Մատչելիության հղումներ

Հայաստանի խորհրդարանը երեքշաբթի օրը ձայների 97 կողմ, 2 դեմ եւ 7 ձեռնպահ հարաբերակցությամբ վավերացրեց 2011 թվականի հոկտեմբերին Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ անդամ ութ երկրների միջեւ ստորագրված «Ազատ առեւտրի գոտու մասին» պայմանագիրը:

Հայաստանի տնտեսագիտական շրջանակներում ոչ միանշանակ ընդունված այդ փաստաթղթով նախատեսում է ազատ առեւտրի ռեժիմ սահմանել պայմանագրին միացած երկրների միջեւ: Այն ենթադրում է տնտեսական գործակցության դյուրացում եւ մաքսատուրքերի՝ ավելի քան 90 տոկոսի զրոյացում: Ազատ առեւտրի գոտի ստեղծելու մասին պայմանագիրը ստորագրել են Հայաստանը, Ռուսաստանը, Ուկրաինան, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը, Մոլդովան եւ Ուզբեկստանը:

Փաստաթուղթը ներկայացնելով պատգամավորներին` էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը նշեց, թե «կարեւորագույն այդ համաձայնագրի շրջանակներում ձեւավորվում է մի առեւտրատնտեսական համակարգ, համաձայն որի` այն ստորագրած երկրների միջեւ իրականացվելու է ազատ առեւտուր` առանց մաքսերի»:

Օրերս «Ազատ առեւտրի գոտու մասին» պայմանագրի խիստ քննադատությամբ էր հանդես եկել Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Նախկին վարչապետը համարում է, որ փաստաթուղթը ստորագրելուց առաջ նախ հարկ էր լավ ուսումնասիրել, թե ինչ մաքսային բացառություններ է այն նախատեսում: Բագրատյանը կոնկրետացնում է` Հայաստանը ազատ առեւտրային հարաբերությունների առումով միայն մեկ բացառություն ունի, որը վերաբերում է ծխախոտի ներմուծմանը: Մինչդեռ, ըստ Բագրատյանի, ստորագրած այլ երկրների սահմանած բացառությունները բազմաթիվ են, հարյուրներ, ինչն անմիջապես Հայաստանը դնում է ոչ շահեկան վիճակի մեջ:

«Եվ պայմանագրով Ռուսաստանը, կամ Ղազախստանը. կամ Ուկրաինան, կամ Բելառուսը խոսք են տալիս այդ բացառությունները մեր նկատմամբ վերացնել. ես ուզում եմ հասկանալ` այս պայմանագիրը ստորագրելով մենք անմիջապես բացո՞ւմ ենք սահմանները, կորցնում ենք այն, ինչ կորցնում էինք արտահանում-ներմուծում անելուց, բայց շարունակելու ենք եւս 2-3 տարի, ենթադրենք Ղազախստանին մուծել այն բացառությունները, որ նրանք ունեն: Ինչի՞ համար», - հարցնում է Բագրատյանը, ում մտահոգում է նաեւ այս փաստաթղթի քաղաքական հետեւանքները, քանի որ այն, ըստ նրա, ճանապարհ է հարթում դեպի ապագա Մաքսային միություն:

ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը Հրանտ Բագրատյանի հիշատակած «բազմաթիվ բացառություններ» արտահայտության փոխարեն շատ ավելի մեղմ ձեւակերպում է օգտագործում՝ «փոքրիկ սահմանափակումներ»: Դրանք էլ ժամանակի ընթացքում կվերացվեն, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասում է հանրապետական պատգամավորը:

«Կան փոքրիկ սահմանափակումներ, որոնք ժամանակային տեսակետից ունեն վերացման տենդենց, եւ որոնք հիմնականում երկկողմ են: Որոշ ժամանակ անց որեւէ սահմանափակում չի լինելու, եւ մեր ապրանքները իրացվում են ԱՊՀ տարածքում ճիշտ այն ռեժիմներով, ինչով որ տվյալ երկրի արտադրողն է իրացնում: Բնականաբար, նույն իրավիճակը տարածվելու է նաեւ Հայաստանում իրացվող ապրանքների համար», - ասաց Մինասյանը:

Ինչ վերաբերում է Մաքսային միությանը` Հայաստանի միանալու հեռանկարին, ապա, ըստ Գագիկ Մինասյանի, այդ հարցում կան քննարկման կարոտ բազմաթիվ խնդիրներ, որոնք մեծապես դժվարացնում են նման հեռանկարի հնարավորությունը: Տնտեսական բնույթի այդ խնդիրներից զատ, Մինասյանի խոսքով, առկա է առավել բարդ՝ քաղաքական խոչընդոտ:

«Այսօր Հայաստանի Հանրապետություն եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ընդհանուր մաքսային տարածքում են գտնվում, ունեն նույն դրամական միավորը, նույն օրենսդրական դաշտը, եւ նույնիսկ եթե զուտ քաղաքական խնդիրները մի կողմ ենք դնում, ապա երբ Հայաստանին հրավիրում են ընդհանուր մաքսային տարածք, ապա արդյոք դա վերաբերո՞ւմ է Լեռնային Ղարաբաղին, թե՞ ոչ: Ոչ մեկը չի գնա այն քայլին, որպեսզի Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջեւ մաքսային սահման քաշվի: Իսկ եթե հրավիրում են, ապա հարցեր են առաջանում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանները դառնո՞ւմ են արդյոք այդ ընդհանուր մաքսային տարածքի սահման», - հարցնում է Մինասյանը:

Հայ հեղափոխական դաշնակցություն խորհրդարանական խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, գնահատելով «Ազատ առեւտրի գոտու մասին» պայմանագիրը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ իրենք սկզբունքորեն կողմ են բոլոր այն համաձայնագրերին, որոնք Հայաստանին տալիս են ընտրության հնարավորություն, ու նաեւ չեն հակասում տարբեր ուղղություններով` Եվրամիություն, թե ԱՊՀ, Հայաստանի ձեռնարկած գործողություններին: Այս առումով, ըստ Վարդանյանի, հիմնական խնդիրը հետեւյալն է. - «Հայաստանը պիտի կարողանա այնպիսի տնտեսություն եւ այնպիսի երկիր դառնալ, որ երբեք չզրկվի ինքնուրույն որոշումներ կայացնելու հնարավորությունից: Այսինքն անհրաժեշտ պահին մենք պիտի կարողանանք մեր ժողովրդի շահերից բխող ինքնուրույն որոշում կայացնել»:
XS
SM
MD
LG