Մատչելիության հղումներ

logo-print
Երեքշաբթի օրը ուշ երեկոյան Հալեպի օդանավակայանի ճանապարհին ապստամբների կրակոցներից զոհվել է 4, վիրավորվել 11-ը սիրիահայ:

Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանի փոխանցմամբ` կրակոցներ արձակողները մի քանի ավտոմեքենայով են եղել, օդանավակայանի ճանապարհին սկսել են կրակոցներ արձակել դեպի տուն շտապող հայերի ուղղությամբ: Օգնության է հասել կառավարության զորքը` փրկելով մնացածներին:

Արտաքին գործերի նախարարության տվյալներով, զոհվածներն են` Հարութ Սուվարյանը, Արսեն Փեփեջյանը, Հրաչ Փեփեջյանը եւ Մեսրոպ Աճեմյանը:

Սիրիահայ Րաֆֆի Թաշճյանի տվյալներով, զոհվածներից երեքը Հայաստանից էին մեկնել Հալեպ, իսկ չորրորդ զոհը` Արսեն Փեփեջյանը դիմավորելու էր գնացել որդուն` Հրաչ Փեփեջյանին:

Րաֆֆին այսօր կապ է հաստատել Հալեպի հայկական թաղամասերում պարեկություն անող հայերի հետ, ովքեր փոխանցել են, որ 11 վիրավորների վիճակը արդեն լավ է, նրանք գտնվում են ֆրանսիական հիվանդանոցում:

«Սիրիական ավիաուղիներ»-ին պատկանող ինքնաթիռը երեքշաբթի օրը Հալեպից Հայաստան բերեց 145 ուղեւորի, Հալեպ տեղափոխեց մոտ 100 ուղեւորի, որոնք էլ Հալեպում ընկան կրակահերթերի տակ: Հայաստան եկածներն «Ազատություն» ռադիոկայանին պատմում էին, որ կրակոցները արդեն լսելի են հայաշատ թաղամասերում, հատկապես Նոր Գյուղ թաղամասում:

Այսօր օրվա վերջին Հայաստանի արտգործնախարարության խոսնակը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ Հալեպում կրակոցից զոհվել է նաեւ հայազգի Ժորժ Թոփալակյանը։

Սիրիայի կառավարական զորքերի եւ նախագահ Բաշար ալ-Ասադի հրաժարականը պահանջող ապստամբների միջեւ բախումները երկու ամսից ավելի է տեղափոխվել են հայաշատ Հալեպ քաղաք:

Սիրիահայերից ոմանք պատմում են, որ վերջին շրջանում հայաշատ Նոր Գյուղ թաղամասում ապստամբների ներկայության պատճառով շատ հայեր լքել են իրենց բնակարանները` տեղավորվելով այլ թաղամասերում: Ընդհանուր առմամբ, Երեւան տեղափոխված հալեպահայերն ասում են, որ Հալեպում շատ շինություններ են ավերված, քաղաքում առաջին անհրաժեշտության ապրանքների սղություն կա:

Սիրիական ճգնաժամի հետեւանքով հայկական համայնքի կորուստները հասնում են երկու տասնյակի:
XS
SM
MD
LG