Մատչելիության հղումներ

Գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելու «լավ ժամանակ չենք ընտրել»


Դրամատուրգ, արձակագիր Կարինե Խոդիկյանի համոզմամբ` Երեւանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու համար լավ ժամանակ չի ընտրվել:

Խոդիկյանը վերհիշեց, որ տարիներ առաջ առիթ է ունեցել Ֆրանսիայի քաղաքներից մեկում մասնակցել գրական համաժողովի, եւ քաղաքը տոնական շունչ էր ստացել բնակիչների անմիջական մասնակցության շնորհիվ:

«Տոնի համար շատ բան է պետք», - «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասաց Խոդիկյանը` շարունակելով. - «Ես զարմացա, երբ այս տարի [Երեւանը] ընտրվեց գրքի [համաշխարհային] մայրաքաղաք, որովհետեւ վերջին այս տարիները որեւէ բանով աչքի չէին ընկել: Միակ հանգամանքը` մենք պիտի շնորհակալ լինենք 1512 թվականին [հայ գրատպության սկզբին]»:

Իսկ այսօր, նրա համոզմամբ, ընդամենը «ցույց տրվեց մեր այսօրվա ընթերցողի անտարբերությունը, համաշխարհային գրական պրոցեսներին անմասնակից լինելը». - «Գրքի համաշխարհային մայրաքաղաքի մեր ժամանակը ճիշտ ընտրված չէր»:

Կարինե Խոդիկյանի համոզմամբ` միջոցառումները ընդամենը արձանագրում են եղածը. - «Միջոցառումը լակմուսի թուղթ է: Այս դեպքում միջոցառումը` արդեն միջազգային չափանիշներով ցույց տվեց, որ մենք այսօր գրքի մայրաքաղաք չենք: Գրքի մայրաքաղաք լինելու համար պիտի սկսվի դպրոցից, մանկապարտեզից, նախակրթարանից: Պիտի գրքի նկատմամբ վերաբերմունք լինի, պիտի եթերը մաքուր հայերենով լինի: Պիտի գրքի նկատմամբ այն վերաբերմունքը լինի, որ գրախանութները դառնան պետական ծրագրի մասնիկ»:

Խոդիկյանը ընդգծեց գիրքը գովազդելու կարեւորությունը. - «Իսկ այսօր գրքի գովազդը ամենավերջին գործն է, որը անտեսված է բոլորի կողմից»:

«Եթե պետության անվտանգության մարտավարության մեջ մտնում է ազգը պահելու, ազգային դիմագիծը չկորցնելու եւ 22-րդ դարին հասնելու խնդիր, ապա հենց գրքի գովազդ կոչվածը պետք է անպայման լինի այդ բաղկացուցիչներից մեկը», - եզրափակեց Կարինե Խոդիկյանը:
XS
SM
MD
LG