Մատչելիության հղումներ

logo-print

Կոնգրեսականները շարունակում են դատապարտել Բաքվի քայլը


Ամերիկացի կոնգրեսականների կողմից գրեթե ամեն օր նոր հայտարարություններ են հրապարակվում, որոնցում մտահոգություն է արտահայտվում ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնման, ներման եւ փառաբանման ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի վրա դրա վնասակար ազդեցության կապակցությամբ։

Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի փոխանցմամբ, մասնավորապես, Կոնգրեսում շրջանառվող` Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի նախագծի համահեղինակ, Իլինոյս նահանգը ներկայացնող հանրապետական Ռոբերտ Դոլդը շաբաթասկզբին «խորապես մտահոգիչ» է որակել Հունգարիայի կողմից Սաֆարովի արտահանձնումը եւ Ադրբեջանի նախագահի կողմից մարդասպանի փառաբանումը` նշելով, որ «լարվածությունը նվազեցնելու փոխարեն, այս ակտը ի ցույց է դնում աղաղակող քամահրանք հաշտեցման եւ խաղաղության գործընթացի նկատմամբ»։

Հայամետ սենատոր, դեմոկրատ Ռոբերտ Մենենդեսը հայտարարել է, որ «սարսափած» է Սաֆարովի էքստրադիցիայի ու ներման փաստից, իր վրդովմունքն ու խորշանքն է հայտնել այն ընդունելության կապակցությամբ, որին Սաֆարովը արժանացավ Ադրբեջան վերադառնալով։ Սենատորը պաշտոնական Բուդապեշտին կոչ է արել պահանջել մարդասպանի վերադարձը Հունգարիա եւ ապահովել նրա կողմից պատժի հետագա կրումը։

Պաշտոնական Բաքվի քայլը դատապարտել են նաեւ դեմոկրատ կոնգրեսականներ Ջոն Սարբանեսը եւ Ջեֆ Դենհամը եւ հանրապետական Դեւին Նունեսը` միանալով ավելի վաղ նույնպիսի հայտարարություններով հանդես եկած իրենց մոտ մեկ տասնյակ գործընկերներին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG