Մատչելիության հղումներ

Գիտպետկոմի նախագահն արձագանքում է Իշխան Զաքարյանի ելույթին


Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը:

Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը:

Կրթության եւ գիտության նախարարության Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը, արձագանքելով Ազգային ժողովում Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի ելույթին` ասաց, որ երեկ ներկայացվածը 2008-2010 թվականների ստուգման արդյունքներն էին:

Իշխան Զաքարյանը երեկ իր ելույթում նշել էր, որ գիտության ոլորտում հայտնաբերվել են թեմատիկ եւ բազային ծրագրերի կրկնություններ եւ անօրինական ծախսված 32 մլն դրամ:

«Հիմնարար գիտական հետազոտությունների իրականացման ծրագրերը ֆինանսավորվել են` անտեսելով փորձաքննության գործընթացը: Բացասական փորձագիտական եզրակացություն ստացած որոշ գիտական թեմաներ ներառվել են ֆինանսավորման ենթակա թեմաների ցանկում եւ ստացել համապատասխան ֆինանսավորում: Պայմանագրերում հիմնարար հետազոտությունների իրականացման եւ ակնկալվող արդյունքների վերաբերյալ պարտավորություններ սահմանված չեն», - նշել էր Զաքարյանը:

Այսօր հրավիրած ասուլիսում Սամվել Հարությունյանն ասաց, որ մինչեւ 2008 թվականը գիտության ոլորտում կուտակվել էին բազմաթիվ խնդիրներ, 2008-ին ստեղծվել է կոմիտեն եւ սկսել է զբաղվել դրանց լուծմամբ:

«Թեմատիկ ու բազային ծրագրերի կրկնության մասին մենք տեղյակ ենք եղել եւ զեկուցել ենք դրա մասին նաեւ վարչապետին», - ասաց Հարությունյանը: Նա հիշեցրեց, որ 1993-ից ՀՀ-ում ընդունված է եղել միայն թեմատիկ ծրագրերի ֆինանսավորումը, բազային ֆինանսավորում չի եղել, Իսկ 2005-ին հայտարարվել է, որ ծրագրերի ուղղությամբ ծախսվող գումարների 60 տոկոսը լինելու է բազային, 40 տոկոսը` թեմատիկ:

Այսօր արդեն թեմատիկ փոքր ծրագրերի ֆինանսավորում չկա: Թեմաների կրկնությունն արդեն բացակայում է:

«Ստուգումները մեզ համար էլ օգտակար էին», - ասաց Հարությունյանն ու հավելեց, որ հայտնաբերված բոլոր խախտումները 2010-ի վերջին վերացվել են:

Անդրադառնալով Գիտպետկոմի աշխատանքներին` Հարությունյանն ասաց, որ 2012-ին կոմիտեի գործունեության հիմնական ուղղություններն են եղել գիտական ծրագրերի ֆինանսավորման մրցույթները: Գիտության պետական կոմիտեն այս տարի առաջին անգամ անցկացրել է մրցույթ նաեւ հումանիտար ոլորտում: Կոմիտեն մինչեւ տարեվերջ նախատեսում է անցկացնել երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների աջակցության մրցույթ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG