Մատչելիության հղումներ

«Բարգավաճ Հայաստանը» կուսակցության (ԲՀԿ) պահանջով այսօր վերահաշվարկ է կատարվում Մասիս քաղաքի բոլոր 9 ընտրատեղամասերում:

ԲՀԿ-ն երկուշաբթի օրը բողոք էր ներկայացրել թիվ 16 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով` պահանջելով վերահաշվարկել կիրակի օրը Մասիսում անցկացված քաղաքապետի ընտրության քվեարկության արդյունքները:

Մասիսում նախնական արդյունքներով քաղաքապետ է ընտրվել Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Սաշա Հակոբյանը: Նա 550 քվե ավելի է ստացել Մասիսի փոխքաղաքապետ, ԲՀԿ թեկնածու Կարապետ Օհանյանից:

Հայաստանի ավելի քան 370 համայնքներում կիրակի օրը կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում, ըստ նախնական արդյունքների, գերիշխող դիրքում է Հանրապետական կուսակցությունը: ՀՀԿ-ի տվյալներով` իրենց թեկնածուները հաղթել են 240-ից ավելի համայնքներում:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները ստացել են 26 վերահաշվարկի դիմում, որից միայն մեկն է վերաբերում քաղաքային համայնքի ընտրություններում համայնքի ղեկավարի արդյունքների վիճարկմանը: 15 դիմում առնչվում է գյուղական բնակավայրերի համայնքի ղեկավարի արդյունքների վերահաշվարկին, 11 դիմում էլ` ավագանու անդամի ընտրությունների արդյունքների վերահաշվարկին:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ԲՀԿ ղեկավար անդամ, ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը փոխանցեց, որ ՏԻՄ ընտրություններն անցել են օրինազանցության ու խախտումների մթնոլորտում:

«Պարզվում է օքսիդացող կնիքները ընդամենը տեխնիկական խնդիր են: Ասենք, հինգ հոգի մտնում են ընտրատեղամաս, ասում են` չորսը վատ են տեսնում, ի՞նչ պիտի անես, Ընտրական օրենսգիրքը դա չի կարգավորում… այնպիսի օրինազանցություններ, որոնք անապացուցելի են», - բազմաթիվ համայնքներում իրենց արձանագրած խախտումները թվարկեց Զոհրաբյանը:

Զոհրաբյանն ասում է, որ մատնանշված խախտումներից հետագայում խուսափելու համար իրենք մտադիր են Ընտրական օրենսգրքում որոշակի փոփոխությունների օրինագիծ նախաձեռնել:

Մասիսն անցած չորս տարիներին ղեկավարել էր ԲՀԿ-ի մեկ այլ ներկայացուցիչ Դմիտրի Նազարյանը: Նա, ինչպես նաեւ ԲՀԿ-ական Ավետիք Դալլաքյանը ինքնաբացարկ հայտնեցին, իսկ կուսակցությունն այս ընտրություններում պաշտպանեց Մասիսի փոխքաղաքապետի թեկնածությունը: Բայց քվեարկության արդյունքում հաղթեց ոչ թե Մասիսի վարչական ռեսուրսներին տիրապետող ԲՀԿ-ն, այլ իշխող ՀՀԿ-ն:

Այս, ինչպես նաեւ այն հանգամանքը, որ Հայաստանի 17 քաղաքներում նախնական արդյունքներով ԲՀԿ-ն միայն երկու քաղաքում է հաղթել` Գյումրիում եւ Սիսիանում, քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը համարում է ԲՀԿ թուլացման ազդանշան:

«Եթե ԲՀԿ-ն չկարողանա ինչ-որ կրեատիվ գործունեություն իրականացնել, ապա կամաց-կամաց կսկսվի նրա թուլացման պրոցեսը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Բադալյանը` հավելելով, թե «տարօրինակ կլիներ, որ ԲՀԿ-ն Գյումրիում չհաղթեր», երբ ԲՀԿ-ական թեկնածու Սամվել Բալասանյանին սատարում էր նաեւ Հանրապետական կուսակցությունը:

Սիսիանում ԲՀԿ-ի հաղթանակը Բադալյանը պայմանավորում է գործող ԲՀԿ-ական քաղաքապետի եւ նրա մրցակիցների գործոններով: Սիսիանում վերընտրված ԲՀԿ-ական Աղասի Հակոբջանյանի մրցակիցներից մեկը դաշնակցական էր, մյուսը` անկուսակցական:

Բադալյանը կարծում է, որ Հայաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ գոյություն չունեն: Նա ասում է` դրանք անձնավորված են, մարդիկ ընտրում են նրան, ումից կախում ունեն, ում ճանաչում են, կամ ով իրենց կաշառում է: Քաղաքական բաղադրիչն այստեղ դեր չունի, նկատում է Բադալյանը:

«Այս ընտրությունները կարող ենք բնորոշել որպես քաղաքական դիզայնով վարչատնտեսական խմբավորումների անձնավորված պայքարը, ինչը նշանակում է, որ պայքարում էին այս կամ այն մարդուն պաշտոն տալու համար. այդ մարդիկ հիմնականում Հանրապետական կամ Բարգավաճ վարչատնտեսական խմբավորումների անդամ էին, եւ դրանք էլ հանդես էին գալիս քաղաքական դիզայնով, այն է կուսակցական տոմսերով», - ասում է Բադալյանը:
XS
SM
MD
LG