Մատչելիության հղումներ

ԵՊՀ-ն հրաժարվեց հյուրընկալել Հունգարիայում գործող համալսարանի կոնֆերանսը


ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:

Հունգարիայի մայրաքաղաքում տեղակայված Կենտրոնական Եվրոպական համալսարանը (CEU) պատրաստվում էր կոնֆերանս անցկացնել Երեւանում «Հարավային Կովկասը եւ հարեւանները» թեմայով, որը հյուրընկալելու էին Երեւանի պետական համալսարանն ու Մատենադարանը: Հայաստանի եւ Հունգարիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների կասեցումից հետո, սակայն, ԵՊՀ-ն հրաժարվեց հյուրընկալել կոնֆերանսը:

«Սա մեր յուրատեսակ բողոքի ակցիան էր վերջին զայրացուցիչ իրադարձությունների հետ կապված: Մենք այդ քայլին գնացել ենք` հասկանալով, որ հունգարացիներից բացի, այլ մասնակիցներ էլ կան, բայց մեր եւ Մատենադարանի պայմանավորվածությունը` այդ կոնֆերանսը անցկացնելու, եղել է հունգարացիների հետ», - նշեց ԵՊՀ-ի ռեկտոր Արամ Սիմոնյանը:

Կոնֆերանսի կազմակերպիչներից Իշտվան Պերցելը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ կոնֆերանսի 32 մասնակիցներից միայն երկուսն էին հունգարացի: Բոլոր մյուս մասնակիցները հրավիրված էին աշխարհի տարբեր հեղինակավոր գիտական հաստատություններից՝ որպես ծրագրի մասնակիցներ կամ խորհրդատուներ, որպեսզի Երեւանում համատեղ աշխատեին հայագիտական առարկաների դասավանդման ձեռնարկի վրա:

Հունգարացի գիտնականին զարմացրել է Երեւանի պետական համալսարանի որոշումը. - «Իմ կարծիքով, հունգարական կառավարությունը սարսափելի սխալ է կատարել՝ Սաֆարովին արտահանձնելով Ադրբեջանին: Ես հասկանում եմ, թե ինչու է ՀՀ նախագահը, հուսանք ժամանակավորապես, կասեցրել է դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ, բայց չեմ հասկանում՝ ինչու է քաղաքականությունը ներխուժել գիտական համագործակցության ոլորտը»:

Կոնֆերանսը, այդուհանդերձ, կայացել է Երեւանի հյուրանոցներից մեկում:

«Տոմսերի համար արդեն վճարել էինք, ամեն ինչ արդեն կազմակերպված էր, հյուրերի մի մասն արդեն ժամանել էր Հայաստան, հետո պարզվեց այն չեղյալ է հայտարարվել: Այդ պատճառով կոնֆերանսը անցկացրինք հյուրանոցում, մեր բոլոր հայ գործընկերները մասնակցեցին կոնֆերանսին, որն անցավ շատ արդյունավետ», - նշեց Պերցելը:

Նա նաեւ հայտնեց, որ ծրագրի 2-րդ մասը ենթադրում է մի քանի համալսարանների, այդ թվում ԵՊՀ-ի միջեւ հայագետ դասախոսների փոխանակում նույն CEU-ի ֆինանսական միջոցներով: Պերցելը մտավախություն ունի, որ փոխանակումը կարող է խափանվել:

Ծրագրի հայաստանյան համակարգող Էռնա Շիրինյանը նույնպես անհանգստացած է ծրագրի ապագայով. - «Այն փաստը, որ մենք դասագիրք ենք ունենալու, որի մեջ պետք է մտցված լինի հայկական նյութը եվրոպական համալսարանների համար, շատ մեծ ձեռքբերում է, եւ ես շատ էի վախենում, որ կարող է չկայանալ»:

«Կոնֆերնասի չեղյալ հայտարարելը ցավալի է մի քանի պատճառներով, նախ որովհետեւ դա ակադեմիական կոնֆերանս էր, քաղաքականության հետ ոչ մի կապ չունեցող: Երկրորդ պատճառն այն է, որ այդ բուհը միջազգայնորեն ճանաչված է, ու պարտադիր չէ այն ընկալել որպես հունգարական բուհ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց ԵՊՀ-ում դասավանդող քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը:

Նրա կարծիքով, Հայաստանում չկա ակադեմիական, կրթական եւ քաղաքական հաստատությունների միջեւ հստակ բաժանում, իսկ ակադեմիական հաստատությունները չունեն բավարար անկախություն եւ ինքնուրույնություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG