը, ասել է թե` կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել, այլ ոչ թե սպասել, որ պետական միջոցները վատնվեն, հետո արդեն ուսումնասիրություններով պարզել այդ ամենը:
XS
SM
MD
LG