Մատչելիության հղումներ

Շարմազանով. «Թուրքիան հովանավորում է հայատյացությունը»


Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ, իշխող Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը այսօր Թուրքիային մեղադրել է հայատյացությունը եւ ռասիզմը հովանավորելու մեջ։

Մեկնաբանելով երեկ Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի արած հայտարարությանը, թե Ղարաբաղի հարցում պաշտոնական Անկարան շարունակելու է աջակցել Ադրբեջանին, Շարմազանովը ասել է. - «Մինչ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկրներ ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Ֆրանսիան եւ միջազգային բազմաթիվ հեղինակավոր կազմակերպություններ քննադատում եւ դատապարտում են Ադրբեջանի իշխանությունների հակամարդկային եւ անբարո քայլը, Թուրքիայի վարչապետը սատար է կանգնում Ադրբեջանին եւ հրապարակավ հայտարարում դրա մասին: Դեպի Եվրամիություն ձգտող Թուրքիայի վարչապետի այս հայտարարությունն ապացուցում է, որ ի դեմս այս պետության՝ միջազգային հանրությունը գործ ունի բացեիբաց հայատյացություն եւ ռասիզմ հովանավորող երկրի հետ: Սրանից պարզ է դառնում, թե ինչու է ոճրագործ Սաֆարովը տարբեր գործիքներով մարդ սպանելու հնարքները սովորել Թուրքիայի կողմից օկուպացված Հյուսիսային Կիպրոսի ռազմաբազաներում»:

«Թուրքիան եւ Ադրբեջանը, կարծում եմ, չեն մոռացել, որ չնայած Արցախյան հերոսամարտի տարիներին Թուրքիայի կողմից Ադրբեջանին հատկացված ռազմական եւ ֆինանսական լուրջ օժանդակությանը` արցախահայությունը հաղթանակեց այդ պատերազմում` ապացուցելով ազատ եւ անկախ ապրելու, սեփական ժողովրդի ճակատագիրը միանձնյա տնօրինելու իր վճռականությունը», - հայտարարել է Շարմազանովը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG